Ադրբեջանն անթաքույց սպառնում է ՀՀ-ին ու գնդակոծում գյուղերը, իսկ միջազգային հանրությունը կրկին լռում է

Ադրբեջանն անթաքույց սպառնում է ՀՀ-ին ու գնդակոծում գյուղերը, իսկ միջազգային հանրությունը կրկին լռում է

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հերթական անգամ հանդես է եկել սպառնալիքներով Հայաստանի հասցեին: Մասնավորապես, Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հայտարարել է, որ «ադրբեջանական ԶՈւ կարող են ոչնչացնել ցանկացած ռազմական օբյեկտ կամ բնակավայր Հայաստանի տարածքում: «Մենք ունենք բոլոր հնարավորությունները դրա համար»:

Օգտվելով իր անպատժելիությունից՝ Բաքուն ոչ միայն սպառնում է հայկական կողմին, այլ նաև մշտապես սադրանքների է դիմում ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ Ղարաբաղի հետ շփման գծում: Ադրբեջանական դիվերսիաների հետևանքով մարդկային զոհեր են լինում:

Հունիսի 25-ին ադրբեջանական բանակը առավոտյան 10: 30-ի սահմաններում գնդակոծել է Տավուշի մարզի Մովսես գյուղը: Կրակոցներն ուղղված են եղել ոչ թե մարտական դիրքերին, այլ գյուղին։ Գյուղապետ Արարատ Ավալյանը հաստատել է տեղեկությունը` նշելով, որ գնդակները հասել են գյուղապետարանի շենքին, ընկել են եկեղեցու բակում, դիպել են դպրոցին:

Հունիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի արձակած կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995-ին ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը:

Հունիսի 25-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արմեն Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը դիվերսիա էին կազմակերպել առաջնագծում՝ Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։ Հայկական կողմն ադրբեջանական դիվերսիան չեզոքացնելու ժամանակ կորուստ էր ունեցել՝ զոհվել էր պայմանագրային զինծառայող Նարեկ Պողոսյանը:

Հունիսի 5-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում են ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ):

Հունիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:

Իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ինչպես և միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ, ելնելով սեփական, «դիվանագիտական» դրդապատճառներից, կոնկրետ գործողությունների չեն դիմում, վերջ դնելու համար Ադրբեջանի ագրեսիային, շարունակում են հրադադարի ռեժիմը պահպանելու հռետորական կոչերը:

Նախօրեին, հունիսի 24-ին, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մեկնաբանելով հրադադարի հաճախակի դարձած խախտումներն ադրբեջանական ու հայկական զորքերի շփման գծում, հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում հակամարտության կողմերին հրաժարվել հռետորաբանությունից ու գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակն ու վնասել խաղաղ գործընթացին: Ինչպես նշել է Ջեյմս Ուորլիքը, այդ հակամարտությունը չունի ռազմական լուծում: «Նման դիվերսիաները ռազմաճակատում արգելակում են հակամարտության խաղաղ կարգավորումը, որը մեր ընդհանուր նպատակն է, ինչը կարող է բարեկեցություն ու անվտանգություն բերել այս տարածաշրջանի բնակչությանը»,-ասել է նա:

Ավելի վաղ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարեց, որ «մտահոգ է իր թիմի անդամների անվտանգության համար, քանի որ աճող լարվածությունը ռիսկի է ենթարկում իմ թիմի անդամների կյանքը»: Կասպրշիկի այս հայտարարությունը հաջորդեց հունիսի 10-ին ԵԱՀԿ պլանային դիտարկմանը, երբ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ԶՈւ շփման գծում կրակոցներ արձանագրվեցին ադրբեջանական կողմից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ:

Բայց Կասպրշիկն, ինչպես և մյուս միջնորդները, այդպես էլ դիվերսիաների ու սադրանքների կոնկրետ մեղավորին չնշեց: Պետք է նշել, որ սկսվել են Ադրբեջանի ԶՈւ ընդհանուր բանակային զորավարժությունները: Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, «որոշ ժամանակ առաջ մեկնարկած զորավարժություններին մասնակցում են ՊՆ, Պետսահմանապահ ծառայության և ներքին զորքերի զինծառայողներն ու մարտական տեխնիկան»: Զորավարժություններում օգտագործվում է «ամենաարդիական տեխնիկան ու սպառազինության համակարգերը, որոնք ադրբեջանական բանակը ձեռք է բերել վերջին տարիներին»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---