ՀՀ-ն կարող է նանոտեխնոլոգիաների ոլորտում առաջատար դառնալ. Պիլոտային ծրագիր է իրականացվում

ՀՀ-ն կարող է նանոտեխնոլոգիաների ոլորտում առաջատար դառնալ. Պիլոտային ծրագիր է իրականացվում

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունը ՄԱԿ-ի ուսուցման և հետազոտման ինստիտուտի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում նանոանվտանգության վերաբերյալ ուսուցման և ներուժի ամրապնդմանն ուղղված ծրագիրը», որի շրջանակում այսօր` սեպտեմբերի 3-ին, սեմինար է անցել: Ծրագիրը պետք է նպաստի Հայաստանում նանոանվտանգության ոլորտի կադրերի պատրաստմանը, ինչպես նաև քիմիական նյութերի կառավարման ոլորտում ազգային ներուժի ամրապնդմանը:

Ինչպես նշել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը, Հայաստանը բարձր գիտական ներուժ ունի, և չի զարմանա, եթե նանոտեխնոլոգիաների ոլորտում մեր երկիրն առաջատարներից մեկը դառնա:

«Ուրախ եմ, որ Հայաստանն է այն երկիրը, որն ընտրվել է պիլոտային այս ծրագրի իրականացման համար»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

Նանոտեխնոլոգիան կիրառական գիտություններ և տեխնոլոգիաներ միավորող լայն ոլորտ է, որի հիմնական նպատակն ատոմական և մոլեկուլային մակարդակի վրա նյութի վերահսկվող մանիպուլյացիան է և կրիտիկական չափսերի հասնող, մոտ 100 նանոմետրից ավելի փոքր սարքերի կառուցումն ու նոր հատկություններով նյութերի և ծածկույթների ստացումը։

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ոլորտը Հայաստանում նոր է ու այս ուղղությամբ աշխատանքներ չեն իրականացվել, իսկ սեմինարը հնարավորություն է տալիս տեղի մասնագետներին արտերկրից ժամանած մասնագետների հետ շփման արդյունքում դրա մասին պատկերացումները լայնացնել:

«Կան նանոնյութեր, որոնք անվտանգ են և կան, որ վտանգավոր են: Մենք պետք է կարողանանք հասկանալ, թե տվյալ առարկաները ինչպես կարող ենք օգտագործել, դրանց պահպանման եղանակները, նաև եղանակային կլիմայի հետ կապված պահպանման ժամկետը, որպեսզի կարողանանք ապահովել անվտանգությունը»,- ասել է նա:

Նախարարի խոսքով՝ չնայած շրջակա միջավայր թափանցած նանոնյութերի որոշ տեսակների էկոհամակարգերի վրա բացասական ազդեցության վերաբերյալ շատ են կարծիքներ հնչում, այնուամենայնիվ բացահայտվել են դրանց մի շարք օգուտները։ Դրանցից է ոչ միայն ռեսուրսների կայուն օգտագործումը, այլև բնական պաշարների արդյունավետ օգտագործման հետ կապված կանաչ էներգիային, կանաչ քիմիային օժանդակումը։ Իր խոսքում նախարարը նշել է, որ ՀՀ բնապահպանական պետական քաղաքականությունն ուղղված է քիմիական նյութերի անվտանգ կառավարման ապահովմանը՝ նպատակ ունենալով կանխարգելելու շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա դրանց վտանգավոր ազդեցությունը, գրում է «Առավոտ»-ը։

Նանոտեխնոլոգիան բազմաճյուղ ոլորտ է, որում տարբեր ուղղություններ կան. դրանք են կիրառական ֆիզիկան, նյութաբանությունը, մակերևույթային և կոլլոիդ գիտությունները, սուփրամոլեկուլային քիմիան (քիմիայի ճյուղ, որն ուսումնասիրում է մոլեկուլների ոչ կովալենտ փոխազդեցությունները), քիմիակական, կենսաբանական, մեխանիկական ճարտարապետությունը (ինժեներիան) և էլեկտրոտեխնիկան։

Նանոտեխնոլոգիայի հիմնական առանձնահատկությունը նրանում է, որ նանոմետրիկ չափսերի սահմաններում նյութերի հետ աշխատելու սովորական, մակրոսկոպիկ մեթոդներն ու մոտեցումները հաճախ այլևս կիրառելի չեն, իսկ միկրոսկոպիկ երևույթները, օրինակ՝ առանձին ատոմների կամ մոլեկուլների փոխազդեցությունները, սահմանափակ չափսերի կողմից թելադրված քվանտային երևույթները, որոնք աննշան են մակրո մարմինների դեպքում, դառնում են շատ ավելի էական։

2004-ին նանոտեխնոլոգիայի բնագավառում ներդրումները 2003-ի համեմատ կրկնապատկվեցին ու կազմեցին 10 մլրդ ԱՄՆ դոլար։ Մասնավոր դոնորների՝ կորպորացիաների բաժինը ներդրումներում կազմեց 6,6, իսկ պետական կառույցներինը՝ 3,3 մլրդ դոլար։ Այդ բնագավառում կապիտալ ներդրումների առումով համաշխարհային առաջատարներն են Ճապոնիան և ԱՄՆ-ը։ Ճապոնիան նոր նանոտեխնոլոգիաների մշակման բնագավառում 2003-ի համեմատ ծախսերն ավելացրեց 126%-ով (ներդրումների ամբողջ ծավալը կազմեց 4 մլրդ դոլար), ԱՄՆ-ն՝ 122%-ով (3,4 մլրդ դոլար)։

Հասարակության շրջանում նանոտեխնոլոգիայի բնագավառում առաջընթացը որոշակի հետաքրքրություն առաջացրեց: Հասարակակակն վերաբերմունքն ուսումնասիրել է «Եվրոբարոմետր» եվրոպական ծառայությունը։ Մի շարք հետազոտողներ վկայում են, որ ոչ մասնագետների բացասական վերաբերմունքը նանոտեխնոլոգիաներին կապված է կրոնական գաղափարների և նանոնյութերի տոքսիկայնության հետ։ Հատկապես դա ակտուալ է լայն գովազդվող կոլոիդային արծաթի համար, որի հատկությունները և անվտանգությունը մեծ հարցականի տակ են։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---