Վրաստանի մշակույթի նախարարությունը կփորձի վերականգնել Սբ Մինաս եկեղեցին. 2015-ին կդիմեն կառավարություն

Վրաստանի մշակույթի նախարարությունը կփորձի վերականգնել Սբ Մինաս եկեղեցին. 2015-ին կդիմեն կառավարություն

PanARMENIAN.Net - Վրաստանի մշակույթի նախարարությունը պատրաստվում է Սբ Մինաս եկեղեցու վերականգնման ծրագիր ներկայացնել կառավարություն՝ 2015-ին բյուջետային ֆինանսավորում ստանալու նպատակով:

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը՝ Վրաստանի մշակույթի նախարարության մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավարության հետ այցելել է սեպտեմբերի 19-ին փլուզված Սբ Մինաս եկեղեցի և տեղում ծանոթացել իրավիճակին:

Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում գտնվող Սբ Մինաս եկեղեցու տանիքը սեպտեմբերի 19-ի երեկոյան փլուզվել է : Պատճառը տանիքի փայտե կառույցների փտած լինելն է, հայտարարել է Վրաստանի Մշակութային ժառանգության գործակալության փորձագետ Գիա Սոսանիձեն. «Բավականին երկար ժամանակ եկեղեցին չի վերանորոգվել, ինչի արդյունքում փտել է անձրևաջրերի հետևանքով»:

ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ համատեղ քննարկման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Վրաստանի մշակույթի նախարարությունը Թբիլիսիի քաղաքապետարանի հետ առաջիկայում կսկսի հուշարձանի մաքրման աշխատանքները, կգնահատվի հուշարձանի կրած վնասի չափը: Դրանից հետո միայն բյուջետային ֆինանսավորում ստանալու նպատակով Վրաստանի մշակույթի նախարարությունը կկազմի հուշարձանի հետագա պահպանման և վերականգնման ծրագիր և կներկայացնի կառավարությանը:

Սբ Մինասը կառուցվել է 1790 թվականին: Սկզբնական շրջանում եկեղեցին մեծ կառույց չի եղել, և 1870 թվականին անհրաժեշտություն է առաջացել առավել մեծացնել եկեղեցու շինությունը: Եվ 1883թ-ի հունվարի 2-ին հին եկեղեցու տեղում կառուցվել է Երևանցոց Սբ Մինասը: Խորհրդային տարիներին եկեղեցին զրկվել է գմբեթից և օգտագործվել որպես արհեստանոց: ԽՍՀՄ փլուզումից հետո Երևանցոց Սբ Մինասը «վիճելի» եկեղեցիների թվին է դասվել, և տեղաբնակներն այնտեղ պահպանել են օգտագործման համար ոչ պիտանի իրերը:

Չնայած Վրաստանի մշակույթի նախարարությունը Սուրբ Մինաս եկեղեցին ընդգրկել է մշակութային հուշարձաների ցանկում` դրա տարածքն այսօր սեփականաշնորհված է եկեղեցու բակի բնակիչների կողմից:

Սուրբ Մինասի եկեղեցու ամբոջ տարածքը պետռեգիստրում գրանցված է որպես հարևաններից մեկի տան դահլիճ և նրան է պատկանում: Վրաստանի Մշակութային ժառանգության գործակալության փորձագետ Գիա Սոսանիձեն ավելի վաղ նշել է, որ քանի դեռ իրավական հարցերը չեն լուծվել, չեն կարող սկսել եկեղեցու վերականգնման աշխատանքները:

Վերջին մի քանի տարվա ընթացքում սա երրորդ դեպքն է, երբ Թբիլիսիում հայկական եկեղեցի է քանդվում: 2009-ին քանդվեց Սբ Մուղնեցոց եկեղեցին, իսկՍբ Նշան եկեղեցում2012-ին հրդեհ էր բռնկվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---