Զարգացնելով գործակցությունը Երևանի, Բաքվի ու Քիշնևի հետ՝ ՆԱՏՕ-ն կասեցնում է Մոսկվայի հետ հարաբերությունները

Զարգացնելով գործակցությունը Երևանի, Բաքվի ու Քիշնևի հետ՝ ՆԱՏՕ-ն կասեցնում է Մոսկվայի հետ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հյուսիսատլանտյան դաշինքը որոշում է կայացրել Ռուսաստանի հետ գործակցությունը կասեցնելու մասին ռազմական և քաղաքացիական ոլորտներում մինչև հունիսի 1-ը: Որոշումը կապված է Ղրիմի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Այդ մասին հայտնի դարձավ պաշտոնական հայտարարությունից, որը տարածվեց Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների գագաթաժողովի ավարտին:

Հավաքի մասնակիցները դատապարտեցին Ռուսաստանի «ռազմական ներխուժումն» Ուկրաինա և հայտարարեցին, որ Ղրիմում անցկացված հանրաքվեն անօրինական է: Նախարարները կոչ արեցին Ռուսաստանի Դաշնությանը շտապ կարգով միջոցներ ձեռնարկել վերականգնելու համար միջազգային իրավունքը, սակայն ՆԱՏՕ-ի անդամները պատրաստ են շարունակել երկխոսությունը ՌԴ հետ քաղաքական մակարդակով, հայտնում է «Ռոսռեդը»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Russia Today-ը, Spiegel Online թերթը մի փաստաթուղթ է հրապարակել ՆԱՏՕ-ի կողմից Մոլդովայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ: Փաստաթղթում ասվում է, որ Դաշինքը պետք է սատարի գործընկերներին այդ տարածաշրջանում: Կարճաժամկետ նպատակն է նպաստել «կ այունությանը Արևելյան Եվրոպայում, հաշվի առնելով ներկա զարգացումները»: Բացի այդ, կքննարկվեն «այդ պետությունների բանակների համատեղելիության մակարդակները ՆԱՏՕ-ի անդամ երկրների բանակների հետ»: Սա պետք է հասկանալ որպես համատեղ զորավարժությունների կազմակերպում ու զինծառայողների որակավորման բարձրացում, նշում է պարբերականը:

Երեք երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսված է միջոցառումների անհատական համալիր: Օրինակ, Դաշինքը Քիշնև կգործուղի կապի մեկ սպայի, Ադրբեջանի հետ կզարգանա գործակցությունը էներգետիկ ու կիբերանվտանգության ոլորտներում, Հայաստանում ՆԱՏՕ-ն գերակա է համարում երկրի ԶՈւ անձնակազմի որակավորման բարձրացումը:

Մարտին Երևանում տեղի ունեցավ «Գործընկերությունը ՆԱՏՕ-ի հետ Հարավային Կովկասում. ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» երկօրյա խորհրդաժողովը, որի կազմակերպիչն էր Ռազմավարական հետազոտությունների SPECTRUM կենտրոնը:

Խորհրդաժողովում ելույթ ունեցավ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով պատասխանատու Ուիլյամ Լահյուն: Նա հայտարարեց, որ ցանկացած երկիր Կովկասի տարածաշրջանում կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: «ՆԱՏՕ-ն հետաքրքրվում է Կովկասի տարածաշրջանով և դիտարկում է այն որպես Եվրոպայի մաս: Վերջին իրադարձություններն Ուկրաինայում ստիպեցին ՆԱՏՕ-ին վերանայել հարաբերությունները գործընկերների հետ, վերագնահատել Դաշինքի ներուժը: Վերջին երկու տասնամյակում ՆԱՏՕ-ն կրճատել է իր զինված ուժերը ոչ թե տնտեսական խնդիրների պատճառով, այլ այն նկատառումով, որ սպառնալիքները պակասում են: Սակայն այժմ իրավիճակը փոխվել է»,-ասել է Լահյուն: Նա նշել է, որ Մոսկվայի հայտարարություններին հակառակ, ՆԱՏՕ-ն երբեք ոչ ոքի չի ստիպում անդամակցել կազմակերպությանը:

«Գործընկերների հետ հարաբերությունները մենք կառուցում ենք ելնելով ընդհանուր արժեքներից՝ օրենքի ու ժողովրդավարության գերակայություն: Յուրաքանչյուր երկիր ՆԱՏՕ-ում պետք է ազատ լինի: Ստիպողաբար կառուցված հարաբերություններն ինքնին անկայուն են», -ասել է նա, հավելելով, որ Հայաստանը կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար:

«Հայաստանը ՀԱՊԿ միակ երկիրն է, որը մասնակցում է Դաշինքի գործողություններին: Դա կարևոր գործոն է, որը թույլ է տալիս համատեղել տարբեր մոտեցումները, քանի որ հայտնի է, որ տարաձայնություններ կան ՀԱՊԿ ու ՆԱՏՕ անդամ երկրների միջև»,-ասել է Լահյուն: Նա նշել է նաև, որ Հայաստանը հավատարիմ է պարտավորությունների կատարմանը և պատրաստ է հետագայում ևս զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:

Համագործակցությունը Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև այժմ կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության (Individual Partnership Action Plan - IPAP) ծրագրի հիման վրա, որը ստորագրվել է 2005 թ. դեկտեմբերին: Հայաստանը ոչ միայն գործակցում է ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական ոլորտում, այլ նաև կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում Դաշինքի անդամ պետությունների հետ իրավական պետության, բարեփոխումների թափանցիկության, ահաբեկչության ու կաշառակերության դեմ պայքարի ոլորտներում: Հայաստանը նաև մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին Կոսովոյում ու Աֆղանստանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---