Զոհրաբյանը` ԵԽԽՎ-ում. Աղանդներն անչափահասներին տանում են դեպի երաշխավորված կործանում

Զոհրաբյանը` ԵԽԽՎ-ում. Աղանդներն անչափահասներին տանում են դեպի երաշխավորված կործանում

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ լիագումար նիստում ապրիլի 10-ին քննարկվել է քայքայիչ աղանդների դեմ պայքարն ու անչափահասներին դրանց մեջ ներշաքելու անթույլատրելության հարցը: Հայկական պատվիրակության ԲՀԿ-ական անդամ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել այդ թեմայով ելույթի իր տեքստը, որում մտահոգություն է արտահայտում, թե դեռ քանի ընտանիք պիտի կործանվեր, քանի անչափահաս, որպեսզի Վեհաժողովը վերջապես անդրադառնար քայքայիչ աղանդներին և դրանց կործանարար հետևանքներին, գրում է Panorama.am-ը:

2014-ի մարտի 3-ին ֆրանսիական պատվիրակության անդամ Ռուդի Սալեսը ԵԽԽՎ-ում ներկայացրել է «Անչափահասների պաշտպանվածությունը աղանդների քայքայիչ ազդեցությունից» զեկույցը, որը բուռն բանավեճերի և ակտիվ քննարկումների տեղիք է տվել:

Նշելով, որ ողջունում է եվրոպացի գործընկերոջ` Ռուդի Սալեսի ներկայացրած զեկույցը, Զոհրաբյանն ասել է, որ ինքն անձամբ այն համարում է շատ ուշացած. «Երկու տարի առաջ, ես որպես Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, իմ մի քանի գործընկերների հետ մեր խորհրդարանում նմանօրինակ նախագիծ ներկայացրեցի, որը տալիս էր «հոգեորսության» սահմանումը և որը հնարավորություն կտար օրենքի ուժով մեր քաղաքացիներին, անչափահասներին պաշտպանել վտանգավոր աղանդներից: Այն ժամանակ, սակայն, մեր հարգարժան Վենետիկի հանձնաժողովը անասելի աղմուկ բարձրացրեց մեր նախագծի շուրջ` այն համարելով խղճի ազատության ոտնահարում: Այսօր մեր գործընկերը շատ ավելի խիստ շեշտադրումներով և աղանդների դեմ պայքարի շատ ավելի խիստ պահանջներով նախագիծ է ներկայացրել, և դա միանգամայն ողջունելի է:

Եթե մենք խոսում ենք մարդու իրավունքներից ու չենք պայքարում այն աղանդների դեմ, որոնք մարդուն դարձնում են շատ դեպքերում ստրուկ, ոտնահարելով նրա ցանկացած իրավունք, ապա ուղղակի զբաղվում ենք երեսպաշտությամբ: Մենք ուղղակի պարտավոր ենք կասեցնել վտանգավոր, ավերիչ աղանդների շքերթը մեր երկրներում, որոնք շատ դեպքերում օգտվելով մարդկանց սոցիալական ծայրահեղ վիճակից` ընտանիքներին, անչափահասներին, տանում են դեպի երաշխավորված կործանում: Միանգամայն համաձայն եմ զեկուցողի հետ, որ պետք է ուժեղացնել քրեական օրենսդրության այն դրույթները, որոնք պատիժ են նախատեսում մարդկանց և առաջին հերթին անչափահասներին տարբեր ֆիզիկական և հոգեբանական ազդեցությունների միջոցով այս կամ այն աղանդից կախյալ դարձնելը: Նույնը, ի դեպ, շատ ավելի մեղմ շեշտադրումներով, առաջարկում էինք ես և իմ գործընկերները, սակայն Եվրոպայի խորհրդից այն ժամանակ եկած «դատավիճռը» կասկածելիորեն լիբերալ էր քայքայիչ աղանդների դեմ»:

Զոհրաբյանը հույս է հայտնել, որ իրավիճակ փոխվել է` տեսնելով, թե ինչ ավերածություններ են անում նմանօրինակ աղանդները. «Երբ քաղաքացու, անչափահասի շահերը վտանգված են, անհրաժեշտ է գտնել ճիշտ հավասարակշռություն մարդու հիմնարար արժեքների և կրոնի ազատության միջև: Ես կոչ եմ անում կողմ քվեարկել այս շատ կարևոր զեկույցին և կոչ անել ազգային խորհրդարաններին` անհապաղ ձեռնամուխ լինել քայքայիչ աղանդների դեմ պայքարի լրջագույն օրենսդրության մշակմանը»:

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 1991 թվականին: ՀՀ արդարադատության նախարարությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ 2011-ի օգոստոսին կազմակերպել էր հանրային քննարկում «Խղճի և կրոնական ազատությունների մասին» ՀՀ նոր օրենքի և այլ փոխկապակցված նախագծերի վերաբերյալ: Այն 4-րդ հոդվածում սահմանում էր, որ խղճի, կրոնի և համոզմունքի ազատությունը կարող է սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` հասարակական անվտանգության, մարդկանց առողջության, բարոյականության կամ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Այս սահմանափակումների մեջ ներառվում էր նաև հոգեորսությունը (ոչ պատշաճ պրոսելիտիզմ) և կրոնական կազմակերպությունների գաղտնի գործելու արգելքը: Օրենքի նախագիծը, ի տարբերություն նախորդի, տալիս էր հոգեորսություն եզրույթի սահմանումը. «Հոգեորսությունը այլ կրոնական կամ դավանաբանական պատկանելիություն կամ հայացքներ ունեցող անձանց նկատմամբ դավանափոխ անելու նպատակով կրոնական բնույթի ցանկացած քարոզչական ներգործությունն է, որը դրսևորվում է այդ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն գործադրելու սպառնալիքով, նյութական կամ սոցիալական բնույթի առավելություն տրամադրելով կամ կախվածությունը օգտագործելով, այլ կրոնի, համոզմունքի կամ կրոնական կազմակերպության նկատմամբ թշնամանք հարուցելով կամ ատելություն հրահրելով, անձին երկու կամ ավելի անգամ հետապնդելով, տասնչորս տարին չլրացած անչափահասի նկատմամբ` առանց նրա ծնողների կամ խնամակալների համաձայնության»:

Վենետիկի հանձնաժողովը նախագիծը համարեց խղճի ազատությունը ոտնահարող և տապալեց դրա հետագա քննարկումներն ու ընդունումը: Վենետիկի հանձնաժողովը ստեղծվել է 1990թ. որպես սահմանադրական հարցերով Եվրոպայի խորհրդի խորհրդակցական մարմին: Ներկայումս հանձնաժողովին է անդամակցում 59 պետություն, Եվրոպայի խորհրդի բոլոր 47 անդամ-պետությունները և 12 այլ երկիր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---