Հնագույն գտածոներ, եռաչափ ցուցադրություններ ու երաժշտական համարներ. Երեկոյան թանգարանները չեն փակվի

Հնագույն գտածոներ, եռաչափ ցուցադրություններ ու երաժշտական համարներ. Երեկոյան թանգարանները չեն փակվի

PanARMENIAN.Net - «Թանգարանային գիշերվա» առթիվ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում մայիսի 17-ի երեկոյան, մեկ ժամվա պարբերությամբ ցուցադրվելու է բրիտանական թանգարանի պատվիրակության նվիրած 40 րոպե տևողությամբ ֆիլմը, որն ընդմիջվելու է «Վան» ազգագրական համույթի երգերի և պարերի կատարմամբ: Արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանի խոսքով` ցուցադրմանը հաջորդելու է Պատանի հնագետի դպրոցի երեխաների ցուցադրական պեղումները:

Թանգարանը փորձել է կապ ստեղծել նաև Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանի հետ և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վեց որմնանկարների պատճեներ ցուցադրվելու են այնտեղ և կոչվելու է` անակնկալ գիշերով, գրում է Panorama.am-ը:

Գյուրջյանը հայտնեց, որ ցուցադրվելու է նաև ագաթից մի կոճակ, որը հայտնաբերվել է Կոտայքի մարզի ուրարտական դամբարաններից մեկում և կոչվում է «Մի ցուցանմուշ, մի պատմություն»: Այդ ցուցանմուշի տրամագիծը 2 սմ է, պատկերված է առյուծի բարձրաքանդակ և այն խոշորացույցով ցուցադրվելու է: Այս տարի թանգարանում վիդեո տարբերակով ցուցադրվելու են Բրիտանական թանգարանի ցուցանմուշները, որտեղ առկա են նաև ուրարտական շրջանի նմուշներ:

Ի դեպ, «Էրեբունի» թանգարան այցելել ցանկացողներին Հանրապետության հրապարակից կսպասի քաղաքապետարանի տրամադրած ավտոբուսը, իսկ հետո հետ կբերի կենտրոն, գրում է Tert.am-ը:

Հետաքրիր միջոցառումներ է նախատեսել նաև Երևանի պատմության թնագարանը: Կազմակերպիչներն ավանդական հայկական գորգի վրա վերականգնել են խորհրդանշական տոհմածառ, և առավոտյան այցելուները իրենց տոհմի, ընտանիքի լուսանկարները բերելու և փակցնելու են այնտեղ: Ցուցադրվելու է նաև կին նկարչուհների գեղանկարները: Մի խումբ երիտասարդներ երաժշտություն թանգարանի հնագիտության սրահում ջութակ են նվագելու` ներկայացնելով ժամանակակից երաժշտություն: Ծրագիրը կոչվելու է «Ջութակի հեղափոխություն», մանրամասնել է թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը:

Երևան քաղաքի թնագարանի գլխավոր միջոցառումը 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը ներկայացնող Երևանի մեծ մանրակերտն է, ինչը մի քանի րոպեով այցելուին հին Երևան է տանելու, փողոցներում հայտնվելու են մարդիկ, կառքեր և մի քանի րոպեի ընթացքում այցելուն տեսնելու է հին Երևանի անցուդարձը:

«Գլխավոր մեր միջոցառումը կսկսվի 20:30-ին: Մենք ժամանակակից տեխնոլոգիաներով եռաչափ պրոյեկցիայով վերականգնել ենք Հին Երևանը: Բոլորը հնարավորություն կունենան տեսնել հին Երևանի փողոցները, մարդկանց, շենքերը և պատկերացնել, թե ինչպիսինն է եղել Երևանը նախկինում: Իսկ այնուհետև այցելուները հնարավորություն կունենան տեսնելու ժամանակակից Երևանը»,-նշել է թանգարանի տնօրենը:

Ժամանակակից արվեստի թանգարանն էլ է միացել գիշերին և նախատեսել միանգամից երկու ծրագիր: Այսօր երեկոյան ելույթ կունենան արվեստի դպրոցի սաները, այնուհետև դաշնակահար Հարություն Թագվորյանը: Լինելու է նաև իսպանացի երեք երիտասարդ արվեստագետների ցուցահանդեսը:

Մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 17-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: 2014 թվականը հոբելյանական է. Հայաստանում թանգարանները չեն փակվի արդեն 10-րդ անգամ:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ այս տարի անգամ մասնակից թանգարանների թիվն է խորհրդանշական` Հայաստանի և Արցախի 100 թանգարան իրենց դռները կբացեն թանգարանասեր հասարակության առջև: «Թանգարանների միջազգային օրվա» խորագիրն է` «Թանգարանները միավորում են մեզ», որն ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջ, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը:

Մայիսի 17-ին արտասահմանում հայտնված զբոսաշրջիկներն ակցիայի շրջանակում հնարավորություն կունենան միաժամանակ մի քանի թանգարան այցելել։ Խոշոր քաղաքներում այդ գիշեր գործում են հատուկ ավտոբուսներ, որոնք թանգարանից թանգարան են տեղափոխում մարդկանց։

«Թանգարանների գիշերն» առաջին անգամ անցկացվել է 1997-ին Բեռլինում: Տեղի քաղաքային իշխանություններն ամբողջ գիշերը բաց թողեցին քաղաքի թանգարանների դռները, ինչը ժողովուրդը մեծ ոգևորությամբ ընդունեց: Շուտով այս ակցիային միացավ գերմանական ևս 20 քաղաք:

1999-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով ֆրանսիական թանգարանները տարվա մեջ մեկ օր բաց էին և անվճար հասարակության համար: Այս ակցիան կոչվում էր «Թանգարանային գարուն»: Շուտով այս նախաձեռնությունը գրավում է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող երկրների ուշադրությանը: 2001-ին նախաձեռնությունը վերանվանվում է «Թանգարանների գիշեր»-ի, որը վերջին տարիներին հովանավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, այս նախաձեռնությանն է միացել նաև Թանգարանների միջազգային խորհուրդը:Հայաստանը նախաձեռնությանը միացել է 2005-ից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---