ԵԱՀԿ ղեկավարը Սարգսյան-Ալիև նոր հանդիպման ու առավել ինտենսիվ բանակցությունների կոչ է անում

ԵԱՀԿ ղեկավարը Սարգսյան-Ալիև նոր հանդիպման ու առավել ինտենսիվ բանակցությունների կոչ է անում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեյցարիայի արտաքին գործերի նախագահ Դիդիե Բուրկհալթերը ավարտել է այցն Ադրբեջան և մեկնել է Վրաստան: Բաքվում Բուրկհալթերը հունիսի 2-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Մասնավորապես, Բուրկհալթերը նշել է, որ «մի քանի ամսում հնարավոր չէ ամեն ինչ փոխել, լուծել բոլոր խնդիրները, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որի շուրջ մենք բազում քննարկումներ ենք ունեցել և էլի կունենանք: Այդ հակամարտության կարգավորումը ժամանակ է պահանջում»:

«Ես նաև այստեղ եմ, լսելու ու հասկանալու տարբեր տեսակետներ և, հնարավոր է, գտնելու բանակցային գործընթացում առաջընթացի հասնելու ուղիներ: Իմ մոտեցումը, որպես ԵԱՀԿ գործող նախագահի, շատ պարզ է: Մենք վստահ ենք, որ պետք է քայլ առ քայլ առաջ շարժվենք դեպի խաղաղություն: Իսկ դա նշանակում է, որ մենք քարոզում ենք երկու հիմնական հարց: Առաջինը՝ մենք հանդես ենք գալիս առավել ինտենսիվ բանակցությունների օգտին, երկխոսությունն արդեն կայացել է: Սակայն անհրաժեշտ է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպում անցկացնել: Առաջարկվել է հանդիպումն անցկացնել Փարիզում, մենք նույնպես հավանություն ենք տվել այդ գաղափարին: Մենք կողմ ենք, որ այդ հանդիպումը առաջիկայում կայանա: Այդ հանդիպումը պետք է բանակցությունների նոր փուլի մեկնարկը հանդիսանա: Մյուս կողմից, դա կարող է հիմք ծառայել ստրուկտուրացված բանակցությունների համար, որոնք կարող են հիմք ծառայել խաղաղ համաձայնության համար: Իսկ այդ բանակցային գործընթացը պետք է ընթանա Մադրիդյան սկզբունքների հիման վրա»,-հայտարարել է Բուրկհալթերը:

Ըստ նրա, երկրորդ կարևոր հարցը, որ առաջ է քաշում Շվեյցարիան, հրադադարի ռեժիմի պահպանման խստացումն է: «Առաջին հերթին դա միջադեպերի հետաքննության մեխանիզմն է, որը նախկինում կողմերը համաձայնեցրել են, բայց չեն իրականացրել: Թույլ տվեք հայտնել, որ Շվեյցարիան պատրաստ է որպես ԵԱՀԿ գործող նախագահ ու որպես երկիր նախագահության ժամկետից հետո, սատարել բանակցային գործընթացին, կազմակերպելով հանդիպումներ, առաջարկելով սեփական փորձը, մոբիլիզացնելով ֆինանսական ու քաղաքական օգնությունը խաղաղ համաձայնագիրը կյանքի կոչելու համար: Մենք նաև պատրաստ ենք անել ամեն հնարավորը, ինչ պահանջվում է կողմերին հանուն խաղաղության միջավայրը բարելավելու համար»,-հայտարարել է Դիդիե Բուրկհալթերը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:

Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքտայ Ասադովի հետ հանդիպմանը ԵԱՀԿ գործող նախագահը, խոսելով ղարաբաղյան կարգավորման մասին, ասել է, որ շատ կարևոր է լսել կողմերի կարծիքները և իրազեկված լինել: Բուրկհալթերն ասել է, որ առաջիկա երկու օրում կայցելի Վրաստան ու Հայաստան, և հույս է հայտնել, որ այդ այցերը կնպաստեն բանակցային գործընթացի խթանմանը:

Ավելի ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է. «Մենք ողջունում ենք ԵԱՀԿ գործող նախագահ Բուրկհալթերի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ստրուկտուրացված բանակցությունների կոչը»:

Թբիլիսիից ԵԱՀԿ գործող նախագահը կժամանի Երևան, որտեղ կհանդիպի Հայաստանի պաշտոնյաների հետ:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---