15  Շառլ Ազնավուր

Հունիսին Շառլ Ազնավուրը համերգ կտա Բարսելոնայում

Հունիսին Շառլ Ազնավուրը համերգ կտա Բարսելոնայում

PanARMENIAN.Net - Շառլ Ազնավուրը հունիսի 26-ին համերգով հանդես կգա Բարսելոնայում: Դրա ընթացքում կհնչեն շանսոնյեի հայտնի La Boheme, La Mamma, Venecia Sin Ti երգերը և այլ հիթեր, որոնց շնորհիվ նա ճանաչված և սիրված է ամբողջ աշխարհում: Համերգը կանցնի Լիսեու Մեծ թատրոնում, հայտնում է Prensa Latina-ն:

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը կնշի իր 90-ամյակը Գերմանիայում: Իր ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, նա համերգ կտա «Լեգենդը վերադառնում է» խորագրով Բեռլինի O2 World մարզադաշտում:

Ազնավուրի երկրորդ համերգը Գերմանիայում կկայանա մայիսի 24-ին: Այն տեղի կունենա Մայնի Ֆրանկֆուրտում: Իր ավելի քան 60-ամյա կարիերայի ընթացքում Շառլ Ազնավուրն ավելի քան 100 մլն ալբոմ է վաճառել ու գրել է 1200 երգ: Նա նկարահանվել է 80 ֆիլմում և հազարավոր համերգներով է հանդես եկել ամբողջ աշխարհում:

Շառլ Ազնավուրը (իսկական անունը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյան), նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում։ Ազնավուրի հայրը ծնվել էր Ախալցխայում, արմատներով Էրզրումից էր, իսկ մայրը՝ Իզմիրից: Մանուկ հասակում տարվել է թատրոնով, իսկ 1940-ական թթ. Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը։

Շուրջ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

2009-ի մայիսից Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964, 1996 և 2006 թթ. համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---