ՍԴ նախագահ․ Քաղաքացիները պիտի շարունակեն կատարել կուտակային վճարները

ՍԴ նախագահ․ Քաղաքացիները պիտի շարունակեն կատարել կուտակային վճարները

PanARMENIAN.Net - Մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ամբողջությամբ կգործի, այդ պատճառով էլ քաղաքացիները պիտի շարունակեն կատարել կուտակային վճարները, ինչպես մինչև այդ։ Այս մասին «Հանրային» հեռուստընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Աշխատավարձերից կենսաթոշակային պարտադիր վճարներ պահելու օրենքը ՀՀ-ում չի գործի սեպտեմբերի 30-ից հետո։ Իսկ մինչև այդ օրենքը կշարունակի գործել, եթե Բարձր դատարանը դատարանը տարաժամկետել է այն, ապա օրենքը շարունակում է գործել ամբողջությամբ»,- նշել է նա՝ հավելելով, որ ՍԴ որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ինքն է ուզում։

Հանրության շրջանում ՍԴ որոշամ՝ տարընթերցումների տեղիք տալու մասին հարցին Բարձր դատարանի նախագահը երեք պատճառ է մատնանշել, որոնցից մեկը հենց այն է, որ յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ուզում է․ մյուսը պատճառը, ըստ Հարությունյանի, իրավագիտակցության մակարդակն է: Եվս մեկն այն է, որ պարզապես անհրաժեշտ էր սպասել ՍԴ որոշման ստորագրմանը, ինչն էլ ինքն այսօր արել է․ վաղը՝ ապրիլի 4-ին, որոշումն արդեն կտեղադրվի դատարանի կայքում:

Անդրադառնալով ՍԴ կողմից ուսումնասիրված միջազգային փորձին, Գագիկ Հարությունյանը նշել է, թե Հայաստանն այսօր չի կարող գնալ Սինգապուրի կամ այլ երկրի օրինակով, որի սահմանադրական լուծումները վկայակոչվում են:

Հարցին, թե արդյոք «պարտադիր կուտակային համակարգ» ձևակերպումը պետք է օգտագործվի, ՍԴ նախագահը պատասխանել է, որ ըստ իրենց ուսումնասիրությունների՝ հաջողությունների են հասել այն երկրները, որոնք ներդաշնակել են բաշխողական, պարտադիր կուտակային և կամավոր կուտակայինները։

«Պարտադիր կուտակային համակարգն իր բնույթով տարբեր է։ Բանն այն է, որ Հայաստանում ներդրված ձևով այն չի կարող գործել: Աշխատավարձից պարտադիր վճարների կարգով կուտակային համակարգն առնվազն՝ սեպտեմբերի 30-ից հետո մեր երկրում գոյություն ունենալ չի կարողանա»,- նշել է նա:

Ավելի վաղ Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ կուտակայինի մասին օրենքի այն դրույթները, որոնք Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել են հակասահմանադրական, մինչև սեպտեմբերի 30-ը պահպանում են իրենց իրավական ուժը: Ինչ վերաբերում է այն խնդրին, թե արդյոք պարտադիր կուտակայինն ուժի մեջ է, թե՝ ոչ, նախարարը նշել է, որ ՍԴ-ն պարտադիր կուտակային վճարումներ կատարելու մասին դրույթը ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող:

«ՍԴ-ն ասել է, որ պարտադիր կուտակայինի այս էլեմենտները հակասում են Սահմանադրությանը, բայց չի ասել, որ «պարտադիրը» չպետք է լինի»,- ասել է նա: Նախարար Թովմասյանը ևս մեկ անգամ նշել է, թե մինչև սեպտեմբերի 30-ն օրենքի բոլոր դրույթները կիրառման ենթակա են, և եթե որևիցե մեկի կողմից չկիառվեն, ապա կարող են իրավական խնդիրներ առաջացնել։

Հարցին, թե արդյոք հետ են վերադարձվելու այս երեք ամիսների ընթացքում արված պարտադիր կուտակային վճարները, նախարարը պատասխանել է՝ չեն վերադարձվելու:

«Կմշակվեն վերահաշվարկի մեխանիզմներ: Ինչ կլինի, ինչպիսին կլինի, որ մոդելը կընտրվի կամ որ էլեմենտները կփոխվեն՝ քննարկման խնդիր է»,- ասել է Հրայր Թովմասյանը, գրում է Panorama.am-ը:

Անդրադառնալով աշխատանքային խմբին, որը պետք է զբաղվի հակասահմանադրական դրույթները ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու գործով, նախարարը նշել է, որ իր ցանկությունն է, որպեսզի այս ամբողջ գործընթացին մասնակցեն բոլոր այն սուբյեկտները, որոնք մտահոգված են այս խնդրով:

«Հուսով եմ, որ քաղաքացիական հասարակությունն ու ընդդիմությունը կմասնակցեն, և կունենանք մի համակարգ, որն անխոցելի կլինի»,- ասել է նա:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ նպատակը մեկն է` ունենալ ավելի արդյունավետ համակարգ, իսկ ՍԴ-ի որոշումն էլ օգտակար է լինելու բարձրացված խնդիրները կրկին քննության առարկա դարձնելու համար:

Կառավարության ապրիլի 3-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ կձևավորվի աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կլինեն արդարադատության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների նախարարությունները, ինչպես նաև ԿԲ-ն: Աշխատանքների արդյունքում Ազգային ժողով կներկայացվի օրենսդրական փաթեթ, հաշվի կառնվեն բոլոր նորմերը, որոնք սահմանված են ՍԴ որոշմամբ:

Բացի այդ, Տիգրան Սարգսյանը քաղաքացիական ակտիվիստներին նորից գործակցույթան կոչ է արել, այս անգամ կուտակային համակարգի օրենսդրության շտկման համար:

Ավելի վաղ PanARMENIAN.Net ի հետ զրույցում իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշել է, որ 5 տոկոսը քաղաքացու կամքին հակառակ չեն կարող գանձվել, ինչը համապատասխանում է ՍԴ որոշման եզրափակիչ մասին։ Այսինքն, իրավապաշտպանի խոսքով, քաղաքացու ցանկությանը հակառակ գործատուն իրավունք չունի պահել այդ գումարը։ Զեյնալյանը մեջբերել է ՍԴ որոշման 6-րդ կետը, որն ուժի մեջ է մտել հրապարակման պահից։ Դրանում ասվում է հետևյալը․

«Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ այս որոշման մեջ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում՝ այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում, իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների իրավունքները պետք է իրացվեն միայն համարժեք պարտավորություններով հավասարակշռման սկզբունքին համապատասխան»։

«Այսինքն, լրացուցիչ 5 տոկոս չեն կարող պահել, եթե մարդը չի ուզում, որ այն ուղարկվի ֆոնդերին, որովհետև դա հակասում է մարդու իրավունքներին։ Մինչև նոր իրավակարգավորումներ ընդունելը մարդկանց կամքին հակառակ այդ պահումները չեն կարող արվել, իսկ հետո, երբ նոր իրավակարգավորումներ մտնեն, կքննարկենք այդ նոր կուտակային համակարգը, բայց սա արդեն ուղղված է ապագային»,- եզրափակել է Զեյնալյանը։

Հայաստանի Սահմանադրական դատարանն ապրիլի 2-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթ ՀՀ Սահմանադրության պահանջներին հակասող ու անվավեր ճանաչեց։ 64 էջանոց համախատասխան որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ էության, դիմող կողմի հայցը բավարարվեց։

Դատարանը մինչև 2014-ի սեպտեմբերի 30-ն Աժ-ին և Կառավարությանը ժամանակ է տվել՝ օրենքի որոշ դրույթներ փոփոխելու համար: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն:

4  03.04.14 - Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մամուլի ասուլիսը
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---