Թուրք լրագրողը վերահրատարակել է Մուսա լեռան պաշտպանության մասին գիրքը

Թուրք լրագրողը վերահրատարակել է Մուսա լեռան պաշտպանության մասին գիրքը

PanARMENIAN.Net - Հայտնի թուրք լրագրող ու հրատարակիչ Օսման Քոքերը հրատարակել է «Անթակիա, Իսկենդերուն, Մուսա-դաղ» գիրքը նոր խմբագրությամբ: Այն պատմում է լեռան հերոսական պաշտպանության մասին, ներկայացված են մինչև 1915-ի Օսմանյան կայսրությունում հայերի կյանքին վերաբերող լուսանկարներ բացիկների ու փաստաթղթերի կոլեկցիոներ Օռլանդո Կառլո Կոլումելոյի հավաքածուից: Ինչպես գրում է հայ-թուրքական «Ակոս» թերթը, գրքում ներկայացված են եզակի լուսանկարներ Ալեքսանդրետում, Անտիոքում և Մուսա լեռան ստորոտի գյուղերում հայերի կյանքի մասին:

Օսման Քոքերը բերում է Ցեղասպանության ականատեսների վկայությունները, մասնավորապես՝ Մարաշի բողոքական եկեղեցու հովիվ Տիգրան Անդրեասյանի վկայությունը, որը մանրամասն նկարագրում է լեռան պաշտպանությունը:

Մուսա լեռան պաշտպանության 44 օրից հետո ողջ մնաց 427 մանուկ, 628 պատանի և 508 աղջիկ: Նրանց բոլորին բարեհաջող կերպով տեղափոխեցին ֆրանսիական «Ժաննա դ՚ Արկ» ռազմանավով և այլ նավերով:

1915-ի սեպտեմբերի 14-ին 4058 հայ երկօրյա նավարկությունից հետո ժամանեց Եգիպտոսի Պորտ Սաիդ նավահանգիստ: Նրանց ժամանակավորապես թույլ տվեցին մնալ ճամբարում, մինչև որ ապաստան գտնեն: 1921-ին ոմանք վերադարձան Ալեքսանդրետ, որը ֆրանսիական մանդատի տակ էր, սակայն ֆրանսիացիների հեռանալուն պես նույնպես հեռացան: 1939-ից ի վեր նրանք ապրում են Հաթայ գավառի Թուրքիայի միակ Վակըֆի հայկական գյուղում: Առաջին անգամ Քոքերն աչքի ընկավ Ստամբուլում իր աննախադեպ «Սիրելի եղբորս» ցուցահանդեսով, որտեղ ներկայացվեցին կոլեկցիոներ Կալումենոյի լուսանկարներն Օսմանյան կայսրությունում հայերի կյանքի մասին մինչև 1915 թվականը:

Ցուցահանդեսը ցուցադրվել է Փարիզում, Մյունխենում, Քյոլնում, Ֆրանկֆուրտում ու Երևանում: Քոքերը նաև «Հայերը Թուրքիայում 100 տարի առաջ» գրքի հեղինակն է, որի հարյուրավոր լուսանկարները պատմում են, թե որտեղ և ինչպես են ապրել հայերը Օսմանյան կայսրությունում մինչև Ցեղասպանությունը:

1996-ին Քոքերը մասնակցել է Agos և Araz հայ-թուրքական օրաթերթերի հրատարակչության ստեղծմանը, որտեղ նաև հայերեն գրքեր են տպագրվել, թարգմանված թուրքերենից հայերեն:

Օսման Քոքերը կայսրության սուլթանների հայտնի ճարտարապետ, ծագումով հայ Սինանի ընտանիքից է:

«Մուսա լեռան 40 օրը» վեպն առանձնակի տեղ է գրավում Վերֆելի ստեղծագործությունների մեջ։ Ստեղծագործության համար հիմք են ծառայել 1915 թ. Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայության հերոսական պայքարը թուրքական ջարդարարների դեմ։ Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձեցին ի կատար ածել հայության տարհանման հրամանը, հայերը որոշեցին դիմադրություն ցույց տալ՝ բարձրանալով Մուսա լեռ, որտեղ և կազմակերպեցին ինքնապաշտպանություն՝ 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հարձակումները։ Վեպը գրելիս Վերֆելը օգտագործել է ականատեսների վկայություններ, լրատվական նյութեր, ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, կրոնն ու մշակույթը։ Վեպը մեծ հաջողություն է ունեցել ընթերցողների շրջանում, 1934 թ. արժանացել է տարվա լավագույն վեպի միջազգային մրցանակին և այսօր էլ համարվում է Վերֆելի առանցքային ստեղծագործություններից մեկը։ Թարգմանվել է աշխարհի ավելի քան 20 լեզուներով, այդ թվում և հայերեն։

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին Ֆրանց Վերֆելը կազմակերպում է պացիֆիստների ընկերություն, թեև պատերազմի բռնկումից հետո զորակոչվում է բանակ՝ 1915-17 թթ. կռվելով արևելյան ճակատում։ 1938 թ. Ավստրիայի ֆաշիստական օկուպացումից (Անշլյուս) հետո ստիպված է լինում տեղափոխվել Ֆրանսիա (Սանարի-Սյուր-Մեր), այնուհետև՝ 1940 թ. կնոջ և գրող Հենրիխ Մաննի ու նրա ընտանիքի հետ Ֆրանսիայից անցնում է Իսպանիա ու Պարտուգալիա, այնտեղից էլ՝ ԱՄՆ։ 1941թ. դառնում է ԱՄՆ քաղաքացի։ Վերֆելը հանկարծամահ է եղել 1945 թվականի օգոստոսի 26-ին՝ ԱՄՆ-ի Բևեռլի Հիլզում։ Հետագայում նրա աճյունը երախտագետ մի խումբ հայերի կողմից փոխադրվել է Վիեննա և հանձնվել հողին:

Ալեքսանդրետի սանջակը Ալեքսանդրետ քաղաքին հարող մարզի նախկին անվանում է (այժմ Թուրքիայի Հաթայ վիլայեթը): XI-XIV դարերում Ալեքսանդրետի սանջակի տարածքի զգալի մասը մտել է Կիլիկիայի հայկական պետության կազմի մեջ։ Տարածությունը՝ 5 հազար կմ2։ Որպես Սիրիայի մի մասը, Ալեքսանդրետի սանջակը 1915-1918 թվականներինին Օսմանյան կայսրության կազմում էր։ 1918 թվականի նոյեմբերին օկուպացրել են անգլիացիները, հետո՝ ֆրանսիացիները։ Այստեղ է գտնվում Մուսա լեռը, ուր 1915 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին տեղի է ունեցել հայերի ինքնապաշտպանական հերոսամարտը։ 1920 թվականին Ալեքսանդրետի սանջակը մտցվել է Ֆրանսիայի մանդատին հանձնված Սիրիայի կազմի մեջ։

1937 թվականից, ձևականորեն մնալով Սիրիայի կազմում, Ալեքսանդրետի սանջակը անցել է Ֆրանսիայի և Թուրքիայի համատեղ հսկողության տակ։ 1938 թվականին այստեղ ստեղծվել է Հաթայի ինքնավար պետությունը։ 1939-ի հունիսին վերջինս միացվել Է Թուրքիային։ Տեղի հայ բնակչությունը (մոտ 40 հազար) հուլիսի 16-23-ը հեռացել է և հաստատվել Սիրիայում, Լիբանանում։ Հեռացել է նաև 20 հազար արաբ։ Սիրիան չի ճանաչել այդ անեքսիան:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---