Բեռլինում քննարկել են քրդերի դերը Հայոց ցեղասպանության տարիներին

Բեռլինում քննարկել են քրդերի դերը Հայոց ցեղասպանության տարիներին

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին Բեռլինում տեղի է ունեցել «1915 թ. Հայոց ցեղասպանություն. Հավաքական պատասխանատվություն և քրդերի, հայերի ու ասորիների հարաբերությունների դերը» խորագրով խորհրդաժողովը: Հավաքին մասնակցել են քուրդ մտավորականության երկու սերունդների ներկայացուցիչներ՝ նպատակն էր քննարկել միջհամայնքային հարաբերությունները Հայոց ցեղասպանությունից առաջ ու հետո և քրդերի դերը հաշտեցման ու վնասի հատուցման գործընթացում:

Գիտաժողովում ելույթ է ունեցել Armenian Weekly-ի խմբագիր Խաչիկ Մուրադյանը, որը կոչ արեց քուրդ ղեկավարներին ու քաղաքական գործիչներին ընդլայնել ու խորացնել իրենց դերը Հայոց ցեղասպանության զոհերի հանդեպ արդարության հաստատման հարցում: «Իմ պապն ու տատը վերապրել են ցեղասպանությունը և ի վերջո հայտնվել են Լիբանանում, որտեղ իրենց կյանքը սկսել են զրոյից: Եվ երբ ես ծնվեցի, նրանք տվեցին այն սակավաթիվ բաներից մեկը, որ բերել էին Կիլիկիայից՝ թուրքերեն լեզուն: Ինձ համար դա մահվան ու զրկանքների լեզու էր: Այսօր ես առաջին անգամ եմ խոսում այդ լեզվով: Մյուսներին խնդրել, որպեսզի նրանք բացեն աչքերն ու ճանաչեն հայերի տառապանքները, բավարար չէ: Մեզ միայն արդարություն է հարկավոր: Եկեք չխոսենք եղբայրության ու խաղաղության մասին: Ես հոգնել եմ այդ բառերի անդադար, անպատեհ ու չարչրկված օգտագործումից Թուրքիայում: Եկեք չխոսենք ընդհանուր ցավի մասին Անատոլիայում, թուրքական անձնագրերի, ցավակցությունների ու այլ անհեթեթությունների մասին: Հաշտեցման ճանապարհն անցնում է արդարության միջով: Կարճ ուղիներ չկան: Անկարան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, բայց Դիարբեքիրը կարող է այլ սահման բացել՝ սփյուռքի հետ սահմանը: Իսկ այդ սահմանը կարելի է բացել միայն արդարադատության միջոցով: Եկեք 1915 թվականի ապրիլի 24-ին հավաքվենք Դիարբեքիրում՝ նշելով հայերի, ասորիների ու Պոնտոսի հույների ցեղասպանության 100-ամյակը, հավաքվենք հարյուր հազարներով և մենք ավելի լսելի կդարձնենք արդարության ձայնը»,-ասել է Մուրադյանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---