14  14.06.14 - Շահագործման է հանձնվել Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա քաղաքային ավտոմայրուղին

Լենինգրադյանն Իսակովին կապող մայրուղին արդեն բաց է. Շինարարության արժեքը` 7 մլրդ 896 մլն դրամ (վիդեո)

Լենինգրադյանն Իսակովին կապող մայրուղին արդեն բաց է. Շինարարության արժեքը` 7 մլրդ 896 մլն դրամ

PanARMENIAN.Net - Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա անընդհատ երթևեկությամբ քաղաքային նոր ավտոմայրուղին պաշտոնապես հանձնվել է շահագործման: Մայրուղու շինարարությունը սկսվել էր 2012թ. հուլիսին և տևել մոտ 2 տարի, իսկ դրա նախահաշվային ընդհանուր արժեքը կազմել է 7 մլրդ 896 մլն դրամ:

Ավտոմայրուղու և հանգույցների 9 ուղու ընդհանուր երկարությունը կազմում է 5.1 կմ, որից ավտոմայրուղու երկարությունը 2.9 կմ է, իսկ նոր կառուցված հանգույցների 9 ուղու ընդհանուր երկարությունը՝ 2.2 կմ: Երթևեկելի մասի լայնությունը կազմում է 15 մ (2 x 3.75 x 2), բաժանարար գոտու լայնությունը`4 մ, իսկ մայթերի լայնությունը՝ 2.25 մ և 2.5 մ: Կառուցվել են տարբեր մակարդակների տրանսպորտային երկու հանգույցներ` Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի հատումներում։

Ծովակալ Իսակովի պողոտայի հանգույցն ապահովում է առանց հատումների մեքենաների երթևեկությունն ու ստեղծում տրանսպորտային կապ՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և նոր մայրուղու միջև։ Կառուցվել է եռաթռիչք միաձույլ երկաթբետոնե ուղեանց՝ 5.1 մ բարձրությամբ, երթևեկելի 19 մ և ընդհանուր 23 մ լայնությամբ, 18x25x18 մ թռիչքներով՝ 62 մ երկարությամբ։ Լենինգրադյան փողոցում կառուցվել է թունելային անցում՝ համապատասխան թեքանցներով։ Թունելի երկարությունը 46 մ է, լայնությունը՝ 16 մ, բարձրությունը՝ 5.1 մ։ Հանգույցի այս հատվածում կառուցվել են ուղիներ՝ ապահովելով անհրաժեշտ երթևեկության ուղղությունները։ Երթևեկելի մասի ասֆալտապատ ընդհանուր մակերեսը 73.000 քմ է, մայթերի ասֆալտապատ մակերեսը` 14.000 քմ, ընդամենը՝ 87.000 քմ: Ավտոմայրուղու կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 15 հա:

Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Լենինգրադյան փողոցի նոր ավտոմայրուղու սկզբնամաս:

Դրա ամբողջ երկարությամբ կառուցվել է արտաքին լուսավորության համակարգ, տեղադրվել տրանսֆորմատորային 3 ենթակայան, ստորգետնյա եղանակով անցկացվել է 1950 գծամետր սնուցող և 5,5 կմ լուսավորության մալուխ, տեղադրվել է 157 հենասյուն և 486 հատ դիոդային լամպ, իսկ թունելի ներսում՝ 30 լուսարձակ։

Ճանապարհը լուսավորվում է նոր տեսակի լուսադիոդային տնտեսող լամպերով, ինչը նորամուծություն է Երևանում: Բացի այդ, շինարարական աշխատանքներին զուգահեռ, կանաչապատվել է 5 հա տարածք, տնկվել է 2.000 դեկորատիվ ծառ և թուփ։ Կանաչապատ տարածքների խնամքն ապահովելու նպատակով կառուցվել է պոմպակայան և անցկացվել 12 կմ երկարությամբ ոռոգման ցանց։ Ավտոմայրուղու երթևեկելի մասից ջրահեռացումն ապահովելու նպատակով կառուցվել է 4 կմ երկարությամբ հեղեղատար կոյուղու ցանց։

Մայրուղուն զուգահեռ կառուցվել է նաև 3,5 մ լայնությամբ շերտ՝ ինժեներական հաղորդակցուղիներ անցկացնելու համար, որտեղ տեղադրվել է 1 կմ երկարությամբ ջրատար և 2 կմ երկարությամբ կենցաղային կոյուղի։ Բացի այդ, իրականացվել են ավտոմայրուղու ազդեցության գոտում եղած ինժեներական բազմաթիվ ենթակառուցվածքների (կապի, գազի, ջրագծերի, կոյուղագծերի, բարձր լարման էլեկտրագծերի, ոռոգման ուղիների և այլն) տեղափոխման և վերատեղադրման աշխատանքներ։ Ճանապարհին զուգահեռ 1,6 կմ երկարությամբ հատվածում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքի հետագա կառուցապատման համար, արդեն կառուցվել է տեղական նշանակության ճանապարհ՝ 6,8 մ լայնությամբ: Ավտոմայրուղու կառուցապատումն ու շինարարությունն իրականացրել է «Սահակյանշին» ՓԲԸ-ն:

Իսակովի պողոտայի հատվածում Հանրապետության նախագահին և Երևանի քաղաքապետին ներկայացվել է նաև Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրերով հեռանկարում կառուցվելիք Արշակունյաց պողոտայից դեպի Ծովակալ Իսակովի պողոտա 3,1 կմ ընդհանուր երկարությամբ արագընթաց նոր ավտոմայրուղու նախագիծը: Համաձայն նախագծի՝ նոր ավտոմայրուղին կանցնի Հրազդան գետի վրայով և նախատեսվող «Երևան-Բերդ» նախագծային թաղամասի եզրով, որը կարող է միանալ Ծովակալ Իսակովի պողոտայի տրանսպորտային հանգույցին, այդպիսով, ապահովելով Արշակունյաց պողոտայից Լենինգրադյան փողոց և հակառակ ուղղությամբ տրանսպորտային անընդհատ երթևեկը, որի շննորհիվ էապես կբեռնաթափվի մայրաքաղաքի կենտրոն եկող տրանսպորտային հոսքը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---