Ազերիների լկտիությունը. Միջնորդները սկսել են նկատել իրենց «դիվանագիտական» լռության հետևանքները

Ազերիների լկտիությունը. Միջնորդները սկսել են նկատել իրենց «դիվանագիտական» լռության հետևանքները

PanARMENIAN.Net - Տարեսկզբից Ադրբեջանը, օգտվելով իր անպատժելիությունից, գնալով ավելի հաճախ ու ավելի լկտի կերպով է խախտում հրադադարի պահպանման ռեժիմը ինչպես Լեռնային Ղարաբաղի ԶՈւ հետ շփման գծում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանում: Ընդ որում, հայկական դիրքերի պարբերական գնդակոծություներին հաջորդում են սահմանամերձ գյուղերի գնդակոծություններն ու դիվերսիոն-սադրիչ գործողությունները, ավանդաբար անհաջող: Այս տարվա հունվարից մինչև հունիս ադրբեջանական սադրանքների ու դիվերսիաների քննարկումը միայն մի քանի էջ կզբաղեցներ: Սակայն համաշխարհային հանրության և մասնավորապես ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միակ արձագանքը եղան հրադադարի ռեժիմը պահպանելու հռետորական կոչերը: Սակայն, վերջին դեպքը, երբ հունիսի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Նախիջևանի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվեցին պայմանագրային զինծառայողներ 26-ամյա Անդրանիկ Եղոյանը և 22-ամյա Բորիս Գասպարյանը, ստիպեց խաղաղապահներին հրաժարվել դիվանագիտությունից և ուշադրություն դարձնել Ադրբեջանի սանձազերծ գործողություններին: Ճիշտ է. այստեղ էլ մի մեծ «բայց» կա: Շփման գոտում լարվածության աճի վերաբերյալ «խորը մտահոգություն» հայտնածներից դեռ ոչ մեկը այդպես էլ բացահայտ չհայտարարեց, որ մեղքն Ադրբեջանինն է: Ինչ-ինչ դիվանագիտական պատճառներից ելնելով:

Այդպես, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն կտրուկ հայտարարեց, որ լարվածությունը պետք է անհապաղ լիցքաթափվի, և, որ «շփումները, կարծիքների փոխանակումները պետք է տեղի ունենան բանակցային սեղանի շուրջ, որովհետև ղարաբաղյան հակամարտության համար այլընտրանք չկա՝ բացի խաղաղ բանակցային ճանապարհով ձեռքբերված կարգավորման տարբերակը»:

ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարեց, որ «մտահոգ է իր թիմի անդամների անվտանգության համար, քանի որ աճող լարվածությունը ռիսկի է ենթարկում իմ թիմի անդամների կյանքը»: Զուր չէ Կասպրշիկը վախենում առաքելության անդամների կյանքի համար, եթե հաշվի առնենք, որ մինչ ԵԱՀԿ պլանային դիտարկման մեկնարկը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում հունիսի 10-ին կրակոցներ արձանագրվեցին ադրբեջանական կողմից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ: Ինչպես հայտնի է, գնդակը օտար ու յուրային չի ճանաչում և ԵԱՀԿ խորհրդանիշն այն չէր կանգնեցնի:

Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարեց, որ ԱՄՆ և ԵԱՀԿ ՄԽ համանախագհներն ամեն ինչ անում են դա թույլ չտալու համար. «Մենք հավատում ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը քայլեր կձեռնարկեն ռազմաճակատում լարվածության նվազեցման համար»: Ճիշտ է, նա չի նշել, որ վիճակն այս աստիճանի է հասել իրենց իսկ լռության ու թողտվության պատճառով: Պարոն դեսպանը, հավանաբար, միամտորեն կարծում է, որ ադրբեջանական իշխանությունները, լինելով սադրանքների ու դիվերսիաների հեղինակը, կարող են գեթ կես քայլ անել լարվածությունը նվազեցնելու համար:

Ազերիների կողմից հայ զինծառայողների սպանությունից հետո ՀՀ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը նույն Կասպրշիկի հետ հանդիպմանը հորդորեց դեսպանին իր լիազորությունների շրջանակում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձևավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետևանքներ ունենալու հավանականությամբ: Իսկ պաշտոնաթող գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (լեգենդար Կոմանդոսը) ավելի ուշ հայտարարեց, որ հայկական ուժերը պատրաստվում են շոշափելի հարվածներ հասցնել ադրբեջանական կողմին, և այդ ուղղությամբ նախապատրաստություններն ընթացքի մեջ են:

Օգտվելով առիթից` ադրբեջանական կողմը մամուլում վայնասուն բարձրացրեց, թե «հայկական զինված ուժերը հարձակվել են Նախիջևանում գտնվող դիրքերի վրա»: Ըստ ադրբեջանցի լրագրող Հաքիմելդոստու Մեհտիևի, «հայերը գրավել են Նախիջևանի Ջուլֆայի շրջանի Լաքաթաղ բնակավայրը»: «Նախկինում այդ բարձունքը գտնվում էր չեզոք հողում և այնտեղ անասուն էին արածացնում ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ հովիվները: Սակայն այժմ հայերը հարձակման են անցել և այդ բարձունքում տեղակայել իրենց դիրքերը»,- ասել է լրագրողը:

Բնականաբար, Հայաստանի ՊՆ-ն հերքեց այդ ապատեղեկատվությունը: Ավելի ուշ հասկանալով, որ չստացվեց, Ադրբեջանի ՊՆ-ն ևս հերքեց այդ տեղեկատվությունը և հայտարարեց, որ «լուրերն այն մասին, թե Նախիջևանի Սադարակի, Ջուլֆայի և Շահբուզի շրջաններում հայերի հետ կատաղի մարտեր են գնում, և որ հայկական ուժերը գրավել են Ջուլֆայի շրջանի Լաքաթաղ բարձունքը, իրականությանը չեն համապատասխանում»:

Իսկ հունիսի 12-ին, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետ, գնդապետ-լեյտենանտ Վագիֆ Դարգյախլին հայտարարեց, թե Նախիջևանում տեղակայված «Սմերչ» հրթիռային համակարգերը կարող են ցանկացած թիրախ խոցել «թշնամու», այսինքն Հայաստանի տարածքում:

Ի՞նչ է սա, եթե ոչ անսքող սպառնալիք:

Իսկ դիվանագետներն ու միջնորդները կրկին լսում են ու սահմանափակվում հռետորական հայտարարություններով: Կարող ենք հիշեցնել նրանց, որ ղարաբաղյան կարգավորման սկզբունքներից մեկը ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառումն է: Իսկ լռությամբ նրանք կհասցնեն մի իրավիճակի, որ ադրբեջանական ստորաբաժանումները, վերջնականապես լկտիանալով, կրակ կբացեն հենց ԵԱՀԿ ՄԽ առաքելության անդամների ուղղությամբ: Եվ այդ ժամանակ արդեն Կասպրշիկի մտահոգություններն ուշացած կլինեն:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---