ՌԴ ԱԳ նախարարը՝ նախագահների հանդիպման ու ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին

ՌԴ ԱԳ նախարարը՝ նախագահների հանդիպման ու ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտությունը չի խոչընդոտի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, երեք նախագահի հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Հայաստանը մտնում է Մաքսային միություն որպես Հայաստան. Լեռնային Ղարաբաղը որևէ կապ չունի անդամակցման հետ, ինչի մասին ՀՀ նախագահը բազմիցս հայտարարել է»,- նշել է Լավրովը։

Նրա խոսքով, չնայած ղարաբաղյան խաղաղ կարգավորմանն առնչվող ամենաբարդ հարցերը դեռևս չեն լուծվել, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հաստատել են այդ ուղղությամբ աշխատելու իրենց պատրաստակամությունը, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Օգոստոսի 7-ին ՌԴ ու Բելառուսի նախագահները հեռախոսազրույցում հաստատել էին, որ Հայաստանի անդամակցումը չպետք է վնասի ՄՄ շահերին: Նույն օրը Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագրին: Այժմ այն պետք է ներկայացվի Վլադիմիր Պուտինին: Այդ պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին ՌԴ, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պայմանավորվածությունները:

Ռուսաստանի կառավարությունը նաև հավանություն է տվել ԵՏՄ ստեղծման մասին պայմանագրին, որը ՌԴ նախագահը պետք է ներկայացնի Պետդումայի վավերացմանը:

Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերին: Մինչև այդ՝ հուլիսի 5-ին, վարչապետը տեղեկացրել էր , որ ԵՏՄ-ին անդամակցելու համար իր բոլոր պարտավորությունները Երևանն ամբողջապես կատարել է:

Մայիսի 29-ին Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրել էին Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիրը: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: ՌԴ նախագահի խոսքով` ընդհանուր կառուցողական տրամադրվածության, մասնակից երկրների` փոխզիջումների գնալու պատրաստակամության շնորհիվ հաջողվել է բազում դժվարություններ հաղթահարել և ժամանակին հասնել փաստաթղթի ստորագրմանը:

Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---