Հունաստանի խորհրդարանում քննարկվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը. Էրդողանը զգուշացրել է «խնդիրների» մասին

Հունաստանի խորհրդարանում քննարկվել է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը. Էրդողանը զգուշացրել է «խնդիրների» մասին

PanARMENIAN.Net - Հունաստանի խորհրդարանում մասամբ քննարկվել է խտրականության, օտարատյացության և ցեղապաշտության դեմ պայքարի օրինագիծը, որը պատիժ է սահմանում նաև Հայոց ցեղասպանությունը հերքողների նկատմամբ: Թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ հույն պատգամավորները հաստատել են 6 կետից բաղկացած օրինագծի 3 կետը, իսկ մյուս 3-ի քվեարկությունը հետաձգել են:

1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, որոնք նախատեսում են միջազգային դատարանների և Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունները, պատերազմական և մարդկության դեմ իրագործված հանցագործությունները դիտավորյալ ժխտողների նկատմամբ դրամական պատիժ և ազատազրկում սահմանել, քվեարկության կդրվեն վաղը՝ սեպտեմբերի 9-ին:

Խտրականության, օտարատյացության և ցեղապաշտության դեմ օրենքի քննարկումը մոտ մեկ տարի է Հունաստանի խորհրդարանի օրակարգում է: Հրապարակային քննարկումներից և լսումներից հետո որոշում էր կայացվել օգոստոսի վերջին քննարման և քվեարկության դնել օրենքը` մտցնելով խորհրդարանի ամառային նստաշրջանի օրակարգ, սակայն հետաձգվել էր:

Հունաստանի խորհրդարանի 3 ընդդիմադիր կուսակցություն դեմ է արտահայտվում օրինագծին՝ պատճառաբանելով, որ այն սահմանափակում է խոսքի ազատությունը և իրականում այլատյացության դեպքերի դեմ կանխարգելիչ մեխանիզմների չի պարունակում: Իրարամերժ կարծիքների տեղիք տված խնդրահարույց օրինագծով պահանջվում է անդրադառնալ Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված` Թուրքիայում իրականացված հայերի և հույների ցեղասպանոությանը:

Մարդկության դեմ հանցագործությունները, այդ թվում և Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը քննարկվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հանդիպման ժամանակ: Նրանց հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին Ուելսում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:

Էրդողանը Հունաստանի վարչապետին զգուշացրել է, որ այդ օրինագիծը թուրք-հունական հարաբերություններում խնդիրների պատճառ կդառնա: Հունական կողմն էլ ընդգծել է, որ օրինագիծը համապատասխանում է միջազգային իրավունքին և Եվրոպայում ընդունված որոշումներին: Ըստ հունական կողմի՝ օրենքը պատրաստվել է ի նշան զոհվածների հիշատակի հանդեպ հարգանքի և որևէ կերպ չի առնչվում ժամանակակից Թուրքիայի հետ հարաբերություններին:

«Օրինագծի վերջնական տարբերակի համաձայն, Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը կհամարվի հանցագործություն: Բացի այդ, հանցագործություն կհամարվի նաև այն ցեղասպանությունների ժխտումը, որոնք ճանաչվել են հունական կամ միջազգային դատարանների վճիռներով»,- ասել էՀունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիուն: Եվրոպական երկրներից ցեղասպանությունների ժխտումըքրեականացնող օրենքներ գործում են Շվեյցարիայում և Սլովակիայում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---