Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի

Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի

PanARMENIAN.Net - Բուենոս Այրեսի իշխանությունները պաշտոնապես տեղ են հատկացրել Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար: Արարողությանը մասնակցել են քաղխորհրդի ղեկավար Օրասիո Ռոդրիգես Լարետտան, մարդու իրավունքների և մշակութային բազմազանության գծով տեղակալ Կլաուդիո Ավրուժը, հայ համայնքի ներկայացուցիչներ և Արգենտինայում Հայաստանի դեսպան Վահագն Մելիքյանը:

Ռոդրիգես Լարետտան նշել է, որ թանգարանը կհիշեցնի մարդկությանը ոճրագործության անթույլատրելիության մասին, ոճրագործության, որը տեղի է ունեցել 100 տարի առաջ: Նա նշել է նաև հայ ժողովրդի հպարտությունը, որն «առավել ուժեղ դարձավ Ցեղասպանությունից հետո»: «Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև Հոլոքոսթը կամ Ռուանդայի ցեղասպանությունը բացարձակ չարիք են: Այդ փաստերի իրողության ճանաչումը թույլ է տալիս մեզ և ապագա սերունդներին առավել լավ հասարակություն ունենալ»,-ասել է Ավրուժը, գրում է Asbarez-ը:

Շինարարության համար միջոցները փոխանցվել են Հայոց ցեղասպանության հիմնադրամին, որը ղեկավարում են պրոֆեսոր Նելիդա Բուլղուրջյանը և ճարտարապետ Խուան Կառլոս Թուֆեկսյանը:

Ըստ Թուֆեկսյանի, առաջին հարկում կլինի Հայոց ցեղասպանության մասին պատմող ցուցադրություն, երկրոդ հարկում ցուցադրությունը կներկայացնի Արգենտինայի հայերի մշակութային ժառանգությունը: Այնտեղ կանցկացվեն նաև թեմատիկ ցուցահանդեսներ: Երրորդ հարկում գրադարան կլինի:

«Մոնտեվիդեոյում և Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության թանգարաններ ստեղծելու որոշումը վկայում է այն մասին, որ կարելի է և պետք է հաղթահարել այն պետությունների ճնշումը, որոնք շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը, այսինքն Թուրքիայի ու Ադրբեջանի»,-ասել է Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Ալֆոնսո Թաբաքյանը:

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---