Ղրիմի հարցը. Կիևը չի ուզում փչացնել ՀՀ հետ հարաբերությունները, Օբաման կողմ է ՌԴ դեմ պատժամիջոցներին, Մերկելը՝ դեմ

Ղրիմի հարցը. Կիևը չի ուզում փչացնել ՀՀ հետ հարաբերությունները, Օբաման կողմ է ՌԴ դեմ պատժամիջոցներին, Մերկելը՝ դեմ

PanARMENIAN.Net - Ուկրաինան մտադիր չէ խզել դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի հետ, ասել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը, հայտնում է «Նովոստի Արմենիան»:

«Մեր երկիրը մտադիր չէ դեմարշների գնալ Հայաստանի հետ…Հարցերը մենք արդեն քննարկել ենք, և հաջորդ շաբաթ դեսպանը կլինի Հայաստանում».-ասել է նա «Ճգնաժամն Ուկրաինայում. Ինչպե՞ս այն կարող է ազդել միջազգային հարաբերությունների վրա» քննարկման ժամանակ:

Ըստ Ռոմանի, Ուկրաինան մտադիր չէ նվազեցնել իր դիվանագիտական ներկայությունը Հայաստանում կամ խզել վերջինիս հետ դիվանագիտական հարաբերությունները նույնիսկ եթե Հայաստանը դեմ քվեարկի Ղրիմի վերաբերյալ բանաձևին ՄԱԿ-ում:

Նա նշել է նաև, որ քվեարկությունը լակմուսի թղթի դեր կկատարի, որի հիման վրա Ուկրաինան հետագայում կկառուցի իր հետագա քաղաքականությունը Հայաստանում:

Ղրիմի վերաբերյալ բանաձևը ՄԱԿ ԳՎ-ում քվեարկության կդրվի այսօր՝ մարտի 27-ին: Նախօրեին՝ մարտի 26-ին, Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարեց, որ Հայաստանը ձեռնպահ կմնա Ղրիմի վերաբերյալ Ուկրաինայի ներկայացրած բանաձևի քվեարկությանը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում:

Ըստ բանաձևի նախագծի, Գլխավոր վեհաժողովին առաջարկվել է չճանաչել Ղրիմում մարտի 16-ին կայացած հանրաքվեն անվավեր և համարել, որ այն չի կարող «հիմք ծառայել Ղրիմի Ինքնավար Հանրապետության և Սևաստոպոլ քաղաքի կարգավիաճկի փոփոխության համար»: Կիևն իր դժգոհությունն է հայտնել Երևանի դիրքորոշման վերաբերյալ, որը ԱԳ փոխնախարար Շավար Քոչարյանի միջոցով հայտարարեց, որ Հայաստանը մշտապես պաշտպանել է ժողովրդների ինքնորոշման իրավունքը:

Մինչդեռ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վճռականորեն է տրամադրված շարունակելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ վերջինիս դուրս մղելով Եվրոպայի երկրների համար բնական վառելիքի հիմնական մատակարարի դիրքից, գրում է gorod55.ru-ն: Ելույթ ունենալով մամուլի ասուլիսում ԱՄՆ-Եվրամիություն գագաթաժողովի ավարտին՝ Հյուսիսային Ամերիկայի առաջնորդը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է լիովին ապահովել Եվրոպայի երկրներին իր գազով այն քանակով, որն անհրաժետ է:

Ըստ Օբամայի, իրավիճակն Ուկրաինայում ցույց տվեց, որ անհրաժեշտ է ամրապնդել էներգետիկ անվատնգությունը Հին աշխարհում, իսկ ԱՄՆ-ն կարող է ապահովել անվտանգությունն ու հուսալի գործընկեր լինել:

Սակայն, ինչպես գտնում են որոշ փորձագետներ, ԱՄՆ նախագահի այս հայտարարությունները հեռավոր հեռանկարին են վերաբերում, քանի որ տվյալ պահին ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ և չունի տերմինալներ գազի խտացման համար:

Եվրոպական ԶԼՄ-ները արդեն անվանել են ամերիկյան առաջարկը հաղթաթուղթ Ռուսաստանի հետ բանակցություններում, քանի որ ռուսական գազից ամենամեծ կախումն ունեցող երկրների մի մասի պայմանագիրը Ռուսաստանի հետ գազի վերաբերյալ սպառվում է արդեն 2015 թվականին: Այդ երկրների թվում են Բոսնիան ու Հերցոգովինան, Հունգարիան, Լիտվան ու Էստոնիան:

Իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ Ուկրաինայի շուրջ քաղաքական ճգնաժամը կարելի է հանգուցալուծել առանց Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառման: Այդ մասին նա հայտարարել է Բեռլինում Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի հետ հանդիպման ավարտին:

ԳԴՀ կառավարության ղեկավարը նշել է, որ Արևմուտքը «չի հասել այն աստիճանին, որը ենթադրում է տնտեսական պատժամիջոցների կիրառում» Մոսկվայի դեմ: «Հուսով եմ, որ դրանից կհաջողվի խուսափել»: «Ես շահագրգռված չեմ սրման մեջ, հակառակը, ես աշխատում եմ իրավիճակը մեղմելու ուղղությամբ», ասել է Մերկելը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գերմանացի փորձագետները միակարծիք են, որ տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ բացասական ազդեցություն կունենան Գերմանիայի տնտեսության վրա: ԳԴՀ և ՌԴ ապրանքաշրջանառությունը անցյալ տարի հասել է 76 մլրդ եվրոյի, ռուս գործընկերների հետ բիզնես ունեն մոտ 6 հազար գերմանական ընկերություններ, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 20 մլրդ եվրո: Մոտ 300 հազար աշխատատեղ Գերմանիայում կախված է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններից:

Իր հերթին, գերմանացի մեկնաբան Պավել Ֆելգենգաուերը կարծում է, որ Պուտինը արագ է գործելու, եթե ցանկանում է զավթել Ուկրաինայի հարավ-արևելքը: Առանցքային օրը ապրիլի 1-ն է:

Ղրիմը մեծ կախման մեջ է մնում ցամաքային Ուկրաինայից՝ էլեկտրաէներգիա, ջրամատակարարում, գազ: Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ չեն ճանաչում Կիևի կառավարությունն ու համընդհանուր ընտրությունների արդյունքներն Ուկրաինայում առանց դաշնային պետության նոր սահմանադրության ընդունման: «ֆեդերացիան Ուկրաինայի ռուսալեզու շրջանները կդարձնի Ռուսաստանի պրոտեկտորատը: Այդ շրջանների վերահսկումը թույլ կտա Մոսկվային միջանցք տանել դեպի Մերձդնեստր: Արդյունքում «Ուկրաինայի դաշնության» մասերը, գուցե, միանան ՌԴ-ին, »-գրում է Ֆելգենգաուերը:

Ըստ ռազմական մեկնաբանի, եթե Պուտինը ցանկանում է զորքեր մտցնել Ուկրաինա, ապա քիչ ժամանակ է մնում: Վաղահաս գարնան պատճառով հողը շուտով կչորանա և ծանր տեխնիկան կկարողանա անցնել հարավային Ուկրաինայի դաշտերով: Առանցքային օրը ապրիլի 1-ն է՝ Ռուսաստանում սկսվում է գարնանային զորակոչն ու արդեն ծառայածների զորացրում է հայտարարվում: Զորացրումից հետո Ռուսաստանի զորքերը կկարողանան վերականգնել մարտունակությունը միայն աշնանը, հայտնում է novayagazeta-ug.ru-ն:

Իսկ Մեծ Բրիտանիայի Եվրոպայի գծով նախարար Դևիդ Լիդինգթոնը լատվիական «Diena» պարբերականին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե չնայած Ղրիմի զավթմանը Ռուսաստանի կողմից, գործակցությունն այդ «պետության հետ» շատ կարևոր է իրենց համար, հատկապես, հաշվի առնելով, որ Ռուսաստանը վետոյի իրավունք ունի ՄԱԿ ԱԽ-ում:

«Պետք է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ, օրինակ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Սակայն, հասկանալի է նաև, որ մեր հարաբերություններում փոփոխություններ կլինեն, չէ, որ Ուկրաինայի իրադարձություններից հետո նախկինի պես լինել չի կարող: Մի քանի տասնյակ տարիների ընթացքում սա առաջին դեպքն է Եվրոպայում, երբ մի եվրոպական պետություն ներխուժում է մեկ այլ եվրոպական պետության տարածք՝ զավթելով այն: Ինչը վտանգավոր է ոչ միայն Եվրոպայի, այլ ամբողջ աշխարհի համար»,-ասել է Լիդինգթոնը, հայտնում է newsbalt.ru-ն:

Մինչդեռ, Ղրիմի քաղխորհուրդը մարտի 27-ին հրապարակել է հանրապետության տարածքում անցանկալի անձանց ցուցակը, որի մեջ ընդգրկվել են նաև Կիևի նոր իշխանությունները:

Ընդամենը ցուցակում 300 մարդ կա, որոնց թվում են նաև Գերագույն ռադայի նշանակած Ուկրաինայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը և վարչապետ Արսենի Յացենյուկը, փոխվարչապետ Վիտալի Յարեման, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Անդրեյ Պարուբին, ՆԳՆ պետ Արսեն Ավակովը, ինչպես նաև Ուկրաինայի նոր դատախազ Օլեգ Մախնիցկին և այլոք:

Անցանկալի անձանց ցուցակում է նաև նախագահի խորհրդականի պաշտոնից ազատված Աննա Գերմանը, «Ուդառ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, «Սվոբոդայի» ղեկավար Օլեգ Տյագնիբոկն ու Ռեգիոնների կուսակցության փոխնախագահ Սերգեյ Տիգիպկոն: Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն այդ ցուցակում չկա:

Ավելի վաղ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխը և Ուկրաինայի առաջին փոխնախագահ Վիտալի Յարեման չկարողացան Ղրիմ մեկնել: Ինչպես հայտնել են լրագրողները, ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել:

Փետրվարի վերջում Կիևում իշխանափոխությունից և նախագահ Յանուկովիչի տապալումից հետո նախկին Ղրիմի ինքնավարությունը հայտարարեց, որ դեմ է Եվրամայդանին և չի սատարում երկրի քաղաքականությանը:

Ղրիմի խորհրդարանը դիմեց ՌԴ նախագահ Պուտինին՝ խնդրելով ապահովել թերակղզու բնակիչների անվտանգությունը: Մարտի 21-ին հանրապետությունում անցկացված հանրաքվեից հետո ՌԴ նախագահը վավերացրեց Ղրիմի և Սևաստոպոլ քաղաքի ինտեգրումը ՌԴ կազմում:

Մարտի կեսին Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը հայտարարեց, որ իշխանությունը «որը ուժային ճանապարհով է յուրացրել Ուկրաինայի քաղաքացիների կյանքը տնօրինելու իրավունքը, երկար չի գոյատևի»: Ըստ նրա, Կիևի նոր ղեկավարությունն ի սկզբանե չուներ ճանապարհային քարտեզ, որը նա կարող էր առաջարկել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջանների ռուսալեզու բնակչությանը: Եթե նոր իշխանությունը կարողանար գործողությունների իրական ծրագիր ներկայացնել, «իրավիճակն այլ կերպ կզարգանար և անդունդի եզրին չէր հասնի», հայտնում է KM.ru-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---