ՌԴ ԱԳՆ-ն հորդորում է չբարդացնել ղարաբաղյան կարգավորումը ռազմատենչ հռետորաբանությամբ

ՌԴ ԱԳՆ-ն հորդորում է չբարդացնել ղարաբաղյան կարգավորումը ռազմատենչ հռետորաբանությամբ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարարությունում գտնում են, որ ռազմատենչ հռետորաբանությունը, ում կողմից էլ կիրառվի, բարդացնում է ղարաբաղյան կարգավորումը: «Ելնում ենք նրանից, որ ռազմատենչ հռետորաբանությունը, ումից էլ այն բխի, չի նպաստում խաղաղ կարգավորմանը, այլ հակառակը, բարդացնում է նրա լուծումը: Դա համանախագահ երկրների ընդհանուր դիրքորոշումն է»,-ասվում է ՌԴ ԱԳՆ Տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտի հայտարարությունում Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության հարցմանն ի պատասխան, որտեղ ասվում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից հակահայկական հռետորաբանության թեժացման մասին:

«Այդ առնչությամբ հիշեցնում ենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների Լոխ Էռնի համատեղ հայտարարությունում կոչ է արվում կողմերի ղեկավարներին՝ ժողովուրդներին պատրաստել խաղաղության, այլ ոչ՝ պատերազմի, և ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են տարածաշրջանում լարվածությունն ուժգնացնել և հանգեցնել հակամարտության սրմանը: Հուսով ենք, որ նման մոտեցումը կգերակայի: Այս կապակցությամբ լիահույս ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կշարունակվի ուղղակի երկխոսությունը, ինչպես նրանք պայմանավորվել էին անցյալ տարեվերջին Վիեննայում», ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ԱՌԿԱ-ն:

Նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը սկսվեց առանձնազրույցով, ապա նրանց միացան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները:

Հանդիպումից հետո համանախագահները հանդիպման արդյունքներով հաղորդագրություն են տարածել, որտեղ ասվում է, թե առանձնազրույցի, ապա դրան հաջորդած համանախագահների և նախարարների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանն և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին:

Օգտվելով լիակատար անպատժելիությունից՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչպես նաև մյուս պաշտոնյաները տարիներ շարունակ պատերազմով են սպառնում Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին:

Ռազմատենչ հայտարարություններին զուգահեռ ադրբեջանական բանակը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմն Արցախի ԶՈւ հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին՝ գնդակոծելով ոչ միայն մարտական դիրքերը, այլ նաև սահմանամերձ գյուղերը, ինչպես նաև պարբերաբար դիվերսիոն գործողությունների փորձեր է ձեռնարկում, որոնց հետևանքով զոհեր են լիում:

Հուլիսի սկզբին ադրբեջանական կողմը 10 օր շարունակ մշտապես գնդակոծել է Տավուշի մարզի դիրքերն ու սահմանամերձ գյուղերը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ Պառավաքարի գյուղպետ Ռոլանդ Մարգարյանի, հուլիսի 4-ի առավոտյան գյուղում կրկին կրակոցներ էին լսվում: Բարեբախտաբար, տուժողներ չեղան: «Առավոտյան կրկին կրակում էին, այն ժամանակ, երբ մարդիկ աշխատում էին այգիներում: Արդեն 10 օր է ամեն օր կրակում են»,-ասել է գյուղապետը:

Պառավաքար գյուղում հունիսի 28-ին հակառակորդի կողմից արձակած գնդակից հրազենային վիրավորում էր ստացել 16-ամյա Արմեն Բրուտյանը: Տղան այդ ժամանակ աշխատում էր խաղողի այգում: Գնդակոծվել է նաև Չինարի գյուղը: Ըստ գյուղապետ Սամվել Սաղոյանի, գյուղացիները չեն կարողանում հողագործությամբ զբաղվել:

«Արդեն 5 օր շարունակ կրակում են: Հենց որ մարդիկ գնում են գյուղի հողատարածքներում աշխատելու, նրանք խանգարում են, չեն թողնում, որ մարդիկ աշխատեն: 2-3 դիպուկահար անընդհատ կրակում են: Կրակի տակ են գյուղի կենտրոնական ճանապարհն ու ծայրամասերը: Մարդիկ արդեն գիտեն ինչպես պաշտպանվել: Ամենավտանգավորն առաջին կրակոցն է, որից հետո բոլորը մեծից փոքր գիտեն, թե որտեղ է պետք թաքնվել»,-ասել է Սաղոյանը:

Կրակոցները սովորական են դարձել նաև սահմանամերձ Այգեպարում: Գյուղի դպրոցն ու մանկապարտեզը հակառակորդի նշանառության տակ են գտնվում, մի քանի հարյուր մետր հեռավորության վրա սահմանից:

Դպրոցի ու մանկապարտեզի անվտանգության համար Հայ օգնության ֆոնդի «Այո» հիմնադրամը նախաձեռնել է պաշտպանիչ պատի կառուցում: Այդ նպատակով մեկ ամիս առաջ դրամահավաք է սկսվել:

«Ամբողջ ծրագրի համար հարկավոր է մոտ 16 հազար դոլար, որը ներառում է 70 մ երկարությամբ և 3 մ բարձրությամբ պատի կառուցում»,-ասել է «Այո» տնօրեն Արմեն Անմեղիկյանը:

Կառավարությունը նաև ծրագրում է պատով սահմանազատել Այգեպարի մանկապարտեզն ու դպրոցը:

Ադրբեջանական կողմը հունիսի 27-ին երեկոյան 22:15-ից հետո խոշոր տրամաչափի զենքերով գնդակոծել է Տավուշի մարզի Այգեպար, Բարեկամավան, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Չորաթան գյուղերը: Այգեպար գյուղի ուղղությամբ հակառակորդը կանաչ գույնի լուսավորող հրթիռ է բաց թողել ու մի քանի կողմից ավերել գյուղը: Գյուղապետ Անդրանիկ Այդինյանը նշել է, որ հակառակորդը կրակել է խոշոր չափերի զենքերով, իսկ հայկական կողմը հակահարվածը սկսել է ժամը 23-ին: Կրակոցները շարունակվել են մինչև 1:30-ը:

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին մեկնաբանել է լրագրողների խնդրանքով հաղորդակցությունները երկու հանրապետությունների սահմանին իրավիճակի սրման, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հայկական սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին: «Ես չունեմ այդ կոնկրետ հաղորդագրությունների հաստատումը, սակայն, անկասկած, խաղաղ կարգավորումը բխում է երկու կողմի շահերից»,-ասել է ամերիկացի դիվանագետը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ «հավատարիմ է Երևանին և Բաքվին աջակցելու հարցում», որի արդյունքում հնարավոր կլինի ելք գտնել ստեղծված իրավիճակից»,-ասել է նա:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---