Տավուշն այս գիշեր նորից գնդակոծվել է․ Տուժածներ չկան

Տավուշն այս գիշեր նորից գնդակոծվել է․ Տուժածներ չկան

PanARMENIAN.Net - Ադրբեջանական դիրքերից այս գիշեր ակտիվ գնդակոծվել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղը։ Այս մասին տեղեկացրել է գյուղապետ Անդրանիկ Այդինյանը՝ նշելով, թե կրակոցները սկսվել են կեսգիշերին և շարունակվել մոտ երկու ժամ:

«Կրակում էին գյուղի ուղղությամբ՝ տների, ճանապարհների, պատերի»,- ասել է գյուղապետը՝ հավելելով, որ վիրավորներ ու տուժածներ չկան, գրում է Tert.am-ը:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածի մի քանի ուղղություններով հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը ու ինտենսիվ կրակ արձակել, գրում է Panorama.am-ը։

Ավելի վաղ ադրբեջանական APA-ն գրել էր, թե «Ադրբեջանի Թովուզի շրջանի ուղղությամբ ՀՀ ԶՈւ կողմից իրականացված ինտենսիվ կրակահերթերի արդյունքում ադրբեջանցի զինծառայող ու քաղաքացիական անձ է վիրավորվել»:

Ըստ աղբյուրի, հայկական կողմից կրակահերթերն իրականացվել է հիմնականում խոշոր տրամաչափի զենքերից:

ՊՆ մամուլի խոսնակն այս տեղեկության վերաբերյալ նշել է, թե «առանձնապես բան չկա մեկնաբանելու»:

Մարտի 27-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արայիկ Բաբայանը: Ավելի ուշ պարզվել էր, որ զինծառայողը զոհվել է հակառակորդի կողմից արձակված կրակոցից։

Եվս մեկ զինծառայող՝ 1992թ. ծնված Գառնիկ Թորոսյանը, հակառակորդի կողմից արձակված փամփուշտից զոհվել էր մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտական առաջադրանք կատարելիս։ Փաստի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգքրի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի հատկանիշներով, այն է՝ «Սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով»:

Հունվարի երկրորդ կեսից թե հայ-ադրբեջանական սահմանի, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հակառակորդն ակտիվ խախտում է հրադադարը: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում հակառակորդը դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր էր արել, բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:Ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել էր զինծառայող Կարեն Գալստյանը: Ավելի ուշ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայոդղը հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---