ԱՄՆ Պետդեպ. Ալիևի բորբոքված սպառնալիքները Հայաստանին վնասում են ղարաբաղյան կարգավորմանը

ԱՄՆ Պետդեպ. Ալիևի բորբոքված սպառնալիքները Հայաստանին վնասում են ղարաբաղյան կարգավորմանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին մեկնաբանել է Հայաստանի հասցեին Ադրբեջանի նախագահի հնչեցրած սպառնալիքները: Ըստ նրա, բորբոքված հռետորաբանությունն ու հայտարարությունները, որոնք հակասում են ԱՄՆ սկզբունքներին, ավելացնում են լարվածությունը տարածաշրջանում ու վնասում են ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացին: Այդ մասին Ջեն Փսակին հայտարարել է Պետքարտուղարությունում տեղի ունեցած ճեպազրույցում՝ պատասխանելով այն դիտողությանը, որ Իլհամ Ալիևը սպառնում է Հայաստանին «մութ ապագայով»:

«Որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ նպաստել կողմերին ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում»,-ասել է նա: Փսակին նշել է, որ «համանախագահ երկրների նախագահների ու ԵԱՀԿ ՄԽ միջնորդների 2009-2013 թթ. հայտարարություններում բազմիցս է ասվել, որ խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ կանոնադրության ու Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման»: «Այսպիսով, մենք կոչ ենք անում կողմերին կրկնապատկել ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ և կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ կտա խաղաղությունն այդ տարածաշրջանի ժողովրդներին»,-եզրափակել է Փսակին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, իսկ նրա հետ միասին նաև մյուս պաշտոնյաները, օգտվելով լիակատար անպատժելիությունից, տարիներ շարունակ պատերազմով են սպառնում Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին:

Ռազմատենչ հայտարարություններին զուգահեռ ադրբեջանական բանակը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմն Արցախի ԶՈւ հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, գնդակոծելով ոչ միայն մարտական դիրքերը, այլ նաև սահմանամերձ գյուղերն ու պարբերաբար դիվերսիոն գործողությունների դիմելով, որոնց հետևանքով զոհեր են լինում:

Դիվերսիոն ներթափանցման վերջին փորձն արձանագրվեց մայիսի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին նկատելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը մեկ զինվոր է կորցրել՝ զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995-ին ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը։

Ավելի ուշ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում հայտնեց, որ հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելիս հայ զինծառայողները ոչնչացրել են ազերիների դիվերսիոն խմբի հրամանատարին: «Ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, հակառակորդը կրկին գործել է այսպես կոչված «սուպերպրոֆեսիոնալների» միջոցով: Սակայն մեր շարքային զինծառայողները կրկին հաղթանակ են տարել նրանց հանդեպ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Մայիսի 26-ին շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1994-ին ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:

Մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել փոխգնդապետ Գարիկ Բալայանը: Մեկնաբանելով տեղեկությունը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ լարվածություն սահմանին կա, սակայն, չի կարելի ասել, թե իրավիճակն ավելի լավրված է, քան նախկինում: «Մենք պետք է հասկանանք, որ իրավիճակը պարբերաբար կրկնվում է, լարվածություն միշտ կա, քանի դեռ, մենք գործ ունենք հակառակորդի հետ»,-հավելել է նա:

Ըստ ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների, մայիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել էր մոտ 450 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Հրադադարի ռեժիմի վերոհիշյալ խախտումներից բացի հակառակորդը մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր: Նահանջի ճանապարհին հակառակորդը տվել է առնվազն 3 վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Բայց մինչև այդ՝ մայիսի 20-ին շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող Արթուր Օհանջանյանը, ով ավելի ուշ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել էր «Մարտական ծառայություն» մեդալով։

Մարտի 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զինվորի մահվան պատճառը նույնպես հակառակորդի կողմից արձակված փամփուշտն էր։Դեպքը կատարվել էր մարտի 24-ին՝ ժամը 09:50-ի սահմանում․ մարտական առաջադրանք կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը:

Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելիս մահացու հրազենային գնդակային վիրավորում էր ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը, ևս մեկ սպա վիրավորվել էր։ Զինծառայողի մահվան ու ևս մեկ զինծառայողի վիրավորվելու փաստի առթիվ քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով` «մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ»:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---