Նինոծմինդայի խոնարհված Սուրբ Խաչի տեղում կկառուցվի նոր եկեղեցի. Կատարվել է հիմնարկեքի արարողություն

Նինոծմինդայի խոնարհված Սուրբ Խաչի տեղում կկառուցվի նոր եկեղեցի. Կատարվել է հիմնարկեքի արարողություն

PanARMENIAN.Net - Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում հունիսի 24-ին, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վարդապետ Սալբիյանի և հոգևոր դասի, կատարվել է գյուղի հնօրյա խոնարհված Սուրբ Խաչ եկեղեցու տեղում կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողություն, հայտնում է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի կայքը:

Մեծ Արագյալը Նինոծմինդայի շրջանի հայկական գյուղ է, որի նախնիները Էրզրումի գավառի Բրթունք գյուղից այստեղ են եկել 1830 թվականին: Գյուղն ընկած է Ջավախք լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում, Թափարվան գետի ձախ ափին: 1840 թվականից հիշատակվում է գյուղի փայտաշեն եկեղեցին, որից հետո գյուղացիները իրենց միջոցներով կառուցում են մի քարաշեն եկեղեցի, տալով նրան Սուրբ խաչ անունը:

Մեծ Արագյալի խոնարհված եկեղեցու տեղում կկառուցվի գմբեթավոր եկեղեցի, որի շինարարության մեջ կօգտագործվեն հին եկեղեցու քարերը:

Եկեղեցու բարերարությունը ստանձնել են ծնունդով Մեծ Արագյալից, այժմ Ռուսաստանի Դաշնությունում բնակություն հաստատած Արթուր և Աիդա Իսոյան ամուսինները: Արթուր Իսոյանը Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անվանի անդամ, գրող,հասարակական գործիչ Ալբերտ Իսոյանի զավակն է: Արժանավոր հայորդին իր երազանքներում միշտ էլ ունեցել է ծննդավայրի եկեղեցին վերակառուցված տեսնելու նպատակը:

Հիմնարկեքի արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի Նինոծմինդայի շրջանից պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի շրջանից՝ Սամվել Պետրոսյանը, ինչպես նաև Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանային ժողովների նախագահներ Սմբատ Կյուրեղյանը և Համլետ Մովսիսյանը, Նինոծմինդայի շրջանային վարտչության նախագահ Գագիկ Կարսլյանը և Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Էդվարդ Աղասարյանը: Հյուրեր էին ժամանել մայր հայրենիքից և Վրաստանի տարբեր շրջաններից, նաև Ռուսաստանից:

Արարողության ավարտին ժողովրդին մատուցվել է այս առթիվ օրհնված մատաղը:

Ջավախք

Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր:

Սակայն թուրքական տիրապետության հաստատումը զգալի ազդեցություն ունեցավ Ջավախքի ազգային կազմի վրա: Աստիճանաբար, երկրամասի քրիստոնյա բնակչությունը, եւ առաջին հերթին հայ բնակչությունը, նվազում էր, իսկ դրա փոխարեն ավելանում էր մահմեդական բնակչության քանակը, հիմնականում լազերի եւ չերքեսների հաշվին: 18դ. վերջում Ջավախքը կորցրեց իր բնիկ հայ բնակչության զգալի մասը, որի մի հատվածը տեղափոխվեց այլ տարածքներ, իսկ մի մասն ուղղակի ոչնչացվեց:

Ջավախքի միացումը Ռուսաստանին մեծ նշանակություն ունեցավ հայ բնակչության նորմալ կյանքի եւ գործունեության համար: Երկրամասը դարձավ Կովկասի առեւտրի ու արհեստագործության ամենամեծ կենտրոններից մեկը, Կարապետ Բագրատունու ջանքերով բացվեց Մեսրոբյան հայտնի դպրոցը: Ջավախքում են ծնվել եւ մեծացել հայ ժողովրդի բազմաթիվ ականավոր գործիչներ` գրողներ Դերենիկ Դեմիրճյանն ու Վահան Տերյանը, ԵՊՀ առաջին ռեկտոր Հակոբ Մանադյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության սպարապետ Ռուբեն Տեր-Մինասյանը եւ շատ ուրիշներ: Հայաստանի Հանրապետության չորս վարչապետներից երկուսը` Հովհաննես Քաջազնունին եւ Համո Օհանջանյանը եւս ծնունդով Ախալքալաքից են:

1921թ. փետրվարին Ջավախք կրկին ներխուժեցին թուրքական զորքերը: Վրացական զորքերը, ինչպես եւ 1918թ., կրկին ոչ մի օգնություն ցույց չտվեցին այդ շրջանի հայ բնակչությանը, որը ստիպված էր սեփական ուժերով դիմադրել թուրքական զորքերին: Թուրքական զորքերի ներխուժման, սովի եւ հիվանդությունների արդյունքում 1918-1921թթ. Ախալքալաքի շրջանում զոհվեց հայ բնակչության շուրջ 50 տոկոսը:

Ներկայումս Ջավախքի հայերը պայքարում են Վրաստանի կազմում ինքնավարության հասնելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---