ԼՂՀ շրջաններն Ադրբեջանին «վերադարձնելու» մասին հերթական «հեքիաթները»

ԼՂՀ շրջաններն Ադրբեջանին «վերադարձնելու» մասին հերթական «հեքիաթները»

PanARMENIAN.Net - Ամռանը սովորաբար քաղաքական կյանքը մարում է՝ նորություններ չկան, խոշոր իրադարձություններ` նույնպես: Ճիշտ է, այս ամառը մի փոքր տարբերվում է ուկրաինական իրադարձությունների շնորհիվ, որոնք հավանաբար դեռ երկար կտևեն: Բայց Ադրբեջանում ինչպես միշտ որոշեցին «բազմազանություն» մտցնել առօրյա կյանքում և կրկին «շրջանները վերադարձնելու» մասին հին երգը սկսեցին: Ըստ պաշտոնաթող գնդապետ-լեյտենանտ, զինվորական լրագրող Ուզեիր Ջաֆարովի, Աղդամի, Ֆիզուլու և Ջեբրաիլի շրջանները կվերադարձվեն Ադրբեջանին: Ըստ նրա, փոխարենն Ադրբեջանը կանդամակցի Եվրասիական միությանը:

Ճիշտ է, Ջաֆարովը վերապահում է անում, որ սա դեռ լոկ ենթադրություն է: «Սակայն տեղեկատվություն կա, որ Հայաստանը համաձայնվել է այդ քայլին: Փոքր չէ այստեղ նաև Ռուսաստանի դերը: Քանի որ ՌԴ նպատակն է խաղաղապահների տեղակայումը հակամարտության գոտում: Իսկ դա կարող է վնասել մեր ինքնիշխանությանը: Ըստ տեղեկատվության արտահոսքի, շրջանները կարող են ազատվել խաղաղապահ ուժերի տեղակայումից հետո»,-ասել է ռազմական փորձագետը:

Դե ինչ ասես՝ գուցե միայն այն, որ Ջաֆարովի ու նրա նմանների բորբոքված ուղեղում կրկին ծագել է «Ղարաբաղը վերադարձնելու» գաղափարը: Ճիշտ է, այս անգամ խոսքն արդեն ոչ թե 5, այլ 3 շրջանների մասին է, բայց դա արդեն մանրուք է: Հավանաբար, Բաքվի հաջորդ հայտարարությունը կլինի գոնե մեկ շրջան «վերադարձնելու» մասին, իսկ հետո արդեն ոչինչ չի լինի:

Այս հայտարարության մեջ հետաքրքրական է խաղաղապահների տեղակայման մասին հիշատակումը: Ով-ով, բայց ռազմական փորձագետը պետք է իմանար, որ նման տիպի հակամարտ գոտիներում խաղաղապահ ուժեր տեղակայվում են միայն հակամարտության բոլոր կողմերի համաձայնության դեպքում: Սա առաջինը: Երկրորդը, Ռուսաստանի ինչի՞ն է պետք Ղարաբաղում տեղակայված և Ադրբեջանի շահերը պաշտպանող զորակազմը: Ջաֆարովի ասածները տրամաբանությունից դուրս են: Ի դեպ, Բաքուն միշտ է խնդիրներ ունեցել տրամաբանելու հետ, իսկ վերջերս` առավել ևս: Նման հայտարարություններ անել կնշանակի խոստովանել, որ չես տիրապետում իրավիճակին Եվրասիական միությունում, ուր, ի դեպ, Ադրբեջանին ոչ ոք չի հրավիրել, ինչպես ասաց Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Օտարի ձեռքերով Ղարաբաղը խլելու Ադրբեջանի հուսահատ մոլուցքն այնքան մեծ է, որ նման փորձագետները նույնիսկ չեն էլ մտածում, թե ինչու պետք է ուրիշները կռվեն Ղարաբաղն «ազատագրելու» համար: Եթե նույնիսկ Թուրքիան մտադիր չէ ներքաշվել նախապես ձախողման ենթակա արկածախնդրությանը, ապա ինչ կարելի է ասել Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրների դեպքում: Իսկ ռազմական լրագրողն ավելի լավ կլիներ ուշադրություն դարձներ ադրբեջանական բանակում ամենօրյա դարձած սպանությունների վրա: Դա ավելի օգտակար կլիներ: Ահա այսօր էլ ադրբեջանական բանակում հերթական սպանությունն է տեղի ունեցել: Երկու ծառայակիցների վեճի արդյունքում զինվոր Յաշար Աղազադեն երկաթի կտորով հարվածել է Իլկին Մուստաֆաևին: Հարվածից Մուստաֆաևը մահացել է: Հասկանալի է, որ նման բանակի հետ ոչ թե Ղարաբաղն «ազատագրել», Բաքուն դժվար կլինի պահել: Հավանաբար Ջաֆարովը մոռացել է «հավը երազում կորեկ է տեսնում» ասացվածքը:

Կարինե Տեր-Սահակյան/ PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---