Ցեղասպանության ժխտումով հասցրած վիրավորանքի համար Հոլանդիայի հայերը կարող են դատի տալ թուրքերին

Ցեղասպանության ժխտումով հասցրած վիրավորանքի համար Հոլանդիայի հայերը կարող են դատի տալ թուրքերին

PanARMENIAN.Net - Այս տարի Նիդերլանդների Ալմելո քաղաքում հայկական եկեղեցուն կից` եկեղեցու սեփական հողամասում, կառուցվել է Մեծ Եղեռնին նվիրված հուշահամալիր (16 թեք խաչքար շրջանաձև տեղադրված, մեջտեղում կլոր կրակաման շուրջ մեկ մետր շառավիղով):

Հուշահամալիրի բացումը տեղի է ունեցել ապրիլի 24-ին, որին մասնակցել են Հոլանդիայի խորհրդարանի երեք պատգամավոր, Ալմելոյի քաղաքապետի տեղակալը, ՀՀ դեսպանը և շուրջ 2000 ներկաներ: Ի դեպ եկեղեցու բակում տարիներ առաջ տեղադրվել էր խաչքար-հուշարձան հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Եկեղեցին գտնվում է քաղաքի հյուսիսային ծայրամասում:

Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամներից մեկը, ծագումով թուրք, տեղեկանալով այս նոր կառույցի մասին, հրահրել էր թուրքերին, որ ցույց կազմակերպեն հուշարձանի բացման օրը, բողոքելով «ցեղասպանություն-գենոցիդ» բառի առկայության դեմ: Այդ ցույցը, որին մասնակցել են շուրջ 200 մարդ, տեղի է ունեցել ապրիլի 24-ին Ալմելոյի քաղաքապետարանի մոտ: Դրանով չբավարարվելով` Թուրքիայի հյուպատոսը ժողովել է բոլոր թուրքական կազմակերպությունները և հրահանգել, որ մեծ ցույց կազմակերպեն Ալմելոյում հունիսի 1-ին` քաղաքապետարանից պահանջելով ջնջել տալ «գենոցիդ» բառը:

Քաղաքապետարանը հայտնել է, որ շինությունը գտնվում է եկեղեցու տարածքում և բավարարում է շինարարության բոլոր նորմերին, իսկ ցույցի վայրը նշանակել է քաղաքի հարավում գտնվող մի դաշտ: Թուրքերն իրենց մզկիթներում կոչ են արել հավաքվել Ալմելոյում և բոլոր կողմերից ավտոբուսներով ամբոխին բերել են Ալմելո:

Ոստիկանության տվյալների համաձայն ցուցարարների թիվը կազմել է մոտ 3000 մարդ, սակայն կազմակերպիչները նշում են, որ 4000-ից 5000 մարդ է եղել: Սա այն դեպքում, որ միայն Ալմելոյում բնակվում են շուրջ 8000 թուրք, այնպես որ հետաքրքրությունը ցույց կատարելու այնքան էլ շատ չի եղել, հատկապես որ որոշ թուրք և քուրդ կազմակերպություններ կտրականապես հրաժարվել են ցույցին մասնակցելուց:

Ցույցի ընթացքում ցուցարարները բղավել են լոզունգներ հայերի դեմ, ինչպես օրինակ «Ղարաբաղը դառնալու է հայերի գերեզմանը», հնչել է օսմանյան հաղթանակի քայլերգը, օսմանյան կարմիր տարազներով շեփորահարների կատարմամբ և այլն: Սակայն ընդհարումներ ցույցի ժամանակ չեն եղել:

Նախօրեին Ալմելոյի եկեղեցական խորհուրդը հրատարակել է հայտարարություն` դատապարտելով ցույցը և պահանջելով ցեղասպանության հերքումը պատժել օրենքով:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) կապվել է թե խորհրդարանի պատգամավորների և թե Ինտեգրացիայի և սոցապ նախարար Աշերի հետ` պահանջելով հետազոտություն կատարել թուրքերի նմանատիպ աշխատանքների մասին և կանխել ապագա ազգամիջյան անախորժությունները Թուրքիայից ներմուծված գաղափարախոսությամբ:

Ինչպես PanARMENIAN.Net ի հետ զրույցում, ներկայացնելով միջադեպի մանրամասները, նշեց FAON ղեկավար Մաթո Հախվերդյան-ը, հայկական կազմակերպությունները քննարում են դատարանին դիմելու նպատակահարմարությունը` թուրքերի կողմից ցեղասպանությունը ժխտելով հոլանդահայերին վիրավորանք հասցնելու համար:

Համալիրի շինարարությունը սկսվել էր 2013-ին բարերար Քրիստիան Գելիջինի հովանավորությամբ: Հեղինակ-նախաձեռնող Քրիստիան Գելիջինն ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ հուշահամալիրն աշխարհին ևս մեկ անգամ սթափության կոչ անելու նպատակ է հետապնդում` բացառելու ցեղասպանության կրկնությունը:

Հուշահամալիրը կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով՝ 16 սյուների վրա, 16 խաչքարով, հայկական տուֆից: Խաչքարերը պատրաստվել են Հայաստանում՝ Վանաձորում: Նախաձեռնության հեղինակները նպատակ ունեն հաջորդ տարի հուշահամալիրի հարևանությամբ ցեղասպանության թանգարան կառուցել:

2001-ին հոլանդական Ասեն քաղաքում տեղի հայկական համայնքի նախաձեռնությամբ տեղադրվեց 1915-1923 թթ. Ցեղասպանության զոհերի հուշարձանը: Անհայտ հեղինակի կերտած խաչքարը բերվել է Հայաստանից և օրհնվել: Վերևում 3 խորշ է, որտեղ պատկերված է Քրիստոսը երկու հրեշտակի հետ, մեջտեղում` մեծ խաչ:

Photo: Coen-Mulder
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---