Թուրքաբնակ լեզվաբան. Հայ եմ, սոցիալիստ ու ճշմարտությունն եմ ասում

Թուրքաբնակ լեզվաբան. Հայ եմ, սոցիալիստ ու ճշմարտությունն եմ ասում

PanARMENIAN.Net - Թուրքաբնակ լեզվաբան ու լրագրող Սևան Նիշանյանին բանտում այցելության է գնացել կալանավայրերին հետևող հանձնաժողովի ղեկավարի տեղակալ, Ժողովրդական դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Նուրեդդին Դեմիրը: Նիշանյանը պատիժը կրում է Իզմիրի բանտում:

Հանդիպմանը Նիշանյանն ասել է, որ կալանքի տակ է, քանի որ հայ է, սոցիալիստ ու ճշմարտությունն է ասում: «Պաշտոնյաների հետ հարաբերություններս միշտ վատն են եղել: Իմ բոլոր այդ հատկությունների համար էլ բանտ են նստեցրել: Մեկ ուրիշին գուցե ներվեր, բայց ինձ՝ ոչ: Վարչապետ Էրդողանի հետ էլ հարաբերություններս վերջերս վատթարացան: Ես նրա մասին քննադատական հոդվածներ եմ գրել Taraf թերթում, նրան դա դուր չեկավ և նա հայտարարեց, որ ես վիրավորում եմ իսլամը», -ասել է Նիշանյանը՝ հավելելով, որ մինչև հոկտեմբերի ավարտը բանտում է նստելու: Նա հավելեց նաև, որ ինչ-որ մեկը շատ է ուզում ոչնչացնել իրեն, գրում է Demokrat Haber-ը:

2014 թվականի հունվարի 2-ից հայ լեզվաբան և լրագրող Սևան Նիշանյանը կալանքի տակ է թուրքական բանտում: Պատժի դաժանությունն ու չհիմնավորված լինելը, նոր հաշվեհարդարների սպառնալիքը ստիպեցին քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների ու կազմակերությունների ակտիվիստների համախմբվել ու Հանուն Նիշանյանի ազատության ու արդարության միջազգային կոմիտե ստեղծել:

2011 թվականի հունվարի 9-ին Սևան Նիշանյանը դատապարտվեց 3 տարի 4 ամիս ազատազրկման «ապօրիլի կառուցապատման» համար: Դատարանի որոշումը պայմանավորված էր նրանով, որ լրագրողն անշարժ գույք ունի, որը Թուրքիայում հայտնի է, որպես Նիշանյանի տներ, իսկ Իզմիրի ղեկավարությունը մտադիր է քանդել այդ ապօրինի կառույցները: Դատարանը նաև տուգանել է Նիշանյանին 160 լիրայով և զրկել է նրան որոշ արտոնություններից: Իզմիրի ղեկավարությունը որոշեց քանդել Նիշանյանի տները, որոնք բաղկացած են գյուղական կոլորիտով 16 շինություններից, որպես ապօրինի կառույցներ: Ինքը Նիշանյանն ընկալում է այդ որոշումը բացառաես որպես իր դեմ ուղղված ակցիա: Նա հայտարարել է, որ թուրքական իշխանությունները չեն կարող իրագործել իրենց որոշումը, քանի դեռ նա ողջ է: Ինքը Նիշանյանը շինությունները փոխանցել է Ազիզ Նեսինի հիմնադրամին:

2013 թվականի մայիսին Սևան Նիշանյանը դատապարտվեց 13,5 ամսվա ազատազրկման Մուհամմեդ մարգարեի հասցեին ասած խոսքերի համար: Նիշանյանի գրառումը բլոգում դատարանը «սրբապղծություն» համարեց:

2010 թվականին Նիշանյանի մեկնաբանությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական հեռուստատեսության եթերում հեռուստաալիքը պատժելու պատճառ դարձան: Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը ( RTUK ) հայտարարեց, որ Նիշանյանի մեկնաբանությունները «նվաստացնում են» Թուրքիայի Հանրապետությունը:

2012 թվականին «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպությունը Թուրքիան անվանեց ամենամեծ բանտը լրագրողների համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---