Ո՞ւր կհասնի Ալիևը «հեքիաթներ» պատմելով

Ո՞ւր կհասնի Ալիևը «հեքիաթներ» պատմելով

PanARMENIAN.Net - Այն, որ Ադրբեջանի ղեկավարությունը, ասել է թե Իլհամ Ալիևը, որտեղ էլ լինի ու ինչի մասին էլ խոսի, պատեհ առիթը բաց չի թողնում ուղղակի անմարդկային ատելությունը Հայաստանի հանդեպ ցուցադրելու համար, վաղուց է հայտնի: Այդ գործում նա նույնիսկ գերազանցել է թուրք վարչապետ Էրդողանին, որը գոնե երբեմն խելամիտ բաներ է ասում անգամ Հայաստանի վերաբերյալ: Տպավորություն է, որ աշխարհում ամենից շատն Ալիևը սիրում է «հեքիաթներ» պատմել: Ընդ որում, միշտ նույն հեքիաթը՝ հաշվի չառնելով, թե ում համար:

Հավանաբար, Ադրբեջանի նախագահին այնքան էր հունից հանել «Օսմանյան կայսրության ժողովրդներին ցավակցելու» մասին վարչապետ Էրդողանի հայտարարությունը, որ նա գլխապատառ «մարտի» նետվեց Պրահայում ընթացող Արևելյան գործընկերության գագաթնաժողովում: Իլհամ Ալիևի «ցասման» պատճառը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն էր, որը, մասնավորապես, հայտարարեց. « Պրահա եմ ուղևորվել Հայոց ցեղասպանության հուշահամալիրից, որտեղ հարգանքի տուրք եմ մատուցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: 1915-ի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում հարյուրավոր հայազգի մտավորականների` գրողների, նկարիչների, արվեստագետների, բժիշկների, հասարակական գործիչների ձերբակալությամբ և սպանդով սկսվեց Օսմանյան կայսրության կողմից նախապես ծրագրված և պետական մակարդակով իրագործված ոճրագործությունը, որը մարդկության պատմությանը հայտնի է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այսօր ցանկանում եմ շնորհակալական խոսք հղել այն պետություններին, կազմակերպություններին և անհատներին, որոնք մեզ օգնության ձեռք են մեկնել համազգային ողբերգության ժամանակ, ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը: Այդ հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի, և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ևս մեկ անգամ կարևորում եմ միջազգային հանրության կողմից այս աննախադեպ ոճրի ճանաչումն ու դատապարտումը:

Եվրոպական միությանն անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է խուսափել սեփական անցյալի հետ առերեսվելուց, խուսանավել պատասխանատվությունից և տասնամյակներ շարունակ իր ժխտողականության քաղաքականությամբ խեղաթյուրել պատմությունը: Ավելին, Թուրքիան ջանք չի խնայում ժխտողականությունը տարբեր մեթոդներով պարտադրելու նաև այլ երկրների: Այսօր Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ, որոնց շարքերը տարեցտարի ստվարանում են, չնայած հետապնդումներին և հալածանքներին, մերժում են այդ երկրի ժխտողական քաղաքականությունը և կանգնում ճշմարտության կողքին: Սեփական պատմության հետ առերեսումը և դրա հետևանքների գիտակցումը հաշտեցման կարևոր գրավականն է: Մենք հավատում ենք, որ հաշտեցման կարևոր գրավական է նաև մարդկային շփումների խթանումը: Ցավոք, դա գրեթե անհնարին է, երբ արհեստական խոչընդոտներ կան, երբ սահմանը փակ է»:

Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված լինելը և Եվրոպայի վերջին փակ սահմանը, նախագահի համոզմամբ, շարունակում են մնալ համաեվրոպական անվտանգության խոցելի բաղադրիչներից մեկը. «Պարադոքսալ է, բայց փաստ՝ ԵՄ-ին անդամակցության հավակնող Թուրքիան զմռսել է հարևան երկրի սահմանը, երբ Եվրոպական միությունում սահմաններն արդեն վաղուց պատմություն են դարձել, իսկ ազատ տեղաշարժը՝ հիմնարար սկզբունք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը ոչ մի նոր բան չասաց, սակայն Ալիևը հանկարծ որոշեց պաշտպանել «եղբայրական Թուրքիային հայերի դավերից» և արեց դա իր ոճով՝ խեղաթյուրելով փաստերը, մոռանալով, որ իր առջև ճնշված ադրբեջանցի գեղջուկներ չեն նստած, այլ լուրջ մարդիկ: Ըստ Ալիևի տրամաբանության, Սերժ Սարգսյանն իր ելույթում այդ ամենը չէր ասի, եթե հավաքին ներկա լիներ Էրդողանը: Բայց հո ինքը՝ Իլհամ Ալիևը, ներկա է… և նորից վայնասուն 20 տոկոս գրավյալ տարածքների, մեկ միլիոն փախստականների, էթնիկ զտումների, ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերի, ինչպես նաև Եվրախորհրդարանի ու ԵԽԽՎ բանաձևերի մասին՝ մի խոսքով իր բոլոր նախընտրած թեզերը: Մի՞թե Իլհամ Ալիևը լրջորեն կարծում է, որ Արևելյան գործընկերության երկրներն ու ԵՄ ներկայացուցիչները ծանոթ չեն ղարաբաղյան պատերազմի պատմությանը: Հարկ չկա կրկնելու նրա խոսքերը՝ դրանք վաղուց արդեն բոլորին հոգնեցրել են: Այս դեպքում ելույթի տողատակը մեկն էր՝ «Կարթագենը պետք է ավիրվի», այսինքն՝ տվեք Ղարաբաղն ու ձայն մի հանեք:

«Մենք խաղաղություն ենք ուզում: Մենք ուզում ենք, որ վերադարձնեն մեր տարածքները»,-ասաց Ալիևը: Դե, ասել կարելի է ամեն ինչ, կարելի է բանակի վրա տասնյակ միլիարդներ ծախսել, իսկ հետո հաշվել ոչ մարտական պայմաններում կրած կորուստները: Ամեն ինչ կարելի է: Բայց դե դա պատիվ չի բերում Ադրբեջանի նախագահին, թեև դա նրան պետք էլ չի:

Իսկ հետո Ալիևն անցավ հայ-թուրքական հարաբերություններին, թեև դա նրան ամենևին չէր վերաբերվում: Բայց դա արդեն Թուրքիայի մեղքն է, որը թույլ տվեց, որ Բաքուն միջամտի կարգավորման գործընթացին: Վերաշարադրելով Էրդողանի ապրիլի 23-ի ելույթի դրույթները, կարծես, ներկաները տեղյակ չէին, Ալիևը տարակուսեց, թե «հայերի կողմից համապատասխան արձագանք չեղավ»: Հավանաբար, ըստ նրա, հայերը պետք է ծնկաչոք շնորհակալությո՞ւն հայտնեին Էրդողանին:

Եվ Ալիևի եույթի ավարտը. «Ադրբեջանական ժողովուրդն իրեն հարց է տալիս. Ինչո՞ւ Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն կիրառվում: Ինչո՞ւ Հայաստանի պատվիրակությունը չի զրկվում Եվրոպայի խորհրդում ձայնի իրավունքից: Նրանք մեկ այլ երկրի տարածք են զավթել, խախտում են միջազգային իրավունքի նորմերը, ՄԱԿ ԱԽ 4 բանաձևի դրույթները, իսկ նրանց դեմ ոչ մի պատժամիջոց չի կիրառվում, ոչ ոք նրանց չի պատժում: Այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի քրեածին ռեժիմի ներկայացուցիչները մուտքի արտոնագրեր են ստանում եվրոպական երկրներ այցելելու համար: Դա անտանելի է: Դրան հարկավոր է վերջ տալ»:

Այլ կերպ ասած՝ խաղալիքս հետ տվեք, թե չէ կնեղանամ ու դեպի Ռուսաստան կդառնամ, ու գազն էլ Եվրոպա չի գնա: Ածխաջրածնային շանտաժը տեղին է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ի վերջո Պարսից ծոցի միապետությունների պարագայում, բայց ոչ Ադրբեջանի: Այնուամենայնիվ, Ալիևը ինչ-որ նոր բան պիտի մտածի 20 տոկոս տարածքների թեզի փոխարեն:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net, Photo: President.am
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---