Արսեն Խոջոյանին հայրենիք կվերադարձնեն մոտ մեկ ամսից, իսկ Մամիկոն Խոջոյանին ուղարկել են տուն

Արսեն Խոջոյանին հայրենիք կվերադարձնեն մոտ մեկ ամսից, իսկ Մամիկոն Խոջոյանին ուղարկել են տուն

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացի Արսեն Խոջոյանի հայրենիք վերադառնալու շուրջ եռակողմ բանակցությունները շարունակվում են: Այս մասին ապրիլի 3-ին հայտարարել է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների ու պատանդների պետական կոմիտեյի քարտուղար Շաին Սաիլովը, գրում է Day.az-ը:

«Բանակցություններն ընթանում են նորմալ հունով: Անհրաժեշտ է որոշ հարցերում պարզություն մտցնել: Հավանաբար, այս ամիս հանարվոր կլինի վերադարձնել երիտասարդին հայրենիք: Բանակցություններ են ընթանում նաև անձամբ երիտասարդի հետ: Այս հարցով որոշում կընդունվի մեկ ամսվա ընթացքում: Փորձում ենք 30-40 օրվա ընթացքում հարցում պարզություն մտցնել, իսկ հետո ընդունել որոշում: Այս պահին կոնկրետ ժամկետների մասին խոսել չեմ կարող»,- ասել է նա:

Սաիլովը նշել է, որ երիտասարդը չի ուզում երրորդ երկիր տեղափոխվել:

Մարտի 7-ին ադրբեջանական լրատվականներում տեղեկություն էր տարածվել, որ «Թովուզի շրջանում, երկաթգծի մոտակայքում» հայ-ադրբեջանական սահմանը հատելիս ՀՀ ևս մեկ քաղաքացի է ձերբակալել։ Ռազմագերիների, պատանդների ու անհետ կորածների վարչության պետհանձնաժողովի նախագահ Շահին Սաիլովն ասել էր, որ Հայաստանի քաղաքացին 20-22 տարեկան է։ Նրա խոսքով, ձերբակալվածին, ով հայերենից բացի այլ լեզու չգիտի, տեղափոխում են Բաքու։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվականները սկսեցին գրել, որ ձերբակալվածը 1991-ին ծնված Արսեն Խոջոյանն է։

Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետը տեղեկացրել էր, որ գյուղում այդ անուն ազգանունով երիտասարդ է բնակվում, որի գտնվելու վայրն այժմ անհայտ է։ Նա հունվարի 28-ին Հայաստանի սահմանը հատած Մամիկոն Խոջոյանի բարեկամն է, ում ադրբեջանական իշխանությունները Կարմիր խաչի միջնորդությամբ մարտի 4-ին վերադարձրել էին: Ըստ շրջանառվող տարբերակներից մեկի, երիտասարդն ուժեղ մառախուղի պատճառով մոլորվել էր։Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալված հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդի» մասին։

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարեն Մանուկյանն ասել է, որ ապրիլի 3-ին Մամիկոն Խոջոյանին պատրաստվում են հիվանդանոցից դուրս գրել: Վերջին օրերին Խոջոյանը ջերմել է, բայց վիճակը կայուն է` խոսում է, անուններ տալիս, գրում է Panorama.am-ը:

Մարտի 4-ին Բաքուն հետ էր վերադարձրել Ադրբեջանում մեկ ամսից ավելի գերեվարված Հայաստանի քաղաքացուն։ Հունվարի 28-ին ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ «Ադրբեջանի Թովուզի շրջանում ձերբակալվել է հայկական դիվերսիոն խմբի զինված ուղեկցորդը, ձերբակալվածը ՀՀ 65-ամյա քաղաքացի Մամիկ Տիգրանի Խոջայանն է: Կարճ փոխհրաձգությունից հետո հետախուզական դիվերսիոն խումբը նահանջել էր: Այդ ընթացքում խմբի ուղեկցորդ Մամիկ Խոջայանը, զինված և վիրավոր, գերվել է Ադրբեջանի ԶՈւ զինվորների կողմից»,- գրել էին ԶԼՄ-ները։

Հայաստանի ՊՆ-ն հերքել էր «հայ դիվերսանտի» գերեվարման մասին ադրբեջանցիների տարածած հաղորդագրությունը: Պարզվել էր, որ քաղաքացին Վերին Կարմիրաղբյուրի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանն է, որին վերջին անգամ տեսել էին հունվարի 28-ին՝ 14:00-15:00-ն ընկած հատվածում: Ոստիկանության փոխանցմամբ, ծերունին ապրում էր միայնակ, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վերջին 2-3 տարիներին բժիշկների հսկողության տակ էր: Հովիվներից մեկը նկատել էր Խոջոյանին Մաֆլար կոչվող վայրում, սահմանից մոտ 2 կմ հեռավորությամբ: Նա ասել էր, թե գնում է մորի հավաքելու, դրանից հետո նրան ոչ ոք չի տեսել:

Հունվարի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները բանակցություններ էին սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ, որպեսզի ԿԽՄԿ աշխատակիցներին թույլ տան այցելել Խոջոյանին:

Մարտի 4-ի երեկոյան ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, թե մեկ ամսից ավելի գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել առողջական լուրջ խնդիրներով: Հայրենադարձվելուց հետո Խոջոյանը տեղափոխվել էր Իջևանի բժշկակական կենտրոն, որտեղ անցկացված հետազոտությամբ նրա մարմնին բազմաթիվ կապտուկներ, կոտրվածքներ և վնասվածքներ են հայտնաբերվել:

Առողջապահության նախարարը մարտի 6-ին հանձնարարել էր բժշկական կոնսիլիում կազմակերպել՝ գերեվարությունից հայրենիք վերադարձած Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։ Իջևանի բժշկական կենտրոն էր գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Ավելի ուշ առողջապահության նախարարի օգնական Սեդա Մանուկյանը տեղեկացրել էր, որ Խոջոյանը կտեղափոխվի Երևան՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ՝ հաշվի առնելով այն, որ նեղ մասնագիտական հետազոտությունների կարիք կա։

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ Խոջոյանին առանձին դաժանությամբ խոշտանգելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել։

«Մամիկոն Խոջոյանին գերի լինելու ընթացքում, ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթներով դրդված մի խումբ անհայտ անձանց կողմից, առանձին դաժանությամբ, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ այսօր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ և 12-րդ կետերով, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, և կատարվում է նախաքննություն»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրությունում։

2013-ի օգոստոսի 8-ից գերության մեջ է նաև զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը, ով չկողմնորոշվելով տեղանքում, հատել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով: Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---