Նախագահ. ԵՏՄ-ին Հայաստանի ինտեգրումը նոր հեռանկարներ է ստեղծում եվրոպական ներդրողների համար

Նախագահ. ԵՏՄ-ին Հայաստանի ինտեգրումը նոր հեռանկարներ է ստեղծում եվրոպական ներդրողների համար

PanARMENIAN.Net - Ավստրիայի Հանրապետություն պաշտոնական այցի երկրորդ օրը՝ հունիսի 12-ին, նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Վիեննայի արքեպիսկոպոս, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Քրիստոֆ Շոնբորնին:

Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա և ՀՀ անկախությունից հետո նոր բովանդակություն են ստացել: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Ավստրիայի հետ բազմաբովանդակ փոխգործակցության զարգացմամբ և երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում կարևորել է Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների գործակցությունը:

Նա նշել է, որ լինելով քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ճանաչած երկրի նախագահ` իր արտասահմանյան այցերի ժամանակ փորձում է բաց չթողնել տեղի հոգևոր առաջնորդների հետ հանդիպելու հնարավորությունը։ Սերժ Սարգսյանի խոսքով, հայ ժողովրդի հիշողության մեջ վառ են սրբադասված Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ի՝ 2001-ին ՀՀ այցելությունից ստացած անկրկնելի տպավորությունները, երբ հայ ժողովուրդը նշում էր ՀՀ-ում քրիստոնեության ընդունման 1700-ամյակը։ Նախագահը նշել է, որ հայերի համար թանկ է և կարևոր, որ Հովհաննես Պողոս Բ պապը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը (2000-ին Վատիկանում և 2001-ին Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի հետ համատեղ հայտարարություններով):

Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների հարաբերությունների զարգացման գործում զրուցակիցները մեծապես կարևորել են նաև Սուրբ աթոռում Հայաստանի դեսպանության բացումը:

Վիենայում նախագահ Սերժ Սարգսյանը նաև հարգանքի տուրք է մատուցել ավստրիացի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով հուշարձանին:

Ավելի ուշ նախագահը և Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը երկրիառևտրաարդյունաբերական պալատում մասնակցել են հայ-ավստրիական տնտեսական համաժողովի բացմանը, իսկ մինչև այդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլին:

Զրուցակիցները կարևորել են հայ-ավստրիական առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա քայլերի անհրաժեշտությունը, վստահություն հայտնել, որ այդ առումով Հայաստանի նախագահի այցի շրջանակում անցկացվող հայ-ավստրիական տնտեսական համաժողովը մեծ նշանակություն կունենա և օգտակար կլինի երկու երկրների գործարարների միջև շփումները խթանելու, գործակցությունը զարգացնելու տեսանկյունից:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Ավստրիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Քրիստոֆ Լայթլը գոհունակությամբ են նշել, որ երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշներն աստիճանաբար բարելավվում են, սակայն, նրանց համոզմամբ, այդուհանդերձ գործակցության առևտրատնտեսական ուղղությունը խթանման լուրջ կարիք ունի:

Հայաստանի և Ավստրիայի նախագահները ողջունել են հայ-ավստրիական տնտեսական համաժողովը և հաջողություններ մաղթել համաժողովի աշխատանքներին՝ ի նպաստ երկու երկրների տնտեսական փոխգործակցության զարգացման: Սերժ Սարգսյանն իր ելույթում նշել է, որ նմանօրինակ ներկայացուցչական ֆորումները ոչ միայն առևտրա-տնտեսական հարաբերությունները խթանելու միջոց են, այլև կարևոր հարթակ՝ երկխոսության և փոխճանաչողության համար:

«Այս գործարար համաժողովին Հայաստանից մասնակցում է ավելի քան 30 ընկերություն, որոնք ներկայացնում են էլեկտրոնիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության, գյուղատնտեսության և սննդի վերամշակման, զբոսաշրջության և ֆինանսական ծառայությունների ոլորտները: Վերջիններիս ներկայությունը, իհարկե, պատահական չէ. նշված ոլորտներում Հայաստանին հաջողվել է կուտակել համագործակցության լավ ներուժ:

Կարծում եմ՝ պատահական չէ, որ Ավստրիայի կառավարությունը Հայաստանին ընդգրկել է գործակցության համար առաջնահերթ երկրների ցանկում. սա խոսում է փոխգործակցությունը խորացնելու փոխադարձ ցանկության մասին: Ուրախ եմ, որ արդեն իսկ առկա է ավստրիական «Ռայֆայզեն» բանկի և Հայաստանի ֆինանսների նախարարության, Ավստրիական զարգացման բանկի և «Ամերիաբանկի» միջև գործակցության դրական փորձ, իսկ հայկական «Ասկե» ընկերության և ավստրիական «Սիեմենս Վաի» տեխնոլոգիական ընկերության միջև գործակցության շնորհիվ, այսօր Հայաստանում նախաձեռնվել է մեր երկրի մասշտաբների համար խոշոր մետալուրգիական արտադրություն: Ի դեպ, գործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է երկու տարի առաջ՝ պարոն Ֆիշերի Հայաստան պաշտոնական այցի ընթացքում, երբ Երևանում կրկին անցկացնում էինք գործարար համաժողով»,- նշել է նախագահը:

Հայաստանի ղեկավարն անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուն.

«Ձեզ հայտնի է, որ Հայաստանը որդեգրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղին: Դա որևէ կերպ չի նվազեցնում Եվրոպական միության հետ հարաբերությունները խորացնելու մեր ձգտումը:

Եվրոպական հանձնաժողովի կողմից Արտոնությունների ընդհանրացված համակարգի (GSP+) ռեժիմի տրամադրումը Հայաստանին լուրջ խթան է հայկական արտադրողների համար: Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրումը նոր հեռանկարներ է ստեղծում նաև եվրոպական ներդրողների համար. օգտագործելով մեր երկրի տնտեսական տարածքը՝ դուք կարող եք ավելի հեշտացված կարգով դուրս գալ 170 միլիոն սպառող ունեցող Եվրասիական շուկա: Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում առաջատար է իր տնտեսության ազատության և շուկայական կանոնների կիրառման մակարդակով: Դա են ապացուցում միջազգային հեղինակավոր կառույցների կողմից հրապարակվող բազմաթիվ վարկանիշները: Տնտեսական ազատականացման ցուցանիշով 2014 թվականին մեր երկիրը զբաղեցնում է 41-րդ տեղը, իսկ «Դուինգ Բիզնես-2014» միջազգային վարկանիշային տարեկան զեկույցի համաձայն՝ 185 երկրների շարքում 37-րդն է՝ Բելգիայի և Ֆրանսիայի անմիջական հարևանությամբ»,- նշել է նախագահը` ավստրիական ընկերություններին հրավիրելով գործարարությամբ զբաղվելու Հայաստանում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---