Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Պիեր Անդրյոին, Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Այնուհետև հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ։

Նախարարները և համանախագահները շարունակել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացին առնչվող հարցերի քննարկումները, տեղեկացնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Նյու Յորքում անցնող ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին ակնկալվում է, որ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ելույթ կունենա 90 պետության ղեկավար, մոտ 50 վարչապետ ու փոխվարչապետ, ավելի քան 40 արտգործնախարար։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված միացյալ ջանքերի գործադրման վճռականությունը։

Քննարկվել են Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ Փարիզում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման նախապատրաստական աշխատանքները։

Եռանախագահները տեղեկացրել են իրենց ցանկության մասին հոկտեմբերին այցելել տարածաշրջան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն արդեն տվել են իրենց համաձայնությունը Փարիզում բանակցությունների անցկացման համար: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտարարել էր, որ հանդիպումը կկայանա հոկտեմբերի երկրորդ կեսին:

Հուլիսի վերջից սկսած ու մի քանի օր տևած ադրբեջանական կողմի գործողությունները շփման գծում և սահմանին աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք. 2013-ի ընթացքում այդ թիվը հասել էր 13 հազարի: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդն 8-9 անգամ ավելի շատ կորուստ ունեցավ, քան հայկական կողմը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---