Կալիֆորնիայի օրենսդիր ժողովը ճանաչել է Արցախի անկախությունը

Կալիֆորնիայի օրենսդիր ժողովը ճանաչել է Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - Հայկական ամենամեծ համայնքն ունեցող նահանգի օրենսդիր իշխանությունը պատմական քայլ է արել՝ Կալիֆորնիայի պետական օրենսդիր ժողովը մայիսի 8-ին ձայների մեծամասնությամբ Արցախի անկախությունը ճանաչող AJR 32 բանաձև է ընդունել, որը ներկայացրել էր կոնգրեսական Մայք Գատտոն, գրում է Asbarez-ը: Դրանով նաև ԱՄՆ-ին կոչ է արվում ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

«Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել այս բանաձևի վրատեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ու հպարտությամբ հայտնում եմ՝ այն ընդունվել է»,- իր խոսքում նշել է Գատտոն։

Իր հերթին Ամերիկայի հայկական խորհրդի ղեկավար Սևակ Խաչատրյանը նշել է, որ AJR 32 բանաձևի ընդունմամբ Կալիֆորնիան կանգնում է Արցախի ժողովրդի կողքին, որը ժողովրդավարության կողմնակից է, գրում է Massispost-ը։

ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն ողջունել է խորհրդարանի քայլը։

«Այս քվեարկությունը հայ ժողովրդի երկարաժամկետ ձգտումների ամրապնդման խորհրդանիշն է․ այն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր ճակատագիրը որոշելու և ժողովրդավարական նորմեր հաստատելու համար պայքարի կարևորությունը:

Չնայած Ադրբեջանի խիստ ընդդիմությանը՝ Կալիֆորնիայի օրենսդիր իշխանությունը հերոսական քայլ է արել՝ առաջ տանելով ազատության և ինքնորոշման համար պայքարը: Բանաձևի ընդունման համար ակտիվ պայքարել են Կալիֆորնիայի օրենսդիր ժողովի անդամներ Մայք Գատտոն, Սքոթ Ուիլքը, Ադրին Նազարյանը և Խաչո Աչաջյանը, ինչպես նաև ժողովի խոսնակ Ջոն Պերեսը»,- նշված է կոմիտեի հաղորդագրությունում:

Մայիսի 5-ին Արցախի անկախությունը ճանաչելու մասին որոշում էր կայացրել Կալիֆորնիայի Վեհաժողովի ընթացակարգերի կոմիտեն՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել ինքնորոշման իրավունքին։ Կոնգրեսական Մայք Գատտոյի ներկայացրած AJR 32 բանաձևի օգտին էր քվեարկել 9 օրենսդիր, 1-ը դեմ էր, ևս 1-ը չէր մասնակցել քվեարկությանը:

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը ողջունել էր Մայք Գատտոյի AJR 32 բանաձևի ընդունումը Կալիֆորնիայի նահանգի ընթացակարգային հարցերի կոմիտեում և կոչ արել Վեհաժողովին ընդունել բանաձևը:

«Տարիներ շարունակ սատարում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին և ողջունում բանաձևի ընդունումը Վեհաժողովի կոմիտեում: Ողջունում եմ նաև աջակցությունն Արցախի ժողովրդի սեփական ճակատագիրն ընտրելու իրավունքին, անկախ Ադրբեջանի ճնշումից, և կոչ անում Վեհաժողովին անհապաղ ընդունել բանաձևը»,- ասել էր կոնգրեսական Շիֆը։

Կալիֆորնիան տասնյակ հազարավոր ամերիկահայերի համար տուն է դարձել, որոնք փախստական դարձան 1988-ին՝ սումգայիթյան, ինչպես նաև 1988-ին Կիրովաբադի ու 1990-ին Բաքվի հայկական ջարդերի հետևանքով: Այդ էթնիկ զտումները հող նախապատրաստեցին Ադրբեջանի կողմից արդեն մոտ երկու տասնամյակ տևող ագրեսիայի համար, որի ընթացքում նա պարտվեց Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, իսկ հետո օգտագործեց իր նավթային հարստությունը հզոր ռազմական արսենալ գնելու համար: Ադրբեջանի առաջնորդները փորձում են վերսկսել պատերազմը քրիստոնյա ժողովրդի դեմ, որն ապրել է այդ հողում հազարավոր տարիներ: Հունվարի 28-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հավանություն տվեց ԼՂՀ ինքնորոշման իրավունքի մասին բանաձևին ու ճանաչեց Արցախի անկախությունը: Բանաձևը ներկայացրել էր Խորհրդի անդամ Փոլ Քրեքորյանը: Քաղխորհուրդը բանաձևում հաստատեց իր հավատարմությունը Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը:

2012-ի հոկտեմբերի 24-ին ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր խորհուրդը միաձայն բանաձև ընդունեց ԼՂՀ անկախության ճանաչման ու անկախության հռչակման մասին: Բանաձևը ներկայացրել էր Մարի Ֆիկարոյը: Բանաձևը նաև կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու հարաբերություններ հաստատել նրա հետ:

2013-ի ապրիլի 23-ին Ֆրեսնոն դարձավ Կալիֆորնիայի առաջին շրջանը, որը ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Շրջանի հոգաբարձուների խորհուրդը բանաձև ընդունեց, որի հեղինական էր Խորհրդի ղեկավար Անդրեաս Բորգեսը, որով պաշտոնապես ճանաչվեց, որ ԼՂՀ-ն պատմականորեն և ազգաբնակչությամբ բուն հայկական տարածաշրջան է, որը գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Բանաձևը կոչ է անում Կալիֆորնիայի օրենսդիրներին պաշտոնապես ճանաչել ԼՂՀ անկախությունը: 2013-ի ապրիլի 10-ին ԱՄՆ Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատն ու Սենատը համատեղ բանաձև ընդունեցին ԼՂՀ անկախության ճանաչման մասին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին աջակցել, որպեսզի ԼՂՀ-ն մասնակից դառնա ռազմավարական կարևորության տարածաշրջանում տևական խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

2013-ի մայիսի 30-ին Լուիզիանա նահանգը բանաձև ընդունեց ի սատարումն ԼՂՀ ջանքերի՝ ապրել որպես ազատ ու անկախ պետություն: «Լուիզիանա նահանգի Սենատը հորդորում է ու սատարում է ԼՂՀ տևական ջանքերն, ուղղված որպես անկախ ու ազատ պետության զարգացմանը, երաշխավորելու համար իր քաղաքացիների համար ազատ ու անկախ հանրությանը բնորոշ իրավունքների իրացումը: Որոշում ենք նաև հորդորել նախագահին ու Կոնգրեսին սատարել ԼՂՀ ինքնորոշման իրավունքին ու անկախությանը»,-ասվում է բանաձևում:

2012-ի օգոստոսի 6-ին Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատը բանաձև ընդունեց, որով կոչ արեց ԱՄՆ նախագահին ու Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու անկախությանը:

2012-ի մայիսին ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգը ևս ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Արցախի Հանրապետություն

1923թ., հաշվի չառնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության կարծիքը, ՌԿԿ(բ) Կովկասի բյուրոյի որոշմամբ Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ:

65 տարի անց, Լեռնային Ղարաբաղում ժողովրդական շարժում սկսվեց Հայաստանի հետ վերամիավորվելու նպատակով, ինչը հավանության չարժանացավ ԽՍՀՄ իշխանությունների կողմից: 1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի Ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում ԽՍՀՄ կազմում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի եւ Շահումյանի շրջանի սահմաններում, որոնց բնակչությունը հիմնականում հայեր էին: 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվեն: 1991թ. դեկտեմբերի 28-ին անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում կազմավորվեց առաջին կառավարությունը:

1991 թվականի աշնանն Ադրբեջանում սկսվեցին ռազմական գործողություններ, որոնց ընթացքում նրան հաջողվեց վերահսկողություն սահմանել Շահումյանի շրջանում եւ բռնազավթել ԼՂՀ Մարդակերտի, Հադրութի եւ Մարտունու շրջանների մեծ մասը: 1993թ. կեսից պատասխան ռազմական գործողությունների արդյունքում, ԼՂՀ-ն վերականգնեց վերահսկողությունը գրեթե իր ողջ տարածքում: 1994թ. հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո ԼՂՀ վերահսկողության տակ են շարունակում մնալ նաեւ Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի, Ջեբրաիլի, Զանգելանի շրջաններն եւ Աղդամի ու Ֆիզուլիի շրջանների մի մասը (անվտանգության գոտի): Հետագայում, ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածում նշված է, որ մինչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական տարածքի ամբոջականության վերականգնումը եւ սահմանների հստակեցումը, հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավասության տակ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---