Հարյուրավոր մարդիկ գրառումներ են կատարում Twitter-ի #SaveKessab էջում

Հարյուրավոր մարդիկ գրառումներ են կատարում Twitter-ի #SaveKessab էջում

PanARMENIAN.Net - Save Kassab էջը գնալով պահանջված է դառնում սոցցանցերում, մասնավորապես, Twitter-ում և Instagram-ում: Ըստ ամերիկյան Social News Daily պարբերականի, արշավի կողմնակից օգտատերերը դիմում են նաև հայտնի մարդկանց ու քաղաքական գործիչներին, որպեսզի նրանք իրենց կարծիքը հայտնեն Սիրիայում վերջին իրադարձությունների մասին: Քարոզարշավին են միանում հայտնի մարդիկ՝ մարզիկներ, շոու բիզնեսի աստղեր, այդ թվում նաև Քիմ և Քլոե Քարդաշյանները, երգչուհի Շերը, ԱՄՆ-ում հայտնի Blink 182 խմբի թմբկահար Թրեվիս Բարքերը:

«Կասեցրեք ցեղասպանությունը, փրկեք Քեսաբը: Շատ բարեկամ հայեր ունեմ, որոնց սիրում եմ ու սատարում, որոնք ասես իմ ընտանիքը լինեն»,- գրել է երաժիշտն Instagram-ում:

Անկախ մարզական մեկնաբան Մաքսիմ Սոկերմանը նույնպես գրառում է կատարել. «Տիպիկ է Արևմուտքի համար. Ղրիմի անարյուն միահամուռ միացումը Ռուսաստանին դարի հանցագործություն է, իսկ հայերի ցեղասպանությունը Քեսաբում՝ նորմալ է»:

Էջում զետեղված է նաև ավստրալահայերի հայտարարությունն այն մասին, որ ապրիլի 2-ին Սիդնեյում տեղի կունենա բողոքի ակցիա Քեսաբում հայերի ջարդի դեմ:

Արդեն մի քանի օր է Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում: Թուրքական կողմը՝ խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ բացել ապստամբների համար, որպեսզի նրանք գրավեն հայաբնակ շրջանը: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ:

Գրոհայինների հարձակումից հետո մոտ 500 հայ ընտանիք Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում: Այս մասին ասվում է ՀՀ ԱԺ պատգամավորների հայտարարության մեջ, որոնք գնահատել են կատարվածը որպես մարդու իրավունքների խախտում և դատապարտում են թուրքական ուժերի գործողությունները, որոնք, ըստ էության, մարտահրավեր են հայ համայնքին, որն ապաստան է գտել Սիրիայում Հայոց ցեղասպանությունից հետո:

«Կոչ ենք անում Սիրիայի ու Թուրքիայի իշխանություններին իրադարձությունների անաչառ հետաքննություն անցկացնել, պահանջում ենք, որ միջազգային հանրությունը համարժեք գնահատական տա մարդու իրավունքների այդ սարսափելի խախտմանը, որպեսզի ՄԱԿ-ը դիտորդներ ուղարկի Քեսաբ: Կոչ ենք անում նաև Հայաստանի կառավարությանը միջոցներ ձեռնարկել, իսկ համաշխհարհային հայությանը՝ միավորել ջանքերը, սատարելու համար մեր հայրենակիցներին»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են Սամվել Ֆարմանյանը, Էդմոն Մարուքյանը, Արման Սահակյանը, Թևան Պողոսյանը, Արթուր Գևորգյանը, Նաիրա Կարապետյանը և Լևոն Մարտիրոսյանը:

Քեսաբի գրավումն արժանացել է ամբողջ աշխարհի հայության քննադատական արձագանքին: Երևանում ՄԱԿ-ի ներկայացուցչության մոտ ցույց է եղել՝ Սիրիայում անօրինական զինված խմբավորումների կողմից ազգային և կրոնադավանական փոքրամասնությունների հետապնդմանը վերջ դնելու պահանջով: Միաժամանակ Հայաստանի ղեկավարությունը երախտագիտություն է հայտնել Սիրիայի իշխանություններին հայ բնակչության պաշտպանության համար: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսին կոչ է արել ճնշում գործադրել Անկարայի վրա և նրան ստիպել դադարեցնել աջակցությունը զինյալներին, որոնք հարձակվել են Քեսաբի խաղաղ բնակչության վրա:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը Facebook-ի իր էջում զետեղել է քեսաբահայերի կոչը համայն հայությանը:

«Այսօր՝ 2014թ.-ի մարտի 21-ին, Մայրերի օրը, մեր գեղեցիկ քաղաքը Թուրքիայի կառավարության կողմից նյութատեխնիկական աջակցություն ստացող «Ալ-Քաիդայի» եւ «Ճակատ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման կողմից հարձակման է ենթարկվել: Մենք սարսափահար արթնացել ենք լուսաբացից շատ առաջ հրթիռների ձայնից, որոնք ընկնում էին մեր քաղաքի վրա: Հազարավոր ծայրահեղականներ հատելեն մեր քաղաքի սահմանները:

Թուրքական կողմը որդեգրել է գեղեցիկ Քեսաբի ոչնչացման քաղաքականություն Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին: Քեսաբի հերոսները սկսել են պաշտպանել քաղաքը որսորդական հրացաններով նախքան այն, երբ օգնություն են ստացել Սիրիայի կառավարության կողմից: Եթե Քեսաբի բնակիչներին այդ հերոսները տեղյակ չպահեին տներից հեռանալու մասին, ապա աշխարհն ականատես կդառնար հերթական ցեղասպանության, իսկ լրատվամիջոցները կտարածեին եւս մեկ ապատեղեկատվություն:

Դարերի ընթացքում Քեսաբը հազարավոր հայերի տունն էր: Առաջին անգամ Քեսաբը հոգեվարքի մեջ էր 1909թ.-ին, ողբերգական իրադարձությունների ժամանակ, երբ թուրքերը հարձակվեցին քաղաքի վրա, որի հետեւանքով Քեսաբն ավերվեց, տները հրդեհվեցին եւ 161 հայեր դաժանորեն սպանվեցին:

1915թ.-ին, երբ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը, թուրքական զորքերը մտան Քեսաբ եւ սկսեցին աքսորել հայերին, սպանվեց վելի քան 5000 հայ: Թուրքիայի իրագործած հայերի ցեղասպանությունը 1.5 մլն հայերի կյանք խլեց: Սակայն այդ թիվը մի քանի անգամ կարող է ավելանալ, թե միջազգային հանրությունը համապատասխան քայլեր չձեռնարկի Սիրիայի հայերին պաշտպանելու համար: Սիրիայում արաբները պաշտպանում են մեզ, նրանք օգնել են մեզ ոտքի կանգնել եւ շարունակել գոյությունը՝ հաղթահարելով սարսափելի հիշողությունները մահի ու կոտորածի մասին, մենք առհավետ պետք է շնորհակալ լինենք նրանց: Մինչ այս պահը մենք ապրում էինք այլադավանների հետ խաղաղության ու ներդաշնակության պայմաններում, որպես մեծ հայկական ընտանիք, որպես մեկ տուն, որը կոչվում է Սիրիա: Այսօր մենք նույնպես օգնության կարիք ունենք, քանի որ թուրքական կառավարությունը, ցավոք, համարձակվել է հարձակում գործել հայերի վրա՝ անտեսելով Հայ Դատը:

Այդ կերպ Թուրքիայն դարձյալ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ հնարավոր ամեն ինչ անում է, որպեսզի այսօր էլ ավելի շատ հայեր մահանան: Մենք թուրք ժողովրդի դեմ ոչինչ չունենք: Մենք ապրել ենք նրանց կողքին, որպես հարեւաններ եւ ինչ-որ փոփոխություն չենք ցանկանում: Թուրքական կառավարությունն աջակցելով Քեսաբի բնակիչների սպանությունը, աջակցում է ահաբեկիչներին, որոնց դեմ ուղղված է մեր կոչը: Մենք պարզապես ցանկանում ենք վերադարձնել մեր քաղաքը կամ այն, ինչ մնացել է նրանից, YouTube-ում շատ հոլովակներ վկայում են այն մասին, որ ծայրահեղականները հրդեհում ու ոչնչացնում են մեր գեղեցիկ քաղաքը: Սիրիան շատ լավ գիտի, որ այնտեղ, ուր հայտնվում են այդ ծայրահեղականները, ոչինչ և ոչ ոք կենդանի չի մնում: Մեզանից խլել են մեր սեփական տները, դարերի մեր ժառանգությունն անխնա ոչնչացվել է: Այս կոչն ուղղում ենք բոլոր հայերին: Այս կոչն ուղղում ենք համայն մարդկությանը: Էրդողանն ու իր կառավարությունը ռազմական հանցագործներ են: Մենք Ձեր օգնության կարիքն ունենք:

Կարիք ունենք, որպեսզի Դուք համապատասխան միջոցներ ձեռնարկեք: Մեր կյանքը կախված էձեզանից, ձեր որոշումներից: Մենք այլեւս ոչինչ չունենք, բացի հագուստը, որն այժմ կրում ենք: Եթե մենք հավաքեինք առաջին անհրաժեշտության իրերը, ապա հավանական է այլեւս ողջ չլինեինք: Շատերը չեն հասցրել անձնագիրն ու այլ փաստաթղթեր վերցնել:

Խնդրում ենք Ձեզ դիմել ձեր երկների կառավարություններին, ՄԱԿ-ին կամ այլ կառույցներին տվյալ գործին միջամտելու համար:

Միայն ապրել ենք ցանկանում: Եթե դուք անտեսեք այս խնդրանքը, մենք ծայրահեղականների կողմից կոչնչացվենք, նույն այն կերպ, ինչպես որ եղել է Հալեպում, Յակուբիայում, Ղենեմիում և Սիրիայի ողջ տարածքում: Նրանք, որոնց դուք անվանում եք ապստամբներ, իրկանում արմատականներ են: Այդպիսի խմբավրումների կազմում կան տարբեր ազգության ներկայացուցիչներ՝ աֆղաններ, չեչեններ, Սաուդյան Արաբիայից եկածներ եւ այլն: Քեսաբի բնակիչները եւ ողջ Սիրիան ականատես է եղել, թե ինչպես են նրանք հարձակվել խաղաղ բնակիչների վրա ու սպանել նրանց:

Լրատվամիջոցները չեն կարող մշտապես թաքցնել ճշմարտությունը: Դուք միշտ չեք կարող ղեկավարել մարդկային կյանքերը: Այսպես կոչված ապստամբները հարձակվում են խաղաղ բնակիչների վրա: Մենք ձեզ խնդրում ենք ուշքի գալ: Դու չեք կարծում, որ արդեն բավական անմեղ արյուն է թափվել: Չեք կարծում, որ բավական հարձակումներ են գործվել: Երեք տարի մենք ապրել ենք խաղաղ ու երջանիկ: Սա հեղափոխություն չէ, այլ՝ պատերազմ: Սիրիական բանակը հիմա պայքարում է Քեսաբում, որպեսզի ապահովի հայերի անվտանգ վերադարձն իրենց տներ:

P.S. Այս նամակը գրել են Քեսաբի բնակիչները, որոնք ապաստան են գտել Լաթաքիայի հայկական եկեղեցում»:

Անցած շաբաթ Սենատի Կոմիտեի արտաքին գործերի հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսը ողջունել է Հայաստանին աջակցող խմբի համանախագաներ Ֆրենկ Փալոունի և Մայքլ Գրիմի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի հեղինակներ Ադամ Շիֆի ու Դևիդ Վալդաոյի հայտարարությունները, ինչպես նաև Բրեդ Շերմանի, Ջիմ Կոստայի և Ջեյմս Մակհովերնի Քեսաբի վրա հարձակման դատապարտումը և կոչ արել Պետքարտուղարությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ:

Իր նամակում սենատոր Մենենդեսը նշել է, որ խորապես մտահոգված է մարտի 21-ի հաղորդագրություններով սիրիական հայաշատ Քեսաբ քաղաքի վրա Թուրքիայի տարածքից «Ալ Քայիդայի» հետ կապված գրոհայինների հարձակումների մասին: «Այդպիսի հարձակումները շատ վտանգավոր են, քանի որ սիրիական փոքրամասնությունները դառնում են իսլամիստների թիրախը: Ես դատապարտում եմ նման բոլոր հարձակումներն ինչպես հայերի, այնպես էլ բոլոր քրիստոնյաների վրա»,- ասել է Մենենդեսը:

Նախագահ Օբամային հասցեագրված նամակում կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Մայքլ Գրիմն ու Դևիդ Վալդաոն հայտարարել են, որ այս իրադարձությունները հիշեցնում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության առաջին օրերը: «Համարում ենք, որ այժմ Ամերիկան պետք է բազմապատկի ջանքերն, ուղղված Մերձավոր Արևելքում քրիստոնյա փոքրամասնության պաշտպանության ապահովմանը», -ասվում է նամակում:

Ըստ կոնգրեսական, մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ Ջեյմս Մակհովերնի, Միացյալ Նահանգներն ու միջազգային հանրությունը պետք է մանրակրկիտ ու արդար հետաքննություն սկսի՝ պարզելու համար Թուրքիայի դերը Քեսաբի դեմ հարձակման մեջ: Կոնգրեսականներ Շիֆն ու Շերմանը էջ են բացել Twitter-ում #SaveKessab հեշթեգով, որտեղ հազարավոր օգտատերեր գրել են Քեսաբում հումանիտար ճգնաժամի մասին և իսլամիստներին Թուրքիայի աջակցության մասին: «Ալ Քայիդայի» հետ կապ ունեցող ահաբեկիչների դաժան հարձակումները հայերի և Քեսաբի մյուս քրիստոնյաների վրա սարսափելի են ու անթույլատրելի»,- գրել է կոնգրեսական Շիֆը:

Նախօրեին ԱՄՆ Պետքարտուղարությունում ամենօրյա ճեպազրույցի ժամանակ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ Պետքարտուղարությունը խորապես մտահոգված է Սիրիայի հայաշատ հին հայկական Քեսաբ քաղաքում ստեղծված իրավիճակով, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Միևնույն ժամանակ Պետքարտուղարությունը չի դատապարտել Թուրքիայի դերը քաղաքի վրա հարձակման գործում:

«ANCA-ն ողջունում է մտահոգությունը Քեսաբի դեմ հարձակումների վերաբերյալ և մտադիր է շարունակել խորհրդակցություններն այդ հարցի շուրջ Պետքարտուղարության ներկայացուցիչների հետ: Մենք մտադիր ենք մատնանշել հայերի, բոլոր քրիստոնյաների ու այլ փոքրամասնությունների դեմ ուղղված բռնության կոնկրետ փաստերը Քեսաբում, Հալեպում և Սիրիայի այլ շրջաններում: Մենք նախկինի պես մտահոգված ենք իրավիճակով և համարում ենք, որ ԱՄՆ վարչակազմի լռությունը վկայում է Թուրքիայի աջակցության մասին ահաբեկիչներին և կոչ ենք անում Օբամայի վարչակազմին կասեցնել Թուրքիայի մասնակցությունը Սիրիայի հայ բնակչության դեմ գրոհներին, իսկ պետքարտուղար Քերին պետք է հանդես գա Թուրքիային ուղղված ուղերձով», -հայտարարել է կազմակերպության նախագահ Քեն Խաչիկյանը:

Մարի Հարֆը նշել է, որ «տուժածների թվում շատ են քաղաքացիական անձիք, բոլոր նրանք և նրանց սրբությունները պետք է պաշտպանված լինեն: Մենք վաղուց ենք մտահոգություն հայտնում Սիրիայի հայ համայնքի հանդեպ ծայրահեղականներից բխող սպառնալիքի վերաբերյալ»:

Ամերիկայի երիտասարդական ֆեդերացիան ուրբաթ օրը մամուլի ասուլիս էր կազմակերպել ԱՄՆ հայ համայնքի անդամների մասնակցությամբ, որից հետո բողոքի ցույց տեղի ունեցավ Լոս Անջելեսում թուրքական հյուպատոսության դիմաց: Բողոքի ակցիային մասնակցել է նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը և Կալիֆորնիայի հայ համայնքի առաջնորդները:

Արդեն մի քանի օր է սիրիական հայաբնակ Քեսաբում ողբերգական իրադարձություններ են կատարվում: Քեսաբը Սիրիայի ու Թուրքիայի սահմանին է, այնտեղ հազարավոր հայեր են ապրում, կան հայաբնակ բնակավայրեր, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ ու հիվանդանոցներ:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Շաբաթվա սկզբին ինտերնետում զետեղվել է Թուրքիայի պաշտոնյաների մասնակցությամբ գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում քննարկվում են Թուրքիայի գաղտնի ծրագրերը Սիրիայի վերաբերյալ: Սիրիայում քաղաքացիական պատերազմի տարիներին 70 հայ է զոհվել:

Հայերը Սիրիայում հիմնականում բնակվում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչ պատերազմը հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ մոտ 20 հազար հայ հեռացել է Սիրիայից, հիմնականում մեկնելով Հայաստան, Լիբանան ու ԱՄՆ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---