Գործադիրը լռում է պարտադիր բաղադրիչն օրենքից հանելուց, բայց խոսում «Դ!ԵՄ ԵՄ»-ի հետ հանդիպման մասին

Գործադիրը լռում է պարտադիր բաղադրիչն օրենքից հանելուց, բայց խոսում «Դ!ԵՄ ԵՄ»-ի հետ հանդիպման մասին

PanARMENIAN.Net - Վերանայվելո՞ւ է, թե՝ ոչ, կամ հանվելո՞ւ է, թե՝ ոչ պարտադիր բաղադրիչը կուտակային կենսաթոշակների մասին օրենքից, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանին հարցրեց ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը։

«Պատրաստ ենք աշխատելու «Դ!ԵՄ ԵՄ»-ի հետ՝ շտկելու օրենքում առկա բացերը, բայց չեմ կարծում, որ անհրաժեշտ է նախապայմանների լեզվով խոսել․ «Դ!ԵՄ ԵՄ»-ի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կքննարկենք բոլոր հարցերը, որոնք փոփոխման ենթական են, ու կաշխատենք գտնել փոխըմբռնման եզրեր։ Կարծում եմ, այդ հանդիպումը պիտի կայանա ՍԴ որոշումից հետո, որ բոլոր սահմանները հստակ լինեն»,- պատասխանեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը։

Մարտի 19-ի Կառավարության նիստին, վարչապետ Տիգրան Սարգսյանը «Դ!ԵՄ ԵՄ»-ին երկխոսության կոչ էր արել․ «Հայտարարում ենք՝ պատրաստ ենք երկխոսության, որովհետև դիրքորոշումը՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, անընդունելի է ինչպես մեզ համար, այնպես էլ քաղհասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդների համար»,- նշել էր գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ ընդունում են՝ օրենքները, մանավանդ ամենաբարդ ռեֆորմին վերաբերողները, չեն կարող լինել առանց թերությունների։ Նրա խոսքով, ճիշտ ճանապարհը երկխոսությունն է, որով էլ «Դ!ԵՄ ԵՄ»-ի կոչ են անում շարժվել։

Ավելի ուշ «Դ!ԵՄ ԵՄ»-ն արձագանքել էր երկխոսության կոչին՝ նշելով, որ շարժումը միշտ կարևորել ու արժևորել է այդ ճանապարհը, ինչն «ապացուցել են իրենց պահվածքով»՝ մինչև ՍԴ-ի գործընթաց սկսելը։

Ողջունելով վարչապետի առաջարկը, քաղնախաձեռնությունը նշել էր, որ պատրաստ կլինեն երկխոսության, երբ հստակ հաղորդագրություն լինի, որ պարտադիր բաղադրիչն օրենքից վերացնելու պատրաստակամություն, ինչպես նաև առանց դրա օրենքի մշակման շուրջ երկխոսության ցանկություն կա, որն իրենք առայժմ չեն ստացել։

Ի դեպ, արդեն հայտնի է, թե մարտի 28-ին Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վիճարկման ժամանակ ովքեր են լինելու կողմերի ներկայացուցիչները: Չնայած, որ դիմումը ՍԴ մուտքագրվել է խորհրդարանի ոչ իշխանական չորս ուժերի անունից, նիստին այն կներկայացնեն ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Մերի Խաչատրյանը:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն, կողմերին դատարանում կարող է ներկայացնել լիազոր մարմնի երեք ներկայացոիցիչ, գրում է Panorama.am-ը:

ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի տեղեկացմամբ, ԱԺ-ին դատարանում կներկայացնի խորհրդարանի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը: Սակայն, հնարավոր է, ԱԺ-ն ներկայացնող կազմը համալրվի այլ պատգամավորներով ևս:

Կառավարությանը ՍԴ-ում վիճահարույց օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցի քննարկմանը կներկայացնի ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալՍմբատ Սաիյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը և ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը: Իսկ Կենտրոնական բանկին ՍԴ-ում կներկայացնեն ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանն ու նույն վարչության առաջատար մասնագետ Վիգեն Շահնազարյանը:

Մարտի 24-ին ԱԺ-ում անդրադառնալով պարտադիր կուտակայինին, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ օրենքում փոփոխություններ կլինեն, քանի որ գտնում են, որ օրենքում թերություններ կան:

«Բայց դա չի լինի ճնշման, այլ՝ քննարկումների ներքո: Եթե հասկանանք, որ օրենքի մեջ ինչ-որ տեղ բացթողումներ կան, անպայման կշտկենք»,- ասել էր խորհրդարանի նախագահը՝ հավելելով, որ այդ փոփոխությունները ճնշումների հետ կապ չունեն:

Հարցին, թե պատրաստ են օրենքից հանել պարտադիր բաղադրիչը, Աբրահամյանն արձագանքել էր․ «Պատրաստ ենք քննարկել»:

Իր հերթին մեկնաբանելով ԱԺ նախագահի խոսքերը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասել էր, թե Հովիկ Աբրահամյանը նկատի է ունեցել այն, որ այստեղ էլ, ինչպես և ցանկացած այլ օրենքում, անհարթություններ կան:

Հարցին, թե իր մատնշած «անհարթությունները» կարո՞ղ են հանգեցնել նրան, որ օրենքից հանվի «պարտադիր» բառը, Սահակյանն ասել էր. «Ո´չ: Մեզ մոտ նման խնդիր դեռ չի քննարկվել, բայց ես դրան կողմ չեմ լինի, որովհետև եթե պարտադիր բաղադրիչն օրենքիցհանեն, ապա այն կկորցնի իր նշանակությունը»։

Կուտակայինի օրենքի վերաբերյալ այսօր հայտարարութուն է տարածել նաև Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), որտեղ նշվում է, որ այն մեծացնում է ոչ միայն քաղաքացու առանց այն էլ ծանր սոցիալական բեռը, այլև լրջորեն հարվածում մանր ու միջին ձեռնարկատիրությանը` հաշվի առնելով արդեն իսկ գործող սոցիալական վճարները:

ՀԴԿ-ն անընդունելի է համարում տվյալ համակարգի` մարդու իրավունքը ոտնահարող «բարեփոխումը»։ Ըստ կուսակցության, իշխանությունների քաղաքականությունն ավելի է խորացնում սոցիալական լարվածությունը, բևեռվածությունը և տիրող անվստահության մթնոլորտը, անընդունելի և անօրինական է համարում պետական հիմնարկներում և կառույցներում իրականացվող ակնհայտ ճնշումներն աշխատակիցների վրա` մինչև ՍԴ որոշումն այս կամ այն հիմնադրամը ընտրելու կապակցությամբ։

ՀԴԿ-ն նաև անթույլատրելի է համարում ՍԴ վրա ամենաբարձր մակարդակով գործադրվող բացահայտ ճնշումներն ու պահանջում իշխանություններից հարգել ՀՀ Սահմանադրությունը և ՍԴ որոշումը, քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու կամարտահայտությունը և վարել այնպիսի քաղաքականություն, որ մեր բնակչության 80% ոչ թե դեմ լինի պարտադրվող համակարգին, այլ ինքնակամ ընտրության իրավունքն իրացնի։ Իր անդամների, համակիրների և իրեն դիմած մտահոգ քաղաքացիների անունից կուսակցությունն աջակցում է «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խմբի հետևողական և համախմբված պայքարին ու կոչ անում ՍԴ-ին անտեսել առկա ճնշումները և իրականացնել գործի անաչառ, համակողմանի, արդարացի քննություն և կայացնել վճիռ` ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---