Իսրայելի նախագահը կարող է նախաձեռնել Հայոց ցեղասպանության ճանաչումը. Երևանն ու Թել Ավիվը ինտենսիվ բանակցում են

Իսրայելի նախագահը կարող է նախաձեռնել Հայոց ցեղասպանության ճանաչումը. Երևանն ու Թել Ավիվը ինտենսիվ բանակցում են

PanARMENIAN.Net - «Վեստնիկ Կավկազա» պարբերականը հայտնում է, որ Իսրայելի և Հայաստանի նախագահների աշխատակազմերի անդամները ինտենսիվ բանակցում են Իսրայելի կողմից 1915 թ. իրադարձությունները Թուրքիայում որպես ցեղասպանություն ճանաչելու շուրջ:

Մասնավորապես, գրում է պարբերականի իսրայելցի թղթակիցը, հայկական կողմն առաջարկել է, որ Իսրայելի նորընտիր նախագահ Ռեուվեն Ռիվլինը ի թիվս համաշխարհային այլ առաջնորդների 2015 թվականի ապրիլին այցելի Երևան՝ մասնակցելու ողբերգական իրադարձությունների 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Այնտեղ ունենալիք ելույթում նա կհայտարարի, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչում է, որ 1915 թ. Թուրքիայի այն ժամանակվա կառավարությունը ցեղասպանություն է իրագործել հայ ժողովրդի հանդեպ:

Ինչպես հայտնել է Իսրայելի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան աշխատակիցը, այդ գաղափարն ակտիվորեն առաջ են տանում Իսրայելում հայկական լոբբիի առաջնորդներից ոմանք, թեև հրաժարվել է կոնկրետ անուններ նշել: «Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակիցների տեսակետից հիմա լավագույն պահն է դրա համար, հաշվի առնելով լարված հարաբերություններն Իսրայելի ու Թուրքիայի միջև, ինչպես նաև Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ արդեն նախագահ Էրդողանի վերջին ելույթները: Հիշեցնենք, որ Էրդողանն այդ ելույթներում բազմիցս է իսրայելյան բանակի գործողությունները Գազայում համարել «պաղեստինյան բանակի ցեղասպանություն»: Իսրայելն, ինչպես հայտնի է, այդ մեղադրանքները հերքում է՝ հիշեցնելով, որ նույնիսկ պաղեստինցիների տվյալներով 2000 զոհվածների ավելի քան մեկ երրորդը եղել է ՀԱՄԱՍ-ի անդամ, իսկ միջազգային փորձագետների տվյալներով նրանց քանակը կազմում է զոհվածների մոտ 70-75 տոկոսը: Բացի այդ, Իսրայելը պնդում է, որ Գազայի խաղաղ բնակիչները սպանվել են միայն այն պատճառով, որ ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվել են որպես «կենդանի վահան»: Ամեն դեպքում, Գազայում կորուստներն անհամեմատելի են 1915 թվականի ողբերգության զոհերի քանակի հետ ըստ բոլոր աղբյուրների»,-ասվում է հրապարակման մեջ:

Ավելի վաղ Թուրքիայի այն ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի գործողությունները Պաղեստինի դեմ անվանեց «պետական ահաբեկչություն» և «ցեղասպանություն»: «Այժմ Իսրայելն ահաբեկչությամբ է զբաղված, Իսրայելը ցեղասպանություն է գործում,-հայտարարեց Էրդողանը:-Իսրայելը սպառնում է համընդհանուր խաղաղությանը, Մերձավոր Արևելքի խաղաղությանը: Էրդողանը հավելել է, որ քանի դեռ մնում է վարչապետի պաշտոնում, չի կարող ոչ մի լավ բան ասել Իսրայելի մասին:

Ի պատասխան Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացը հիշեցրեց թուրք առաջնորդին Հայոց ցեղասպանության մասին: Նախարարը նշեց, որ 1915-1918 թթ. Օսմանյան կայսրությունում սպանվել է 600 հազարից մինչև 1,5 մլն հայ: Ուստի թուրք վարչապետին հարիր չէ որևէ մեկին «ցեղասպանության» մեղադրանք ներկայացնել», գրել էր Կացը Facebook-յան էջում:

«Հայոց ցեղասպանության թեման կրկին արծարծվում է Իսրայելում նաև այն պատճառով, որ նախագահ է ընտրվել Ռիվլինը: Նա արդեն բազմիցս է հանդես եկել Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու օգտին, իսկ Լիտվայի խորհրդարանում որպես Քնեսեթի խոսնակ իր ելույթում թույլ տվեց իրեն հայտարարել, որ «Հոլոքոսթն ու 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ХХ դարի ամենաողբերգական իրադարձություններն են»: Մինչ այդ բոլոր իսրայելցի քաղաքական գործիչները հրապարակային ելույթներում խուսափում էին նման համեմատականներից:

Ռեուվեն Ռիվլինը բազմիցս է նշել, որ պայքարելով Իսրայելի կողմից 1915 թ. ցեղասպանության ճանաչման համար, նա միայն ցանկանում է, որ պատմական արդարությունը հաստատվի և խոսք չի գնում ինչ-որ մեղադրանքների, առավել ևս, ժամանակակից Թուրքիայի ժողովրդին ու նրա կառավարությանը ինչ-ինչ պահանջներ ներկայացնելու մասին: Ռիվլինը նաև բազմիցս է հայտարարել, որ չի հասկանում, թե ինչու Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի և հետխորհրդային տարածքի մյուս թրքալեզու պետությունների հետ հարաբերությունների վրա, որոնց ժողովրդներն ընդհանրապես կապ չունեն 1915 թ. իրադարձությունների հետ:

Միևնույն ժամանակ Իսրայելի ԱԳՆ-ում կարծում են, որ նախագահն այս դեպքում նախաձեռնություն հայտնելու իրավունք չունի, և 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու հարցը կարող է լուծվել միայն Ադրբեջանի հետ համաձայնությամբ, որի հետ բարեկամական հարաբերությունները չափազանց կարևոր են Իսրայելի համար: Իսրայելում վստահ են, որ Թուրքիայում և Ադրբեջանում տեղյակ են Ռիվլինի ու Սարգսյանի մերձավորների բանակցությունների մասին, սակայն դեռևս ոչ մի արձագանք Բաքվից կամ Անկարայից չկա, ըստ իսրայելցի դիվանագետների»,-գրում է պարբերականը:

Դեռ փետրվարին Ալեքսանդր Ցինկերը PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտարարեց, որ առաջիկայում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն Իսրայելի Քնեսեթում դժվար թե քննարկվի: «Սակայն հուսով եմ, որ այս տարի աշխատանքը կշարունակի Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը, չնայած, որ կազմն ընտրություններից հետո փոխվել է, այժմ այն գլխավորում է Ամրամ Միցնան»,-ասել էր Ցինկերը: «Ես որպես Իսրայելի քաղաքացի և Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի հիմնադիր ուղղակի համոզված եմ, որ հրեա ժողովուրդը, որը վերապրեց Հոլոքոսթը, ուղղակի բարոյական իրավունք չունի անտեսելու մեկ այլ ժողովրդի նմանատիպ ողբերգությունը»,-ասել էր քաղաքագետը:

Նա հիշեցրեց, որ 15 տարի շարունակ Ցեղասպանությունը ճանաչելու կողմնակիցները՝ Իսրայել-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամները, ինչպես նաև տարբեր խմբակցությունների անդամներ, փորձել են օրակարգում ներառել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: 2012-ին Քնեսեթում առաջին անգամ հարցը քննարկվեց: Հասկանալի է, որ դա միայն առաջին քայլն էր ճանաչման ճանապարհին:

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցն ընդգրկվեց Քնեսեթի օրակարգում 2011 թվականին ՄԵՐԵՑ կուսակցության կողմից և ներկայացվեց կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողովի քննարկմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---