ԱՄՆ Կոնգրեսում թուրք իրավապաշտպանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոնգրեսում թուրք իրավապաշտպանը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեների նախագահներ Ռոբերտ Մենենդեսը և Էդ Ռոյսը երկու տասնյակ այլ կոնգրեսականների հետ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օր են անցկացրել Կապիտոլիումի բլրում, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Առաջին անգամ ամենամյա նիստում ելույթով հանդես է եկել թուրք իրավապաշտպան Ռագիփ Զարաքոլուն, որը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու վերջ տալ թուրքական մերժողական քաղաքականությանը:

Միջոցառումը կազմակերպել էր ԱՄՆ Կոնգրեսում գործող Հայաստանին աջակցության խումբը՝ Վաշինգտոնում ՀՀ դեսպանության, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության և ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ համատեղ: Մոդերատորը ANCA տարածաշրջանային ղեկավարներից մեկն էր՝ Արա Չալյանը: Ելույթ ունեցան ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, ՀԱԵ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը:

«Մենք խորապես երախտապարտ ենք Ռագիփ Զարաքոլուին նրա տոկունության և մեր միջոցառմանը մասնակցելու համար: Հարգելի թուրք այլախոհի խոսքերը, ի թիվս Ռոբերտ Մենենդեսի ու Էդ Ռոյսի ելույթների, հզոր ազդակ են Անկարային և նրա դաշնակիցներին Վաշինգտոնում՝ հաստատելով մեր ազգային դիրքորոշումն ու հավատարմությունը ճշմարտությանն ու արդարությանը», -ասել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Դոկտոր Չալյանը, ներկայացնելով Զարաքոլուին, ասել է. «Ճշմարտության ու արդարության նրա խիզախ պահանջին պետք է սատարել թուրք կառավարության կողմից Հայոց ցեղասպանութան ժխտման ֆոնին, սակայն, ցավոք, Սպիտակ տան ու Պետքարտուղարության ներկայացուցիչներին արգելված է անգամ ներկա գտնվել նման միջոցառումներին, լսելու համար մի մարդու ելույթը, որն այդ նպատակով հատել է օվկիանոսը: Միևնույն ժամանակ մենք ափսոսանք ենք հայտնում, որ ԱՄՆ-ում այդ հարցում խիզախությունը բացակայում է, մենք ողջունում ենք Զարաքոլուի արիությունը»:

Իր ելույթում Զարաքոլուն նշել է. «Նրանք (Թուրքիայի կառավարությունը) զբաղված են նրանով, որ անհեթեթության են հասցնում հասարակական կարծիքը՝ որոշելով եղել է ցեղասպանություն, թե չի եղել: Ցավոք, ԱՄՆ կառավարությունն այդ խաղի մի մասն է դարձել: Ես շատ եմ ցավում: Այդ քաղաքականությունն առիթ է տալիս աշխարհում բռնատիրության հաստատման համար: Անշուշտ, Միացյալ Նահանգները Թուրքիայի լավ բարեկամն են, բայց եթե ԱՄՆ-ն իսկական բարեկամ է, պետք է այլ կերպ գործի: ԱՄՆ-ն պետք է սատարի Թուրքիայի ժողովրդավարացմանը, իսկ իրական ժողովրդավարացումը կարող է սկսվել Թուրքիայում միայն պատմությունն ըստ 1915 թ. իրողությունների վերանայելու դեպքում»:

Սենատոր Մենենդեսը հայտարարեց, որ արտաքին գործերի կոմիտեում ապրիլի 10-ին քվեարկության է դրվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ S.Res.410 բանաձևը: «Ինձ համար, բոլոր բարի կամքի տեր մարդկանց համար, կա մի պարզ իրողություն՝ դա ցեղասպանություն է եղել, այն չի կարելի այլ կերպ անվանել: Հաջորդ տարի, երբ մենք նշելու ենք Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածի 100-ամյա տարելիցը, վերապրածներից շատ քչերը ողջ կլինեն: Բայց մի քանի մարդ դեռ ապրում է և շատ կաևոր է մեզ համար նշել 100-ամյակը գլոբալ մասշտաբով», -ասել է Սենատի կոմիտեի ղեկավարը:

Ներկայացուցիչների պալատի նախագահ Էդ Ռոյսն իր ելույթում նշել է, որ Կալիֆորնիայի օրենսդիրների թվում է եղել, երբ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: «Այս տարի ապրիլի 24-ին ես կլինեմ Երևանում կոնգրեսականների երկկուսակցական պատվիրակության հետ: Մարդկության համար հետևանքների տեսակետից ժողովրդի բնաջնջմանը միշտ հաջորդում է նրա մշակութային ժառանգությունը ոչնչացնելու փորձը: Ուստի հարկավոր է կողմ քվեարկել Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված փոքրամասնություններին՝ հայերին, Պոնտոսի հույներին, ասորիներին, եկեղեցական գույքը վերադարձնելու մասին բանաձևին (H.Res.4241):

Ռագիփ Զարաքոլուն հայտնի է Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունների վերաբերյալ իր հետազոտություններով, ինչպես նաև Թուրքիայի տարածքում բնակվող փոքրամասնությունների իրավապաշտպան գործունեությամբ: Նրա հիմնած Բելգե տպագրատունը շուրջ 10 գիրք է հրատարակել Հայոց ցեղասպանության մասին: Իրավապաշտպանը մի քանի անգամ քրեական պատասխանատվության է ենթարկվել տխրահռչակ 301 հոդվածով՝ թուրք ազգին վիրավորելու համար: Հրատարակել է մի շարք գրքեր Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության մասին, օրինակ՝ «Ճշմարտությունը մեզ կազատի. Հայերը և թուրքերը հաշտեցված» և այլ գրքեր: 2007 թվականի նոյեմբերին հրատարակել է Դավիդ Գաունտի «Ջարդեր, դիմադրություն, պաշպանողներ» վերնագրով գիրքը, որը ասորիների ցեղասպանության մասին է։ 2011 թ. իրավապաշտպանը ձերբակալվեց քրդական հակակառավարական կազմակերպություններին աջակցելու մեղադրանքով և ազատ արձակվեց 7 ամիս անց:

2012 թ. մարտին, չնայած որ գտնվում էր ազատազրկման մեջ քրդերի հետ համագործակցելու մեղադրանքով, շարունակում է ջանքերն ուղղված Հայոց ցեղասպանության մասին փաստերի հավաքմանը: Զարաքոլուին պատկանող Բելգե հրատարակչությունը Զորյան ինստիտուտի հետ համագործակցությամբ հրատարակում է 20-րդ դարի սկզբում Թուրքիա գործուղված գերմանացի պաշտոնյաների նամակների, զեկույցների, հաշվետվությունների ու հեռագրերի ժողովածուն թուրքերեն թարգմանությամբ: Փաստաթղթերը պատմում են այն վայրագությունների մասին, որոնց ենթարկվել են հայերը թուրք իշխանությունների կողմից: Հայերի հանդեպ թուրքերի անմարդկային վերաբերմունքի մասին Բեռլին գնացող նամակներին Գերմանիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Թեոբալդ ֆոն Բեթման Գոլվեգը պատասխանել է. «Մեր միակ նպատակն է, որ Թուրքիան մեր կողմնակիցը լինի մինչև պատերազմի ավարտը, անկախ նրանից այդ ընթացքում հայեր են սպանվում, թե ոչ»: Այդ փաստաթղթերն ունեն «գաղտնի» և «հույժ գաղտնի» նշումները:

Վերջին անգամ Զարաքոլուն եղել է Երևանում 2013 թ. դեկտեմբերի 10-ին Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. Ականատեսների վկայություններ» գրքի թուրքերեն հրատարակության շնորհանդեսին: Այժմ Զարաքոլուն բնակվում է Շվեդիայում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---