ANCA. ԼՂՀ անկախությունը, ինչպես և ԱՄՆ դեպքում, օտարերկրյա բռնատիրության հանդեպ ինքնորոշման հաղթանակն է

ANCA. ԼՂՀ անկախությունը, ինչպես և ԱՄՆ դեպքում, օտարերկրյա բռնատիրության հանդեպ ինքնորոշման հաղթանակն է

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքականությունը պետք է համընկնի ամերիկյան արժեքների հետ`հավելելով, որ ԱՄՆ պետքարտուղարության քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում պետք է համահունչ լինի ազատության ու ժողովրդավարության համընդհանուր արժեքներին: «Անկախացման օրվանից ի վեր ամերիկացիները հավատարիմ են ազատության գաղափարին, դեմ են իր և այլ ժողովրդների վրա արտաքին ճնշումներին»,-ասել է նա:

«ԼՂՀ անկախությունը, ինչպես և մեր անկախությունը, ժողովրդավարական ինքնորոշման հաղթանակն է օտարերկրյա բռնատիրության ու ագրեսիայի հանդեպ: Մենք պետք է աջակցենք մարդկային ոգու այդ մեծ հաղթանակին: Լինելով ամերիկացիներ, մենք չպետք է այլ ժողովրդներից պահանջենք, որ նրանք ապրեն պակաս ազատության պայմաններում»,-ասել է Արամ Համբարյանը:

Ինչպես ասվում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հայտարարության մեջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին հայտարարությամբ հանդես կգա Ղարաբաղի վերաբերյալ Քարնեգի հիմնադրամի կազմակերպած կլոր սեղանի շրջանակում:

Հարկ է նշել, որ Ադրբեջանը մշտապես քննադատության է ենթարկում Ջեյմս Ուորլիքին ղարաբաղյան հարցում նրա օբյեկտիվ մոտեցման համար: Այդպես, Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը հայտարարեց. «Բաքվում աննկատ չեն մնացել պարոն Ուորլիքի արտահայտությունները: Մենք նաև տեղեկություն ենք ստանում այլ աղբյուրներից, այդ թվում Վաշինգտոնից: Մեզ հայտնի է, որ ամերիկացի համանախագահը սերտ կապեր ունի ԱՄՆ հայ համայնքի հետ, որն, ինչպես հայտնի է, կոշտ դիրքորոշում ունի հակամարտության կարգավորման հարցում: Սոցցանցերում գրառումների նույնիսկ հպանցիկ ընթերցումը ցույց է տալիս, որ ամերիկացի համանախագահը գերադասում է շփվել ԱՄՆ հայ համայնքի հետ, ոչ թե ադրբեջանական: Ընդ որում Ուորլիքը չգիտես ինչու հաճույքով զետեղում է հղումներն իր հարցազրույցներին, որ տալիս է հայկական ԶԼՄ-ներին՝ լռության մատնելով իր շփումն ադրբեջանցի լրագրողների հետ»,

Ըստ նրա, Ուորլիքի հայտարարություններում նկատելի է միակողմանի մոտեցում, որը դրսևորվում է ինչպես հակամարտության պատմության, այնպես էլ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների էության ու ընթացքի խեղաթյուրման մեջ: «Պարոն Ուորլիքը թույլ է տալիս իրեն կամայական ձևով մեկնաբանել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որոնք կարգավորման հիմքում են, և, ի դեպ, որոշում են միջնորդների մանդատն ու հստակ շրջանակները: Այս ամենը թույլ է տալիս մեզ որոշակի եզրակացություններ անել ամերիկացի համանախագահի դիրքորոշման ու նպատակների մասին: Չնայած Ուորլիքի այն հայտարարություններին, որ համանախագահները պետք է չեզոքություն պահպանեն, իր իսկ գործունեությունը հակառակն է փաստում: Ակնհայտ է, որ պարոն Ուորլիքի արտահայտությունները պատվիրված բնույթ են կրում», -գտնում է Ազիմովը:

Ի պատասխան Ազիմովին, ինչպես հայտնեց «Ազատություն» ռադիոկայանը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը հայտարարեցին, որ «ԱՄՆ կառավարությունը համաձայն չէ այն գնահատականի հետ, որը հնչեցրել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը և հավատարիմ է մնում ղարաբաղյան կարգավորման հարցում ստանձնած պարտավորություններին: ԱՄՆ-ն հորդորում է երկու կողմերին լուրջ քայլեր ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորման համար»:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---