ANCA. Ալիևը համակված է հայերի հանդեպ իռացիոնալ ատելությամբ

ANCA. Ալիևը համակված է հայերի հանդեպ իռացիոնալ ատելությամբ

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը բաց նամակով դիմել է համայն հայությանն ու Հայաստանի բոլոր բարեկամներին: Նամակում մասնավորապես ասվում է. «Մեր գլխավոր թշնամին համայն հայությունն է»՝ սա Թալեաթ փաշայի կամ Աբդուլ Համիդի խոսքերը չեն, և 1915 թվականին չէ, որ ասվել են: Սա ասում է Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը, նավթով հարուստ Բաքվի բռնապետը, որը բացահայտ հավակնություններ ունի Երևանի հանդեպ, ներում է շնորհում հայերի մարդասպաններին ու իր թուրք գործընկերների հետ ձգտում է մեկուսացնել Հայաստանն ու ոչնչացնել Արցախը: Ալիևը համակված է իռացիոնալ ատելությամբ հայերի հանդեպ՝ բոլորի և յուրաքանչյուր առանձին հայի հանդեպ աշխարհում: Նացիստական Գերմանիայի ժամանակներից ի վեր մենք չենք տեսել առաջնորդի, որն այդպես է վերաբերվում մի ողջ ազգի և դրանք լոկ խոսքեր չեն: Իր սպառնալիքները նա ամրապնդում է իր շահերի լոբբինգով՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսելով այդ նպատակի համար, սահմանների վրա հարձակվելով, դիպուկահարների կրակով, որոնք սպանում են խաղաղ բնակիչների ու բազմամիլիոնանոց սպառազինության մրցավազքով: Անձամբ Ալիևը տարեկան ավելի շատ է ծախսում, քան Հայաստանի ամբողջ պետական բյուջեն է: Անկարայի իր դաշնակիցների հետ նա անում է ամեն ինչ ավարտին հասցնելու այն, ինչ սկսվել էր 1915 թվականին: Նա հայտարարել է իր մտադրությունների մասին, նա ունի հնարավորություն և նա զինվում է»,-գրում է Համբարյանը:

Ինչպես գրում է Արամ Համբարյանը, Ալիևի ճանապարհին են կանգնած խիզախ երիտասարդները, որոնք օր ու գիշեր հսկում են Հայաստանի սահմանները: Այդ զինվորներն իսկական հերոսներ են: «Հայկական բանակը մեր հայրենիքի պաշտպանության առաջին գիծն է: Բայց ինչպես ցանկացած բանակ, այն ռեսուրսների կարիք ունի, մենք պետք է սատարենք ու ամրապնդենք նրա ռեսուրսները, օգնենք Հայրենիքին, առավել ևս, որ 10 հայից 7-ը արտերկրում է բնակվում: Մենք չենք կարող զոհերի գնալ զինվորների շարքում, որոնք ամեն օր իրենց կյանքն են վտանգում, պաշտպանելով սահմանը: Բայց մենք հայտարարում ենք նաև, որ մեր դիրքերն ամբողջ աշխարհում ամուր են: Ամբողջ աշխարհի հայերը, ոգեշնչված Հայ Դատի գաղափարներով, իրոք կարևոր դեր են կատարում մեր հայրենիքի պաշտպանության ու մեր իրավունքների առաջ մղման գործում:

Այսօր մեր գործունեությունը կարևոր է, ինչպես երբեք: Հիշեցնեմ մեծն Չարենցի խոսքը. «Ով, հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Չարենցն իրավացի էր այն ժամանակ, իրավացի է նաև այսօր:

Մենք պարտական ենք մեր նախնիներին, մեր ապագային և ինքներս մեզ: Եվ մենք պետք է պայքարենք բոլոր ճակատներում՝ պահանջենք Հայոց ցեղասպանության ճանաչում ու հատուցում, ներառյալ Թուրքիայում գտնվող հայկական եկեղեցիների վերադարձը, պետք է պայքարենք հանուն Հայաստանի հզորացման, նոր աշխատատեղերի ստեղծման, արտագաղթը կասեցնելու, ժողովրդավարությունն ամրապնդելու, ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերը զորացնելու, Հայրենիքի ու Սփյուռքի միջև համաձայնության հաստատման համար: Մենք պետք է պայքարենք ԼՂՀ անկախության ճանաչման համար և Ամերիկայում հակահայկական լոբբինգի դեմ, սատարենք հայի ինքնության ու մշակույթի պահպանությանը Սփյուռքում՝ ներգրավելով երիտասարդներին ու սատարելով նրանց քաղաքացիական ակտիվությանը, պաշտպանենք մեր համայնքները Մերձավոր Արևելքում՝ ապահովելով միջազգային հումանիտար օգնություն»,-նշել է Արամ Համբարյանը:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) ամենախոշոր և ազդեցիկ ամերիկահայ կազմակերպությունն է ԱՄՆ-ում, որն իրականացնում է հասարակական գործունեություն և կապ է պաշտպանում կառավարության հետ: Կազմակերպությունը հայ ժողովրդի շահերի արտահայտողն ու պաշտպանն է ԱՄՆ-նում, կազմակերպությունը ներկայացված է տեղական, տարածաշրջանային և դաշնային մակարդակներով: ANCA-ն հիմնվել է 1918 թվականին Առաջին համաշխարհային պատերազմից հետո Վահան Քարդաշյանի կողմից, որը եղել է Օսմանյան կայսրության նախկին հյուպատոսը Վաշինգտոնում: Սկզբում կազմակերպությունը կոչվում էր «Հայաստանի անկախությանն աջակցող ամերիկյան կոմիտե»: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի կենտրոնակայանը գտնվում է Վաշինգտոնում, կենտրոնական գրասենյակներ կան նաև Նյու Յորքում և Լոս Անջելեսում: Կազմակերպությունն ունի շուրջ 50 ներկայացուցիչներ տեղերում և հազարավոր ակտիվիստներ, որոնք համագործակցում են աշխահի տարբեր երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Մերձավոր Արևելքում, Կանադայում և Ավստրալիայում գործող ցանցի ներկայացուցիչների հետ: Կազմակերպության նախագահն է Քեն Խաչիկյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---