Փորձագետները ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության մասին. Ո՞ւմ է դա ձեռնատու

Փորձագետները ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության մասին. Ո՞ւմ է դա ձեռնատու

PanARMENIAN.Net - Սոչիում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները կարելի է հաջող համարել, քանի որ լարվածաույթունը հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում, որտեղ վերջին երկու շաբաթում տասնյակ զինվորներ են զոհվել, թուլացել է: Նման կարծիք է հայտնել բրիտանացի փորձագետ Թոմաս դը Վաալը Քարնեգիի միջազգային հիմնադրամի կայքում զետեղված հոդվածում:

Սակայն, ըստ փորձագետի, Ալիևն ու Սարգսյանը հանդիպմանը միայն պատմական փաստերի վրա էին հղումներ անում ու հավաստիացնում, որ խաղաղություն են ուզում, սական ոչինչ չասացին հարցի բուն էության մասին: Օրինակ, 1994 թ. կնքված հրադադարի ռեժիմն ամրապնդելու մասին:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Նախագահները հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ միջադեպերը չեն շարունակվի նույն ինտենսիվությամբ, քանի որ իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, և ադրբեջանցիների բոլոր փորձերը ձախողվեցին:

Ինչպես նշում է Վաալը, ներկա իրավիճակը հրադադարի խախտումներով ու տասնյակ երիտասարդների մահվան դեպքերով «նորմայի է» վերածվում: 2011-ից բանակցությունների սեղանին է դրված «լրավածության հետաքննության մեխանիզմը», սակայն այն կյանքի չի կոչվում: Այդ հարցը չարծարծվեց նաև Սոչիում:

Սոչիում հանդիպումից առաջ սոցցանցերում տարբեր վարկածներ էին հնչում, թե Ռուսաստանն է մանիպուլացիայի ենթարկում ղարաբաղյան հակամարտությունը: Ոմանք նույնիսկ պնդում էին, որ Ռուսաստանը միտումնավոր է բորբոքում հակամարտությունը, հետո միջամտելու ու հանգուցալուծելու համար:

Անկասկած, Պուտինին հաճելի էր «խաղաղարարի» դերը: Իսկ Ռուսաստանը մեծ շահույթ ստացավ վերջին տարում երկու կողմերին վաճառած զենքից:

Սակայն, ըստ փորձագետի, Սոչիի հանդիպումը հաստատեց հիմնական թեզը՝ այն մնում է չհանգուցալուծված ոչ թե արտաքին գործոնների պատճառով, այլ՝ ներքին դինամիկայի: Կողմերից ոչ մեկը թույլ չի տա Ռուսաստանին իր կամքը թելադրել մի հարցում, որը հիմնարար է երկու ազգերի անվտանգության ու ինքնության համար: Նախագահ Սարգսյանն իր հարցազրույցում հերքեց լուրերն այն մասին, թե Ղարաբաղ են գործուղվում Ռուսաստանի խաղաղապահ ուժերը:

Ըստ նրա, այդ ներքին դինամիկան միայն խորանում է: Ադրբեջանը զենք է գնում Իսրայելից ու Պակիստանից: Ադրբեջանի հռետորաբանությունն առավել ռազմաշունչ է դառնում: Սոչի մեկնելուց առաջ Իլյամ Ալիևը իր Twitter-ը հեղեղեց գրառումներով՝ կոչ անելով պատերազմի. «Մենք կվերականգնենք մեր ինքնիշխանությունը: Ադրբեջանի դրոշը կփողփողա բոլոր գրավյալ տարածքներում…»:

Հավանաբար, դա ավելի շատ «թատրոն» էր, քան ցուցիչ, որ շուտով պատերազմ է լինելու: Սակայն, ագրեսիայի աճն իրական զոհերի հանգեցրեց: Շփման գծում միջադեպերի հետ մեկտեղ տագնապալի հաղորդագրություններ հայտնվեցին, որ անզեն հայ գյուղացի Կարեն Պետրոսյանը, որը հատել էր սահմանը անհայտ հանգամանքներում օգոստոսի 7-ին, ավելի ուշ սպանվեց ադրբեջանցիների կողմից, նշում է Վաալը:

Փորձագետը գնահատում է դա որպես նշան, որ Ռուսաստանն էլ չգիտի, թե ինչպես կարելի է կարգավորել հակամարտությունը: Փոխարենը նա ձգտում է առավելագույնս օգտագործել ստատուս քվոն՝ թույլ չտալով նոր պատերազմ: Մինչդեռ աշնանը ՄԱԿ ԳՎ և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր են հրավիրել Սարգսյանին ու Պուտինին Փարիզ: Իսկ Պուտինը կվերադառնա Ուկրաինայի հակամարտությանը, ակնկալիքներ չկան, թե նա նոր գագաթաժողով է պատրաստում Ղարաբաղի հարցով:

Մինչդեռ, Արտաքին քաղաքականության գծով ամերիկյան խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանկը կարծում է, որ Սոչիի հանդիպումն արդյունավետ էր ու հանգեցրեց լարվածության նվազման երկու կողմից, ինչն արդեն լավ է: Այդ մասին, «Ամերիկայի ձայնի» վրա հղումով, հայտնում է Contact.az-ը:

Ըստ նրա, ոչ ոք իրական առաջընթաց չէր սպասում այդ հանդիպումից: «Ես ավելի քիչ էր սպասում, քանի որ Ռուսաստանը շահագրգռված չէր խաղաղության մեջ: Ոչ ոք ավելի ակտիվ դերակատարություն չունի, ուստի չկա արտաքին ճնշում երկու երկրների կառավարությունների վրա խաղաղության հասնելու համար»,-գտնում է Բլանկը:

Ըստ նրա, Ռուսաստանին ձեռնատու չէ նոր պատերազմը. «Նա ցանկանում է պահպանել վերահսկվող լարվածությունը: Ռուսաստանը զենք է վաճառում և Հայաստանին, և Ադրբեջանին` զորքեր ունենալով Հայաստանի տարածքում: Չլուծված հակամարտությունը հնարավորություն է տալիս Մոսկվային իշխող դեր ունենալ տարածաշրջանում»,-գտնում է փորձագետը:

«Միայն պահպանելով լարվածությունը նորանկախ երկրների միջև, Ռուսաստանը կարող է պահապնել իր տիրապետությունը տարածաշրջանում,- արձանագրում է Բլանկը:-Եթե այդ երկրներն իրոք անկախ լինեին, նրանք ժամանակի հետ կհակվեին Արևմուտքի կողմը՝ և տնտեսական, և քաղաքական, և, ի վերջո, ռազմական առումով: Ավելին, Ռուսաստանը ներխուժում է հարևան երկրներ, երբ խելքին փչի, և դա ուժեղացնում է լարվածությունը հետխորհրդային տարածքում»:

Ըստ վերլուծաբանի, Մոսկվան ակտիվորեն օգտագործում է կովկասյան գործերում նաև մեկ այլ արտաքին քաղաքական գործիք՝ Եվրասիական միությունը:

«Ըստ էության,-շարունակում է Բլանկը,-Հայաստանին հասկացրեցին, որ եթե նա ուզում է ՌԴ աջակցությունը ստանալ Ղարաբաղի հարցում, պետք է միանա Մաքսային միությանը: Հայաստանի արտաքին քաղաքանությունը զուրկ է ճկունությունից ու անկախությունից: Սակայն, միևնույն ժամանակ Ռուսաստանը շահագրգռված է, որ Եվրասիական միությանը միանա նաև Ադրբեջանը: Պուտինի խնդիրն է պահապնել Հայաստանն ու միության մյուս անդամներին, հասնելով նաև Ադրբեջանի անդամակցությանը: Սակայն, բանն այն է, որ Ադրբեջանին այդ միությունը ձեռնատու չէ տնտեսապես: Ավելի ճիշտ՝ Եվրասիական միությունը շահավետ չէ անդամներից ոչ մեկին, այդ թվում նաև Ռուսաստանին: Առանց Ուկրաինայի այդ նախագիծը կենսունակ չէ»:

Անդրադառնալով լարվածության սրացմանն առաջնագծում՝ Բլանկն ասել է, որ միջադեպերի կրկնության և նույնիսկ պատերազմի հավանականությունը բավականին մեծ է: «Երկու կողմն էլ զինվում է: Դա միշտ ենթադրում է ռազմական գործողությունների վերսկսման վտանգ: Պատերազմի դեպքում տանուլ կտան և Հայաստանը, և Ադրբեջանը: Միակ հաղթողը կլինի Մոսկվան: Ռուսաստանը ցանկացած պահի անմիջական կամ սպառնալիքիների միջոցով կմիջամտի ու կներքաշի այդ երկրներին իր ուղեծիր, ուստի հակամարտությունը պետք է հանգուցալուծվի որքան հնարավոր է շուտ»,-գտնում է Բլանկը:

Լարվածության սրացումը Ղարաբաղում ուղեկցվում է լայնածավալ ճնշումներով ակտիվիստների վրա Ադրբեջանում: Ոստիկանությունը ձերբակալել է մի քանի հայտնի իրավապաշտպանների: Ինչպե՞ս դա կազդի Արևմուտքի հետ հարաբերությունների վրա: Պատասխանելով այդ հարցին, Բլանկը նշում է, որ դա վնասում է Ադրբեջանի հարաբերություններին Արևմուտքի հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---