Իսլամիստ գրոհայինները Թուրքիայի տարածքը որպես ռազմական ճամբար են օգտագործում

Իսլամիստ գրոհայինները Թուրքիայի տարածքը որպես ռազմական ճամբար են օգտագործում

PanARMENIAN.Net - «Թուրքիան ցեղասպան պետություն է, որը սատարում և ֆինանսավորում է միջազգային ահաբեկիչներին: Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում գրոհայինների են պատրաստում քրիստոնյաների դեմ պատերազմելու համար: Այնտեղ է վարժանք անցել նաև հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովը: Թուրքիայի տարածքը նաև ռազմական փոխադրակայան է իսլամիստ գրոհայինների համար: Երբ ԽՍՀՄ-ը հեռացավ Աֆղանստանից, մոջահեդները Թուրքիայի տարածքով անցան Բալկաններ ու Հյուսիսային Կովկաս: Մինչև Ղարաբաղ նրանք չհասան, քանի որ արդեն ստորագրվել էր հրադադարի մասին արձանագրությունը», -հայտարարել է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Մոսկվա-Երևան «Հայերի ցեղասպանությունը Սիրիայում. պատմությունը կրկնվո՞ւ մ է» թեմայով հեռուստակամուրջի ընթացքում:

Նա ընդգծել է, որ Սիրիայի հայկական համայնքը մայր օջախ է համարվում: Սիրիայում են ապաստանել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերը: Ըստ նրա, Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին Թուրքիան որոշեց հարվածել Քեսաբին: Սա թուրքական իշխանությունների հերթական ոճիրն է, որն անպատիժ մնաց, իսկ այդ անպատժելիության հիմքը մեծ քաղաքականության երկակի չափանիշներն են: «Ցեղասպանությունների կանխման կոնվենցիան չի կարող կասեցնել այդ հանցագործությունը: ՄԱԿ այսօրվա քաղաքականությունը հող է ստեղծում նոր Քեսաբների համար»,- ասել է Դեմոյանը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ այժմ նոր աշխարհակարգ է ձևավորվում, հիմնված արժեհամակարգերի բախման վրա: Նա հավելեց նաև, որ ընդհանրապես իսլամիստների հաջողություններն ու ԱՄՆ դերը չափազանցնելու միտում կա: Հեռուստակամրջի ընթացքում մեջբերվել են Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի խոսքերը. «Մենք վարում ենք մի քաղաքականություն, որից չենք կարող հրաժարվել՝ դա Օսմանյան կայսրության վերածննդի քաղաքականությունն է»:

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին հավելեց, որ Սաուդյան Արաբիան ու Քաթարը, զինելով իսլամիստ գրոհայիններին, աշխատում են միջնադարի չափանիշներով: «Մերձավոր Արևելքից քրիստոնյաների հեռանալուց բացի, նաև մեծ վերաբնակեցում է տեղի ունենում.անապատի քոչվորները դուրս են գալիս դեպի գետեր, ընդ որում ընտանիքներով, կլաններով, ամեն ինչ տրորելով ճանապարհին», -ասել է Սատանովսկին:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթակիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Զոհեր Քեսաբի հայերի թվում չկան:

«Վերջին հարձակումը կատարվել է Ալ-Քայիդայի ահաբեկչական խմբերի կողմից՝ Թուրքիայի տարածքից։ Դաժան գործողությունների արդյունքում, որոնք հիմնականում ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, տեղի ունեցավ բնակիչների տեղահանում։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները և մեծ վնաս պատճառել բնակիչների սեփականությանը։ Սա շարունակվող մարդասիրական ճգնաժամ է։

Հաշվի առնելով էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ հայերի, պաշտպանության հրատապությունը Սիրիայում զինված հակամարտության պայմաններում, մենք խստորեն դատապարտում և համարում ենք անընդունելի նմանատիպ ուժի կիրառումը քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ անկախ էթնիկ և կրոնական ինքնությունից։

Մենք վճռականորեն կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկիչների կողմից իր տարածքի օգտագործումը և հետաքննել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբերին։

Միջազգային հանրությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի՝ ապահովելու փախստականների, ներառյալ հայերի, անվտանգությունն ու ապահովությունը, հեշտացնի նրանց՝ սեփական բնակավայր տեղափոխվելու արագ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի պայմանները։ Միջազգային հանրությունը պետք է նաև իրականացնի անփոխարինելի մարդասիրական օգություն՝ փախստականների հրատապ կարիքների լուծման համար»,-ասվում է ԵԽԽՎ ընդունած գրավոր հայտարարության մեջ։

Հայտարարության տակ ստորագրել են ԵԽԽՎ 22 պատգամավորներ՝ Հայաստանից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Մոլդովայից, Սան Մարինոյից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Պորտուգալիայից, Չեխիայից, Շվեդիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆինլանդիայից, Հունաստանից, Գերմանիայից։

Միևնույն ժամանակ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի` մարտի 27-ին արված հայտարարությունն անվանել է «ամոթալի զրպարտություն» և «անհիմն մեղադրանք»: Հայ դիվանագետը հայտարարել էր, որ ծայրահեղական խմբավորումները և, մասնավորապես, «Ալ Քայիդան» հարձակման ժամանակ օգտագործել են Թուրքիայի տարածքը և հենց այնտեղից ներխուժել Քեսաբ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---