«Իսլամական պետությունը»՝ մարդկության դեմ սպառնալիք. Հրատապ քննարկում ԵԽԽՎ-ում

«Իսլամական պետությունը»՝ մարդկության դեմ սպառնալիք. Հրատապ քննարկում ԵԽԽՎ-ում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ն հրատապ կարգով քննարկել է «Մարդկության դեմ սպառնալիքը՝ առաջացած «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից. բռնությունը քրիստոնյաների, ինչպես նաև կրոնական ու էթնիկ այլ համայնքների հանդեպ» թեմայով զեկույցը։ Հայկական պատվիրակության անդամներ Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Նաիրա Կարապետյանը ելույթ են ունեցել՝ զուգահեռներ անցկացնելով Հայոց ու այսօր իրագործվող եզդիների ցեղասպանությունների միջև:

«Թեև ուղիղ հարյուր տարի առաջ գրեթե նույն տարածքներում կատարված 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերքերը դեռ չեն սպիացել, այլ բազմաթիվ վայրագություններ հիմա իրագործվում են Միջին Արևելքում: Շիա մահմեդականները, սուննի քուրդերը, քրիստոնյաները, որոնց մենք առանձին չենք մատնանշում, այլ հավաքական կերպով կոչում ենք քրիստոնյաներ՝ ասորիները, սիրիացիները, քաղդեացիները, կրկին հայերը, առավելապես զրադաշտ դավանող եզդիները վերապրում են ցեղասպանություն, որը իրագործվում է բարբարոսական խալիֆի պետության կողմից:

Սակայն սրբապիղծ խալիֆայության ամենամեծ վտանգը մեզ ուղղված սպառնալիքը չէ, ոչ էլ տարածքային նվաճումները, այլ բնիկ ազգաբնակչության բնաջնջումը, որը հավասարազոր է ցեղասպանության և արյունարբու երեխա մարդասպանների նոր սերունդի ձևավորումը»,- նշել է Արփինե Հովհաննիսյանը:

Նա նաև զուգահեռներ է տարել էբոլայի հետ` նշելով, որ կարելի է պայքարել մարմինը ախտահարող հիվանդության դեմ, սակայն ուղեղը ախտահարող հիվանդության դեմ՝ անհնար է:

«Իր հերթին բնիկ ազգաբնակչության ոչնչացումը նշանակում է, որ Միջին Արևելքի էթնիկ, կրոնական և սոցիալական հիմքն առհավետ փոխվում է՝ առաջացնելով սահմռկեցուցիչ և պատմական հետևանքներ, որոնք մենք՝ որպես մարդկություն, թողնում ենք մեր սերունդներին: 100 տարի առաջ՝1915 թվականին բնիկ հայերը գրեթե բնաջնջվեցին այսօրվա Թուրքիայի ազգայնամոլ (իսկ այժմ իսլամական) կառավարության կողմից:

Հարյուր տարի անց կրոնական մոլեռանդները երկրի երեսից վերացնում են նույն հայերին՝ պայթուցիկներով գետնին հավասարեցնելով Դեր Զորի՝ ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված եկեղեցին, բնաջնջելով եզդիներին և ցանկացած անձի, որ սունիական չէ, կամ պարզապես չի կիսում իրենց գաղափարները և չի հավատում Աստծո բացարձակ միակերպությանը (միստվածությանը): Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել Թուրքիայի և դրա դաշնակիցների կողմից, և մեր ժամանակներում այդ անտարբերության և մերժողականության չարորակ զարգացումն է այն, ինչին մենք այժմ ականատես ենք լինում, նույն դերակատարների մասնակցությամբ և նույն տարածքներում»,- նշել է Արփինե Հովհաննիսյանը` հավելելով, որ պատմությունը կրկնվում է, սակայն թվում է, որ ոչ մի դաս չի սերտվել.

«Եթե Իսլամական պետության հիմնական աջակիցներ Սաուդյան Արաբիան և հատկապես ու առավելապես Թուրքիան իրոք չդադարեցնեն կամ հարկադրված չլինեն դադարեցնել Չարիքի խալիֆայությանն իրենց աջակցությունը, մենք կառերեսվենք այն խավար ժամանակներին վերադառնալու սպառնալիքին, որում երբևէ չենք եղել, այն է՝ բացարձակ կրոնական անհանդուրժողականության, բացարձակ մերժողականության և կոտորածների ժամանակներին»:

Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է, որ «Իսլամիստական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորումը Իրաքի հյուսիսում իրական ցեղասպանություն է իրականացնում. հողին են հավասարեցվում եզդիների և քրդերի տները, գնդակահարվում, մորթվում են բոլոր այն եզդիները, ովքեր չեն համաձայնում կրոնափոխ լինել։

«Ծայրահեղականների կարգախոսն է՝ «Իսլամ, կամ մահ»։ Հայտնի են հարյուրավոր դեպքեր, երբ երեխաներին ողջ-ողջ թաղել են մոր աչքի առաջ, իսկ մայրերին բռնաբարել ու սպանել երեխաների աչքի առաջ։ Հազարավոր եզդիների, հատկապես կանանց ու երեխաների, անարգելուց հետո, վաճառում են որպես ստրուկ»,- նշել է Զոհրաբյանը։

Իր ելույթում նա ևս անդրադարձել է նաև սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, «Իսլամական պետության» ծայրահեղականների կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի՝ Սիրիայի Դեր Զորի Սուրբ Նահատակաց հայկական եկեղեցին ականապատելուն ու պայթեցնելուն։

«Ինձ համար, որպես հայի, այսօր այս ամենի մասին խոսելը կրկնակի ցավ է, որովհետև հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իմ 1,5 միլիոն հայրենակից տեղահանվեց ու ենթարկվեց ցեղասպանության։ 100 տարի առաջ նույն կերպ օսմանական հրեշները ողջ-ողջ թաղում էին երեխաների ու հղի կանանց, սպանում, ավիրում և թալանում։ Մենք պիտի թույլ չտանք, որպեսզի պատմությունը կրկնվի։

Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ բացի դատապարտող հայտարարություններից, հստակ քայլեր ձեռնարկվեն պատժելու ահաբեկիչ իսլամիստներին ու նրանց հովանավոր երկրներին, որոնք հետևողականորեն շարունակում են զենք ու գումար մատակարարել ահաբեկիչներին։

Պիտի անել հնարավորը՝ այս անմարդկային ցեղասպանությունը կանգնեցնելու, սովի մատնված փախստականներին օգնելու համար։ 100 տարի առաջ տեղի ունեցավ հայ ժողովրդի ցեղասպանությունը և ես շատ լավ գիտեմ, թե ի՞նչ է նշանակում միջազգային հանրության լռությունն ու անգործությունը»,- եզրափակել է Նաիրա Զոհրաբյանը։

ԵԽԽՎ-ում Հայաստանը ներկայացնող մյուս պատվիրակը՝ Նաիրա Կարապետյանը, խոսել է Թուրքիայի կողմից ահաբեկիչներին աջակցելու, Քեսաբի և Դեյր էզ Զորի Սուրբ նահատակաց եկեղեցու պայթեցման դեպքերի մասին. «Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայում ապրող հայերի ճակատագրով: Սիրիայի մյուս քաղաքացիների հետ միասին նրանք այսօր պայքարում են իրենց կյանքի իրավունքի համար:

Մարտ ամսին մենք ականատես եղանք Սիրիայի Քեսաբ քաղաքի ողբերգական իրադարձություններին, մի քաղաքի, որ կարծես անցյալ դարասկզբին Ցեղասպանության հետևանքով հայերի անմարդկային տեղահանությունների մասին ցավոտ հիշեցում էր: Այս քաղաքը և հարակից 12 գյուղերը դաժան հարձակման ենթարկած ահաբեկչական խմբերը, որ փոխկապակցված էին Ալ-Քաիդայի հետ, սահմանը հատել էին հարևան Թուրքիայի տարածքից»:

Նա ևս անդրադարձել է հայկական եկեղեցու պայթեցմանը` նշելով, որ սրբավայրում արված բարբարոսությունը հերթական անգամ հաստատում է այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբի վայրենի բնույթը: Բանաձևի նախագծում ԵԽԽՎ-ն հայտնում է խորին մտահոգություն, որ շուրջ 3000 երիտասարդ եվրոպացի կա Իսլամական Պետության շարքերում, որ կռվում է Իրաքում և Սիրիայում, և կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին ջանքեր գործադրել բացահայտելու և ետ կանչելու, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

«Եկեք խոսենք անկեղծ. ինչու՞ ենք մենք միայն հիմա սկսում անհանգստանալ եվրոպացիների ներգրավվածության վերաբերյալ: Ինչու՞ մենք որևէ քայլ չձեռնարկեցինք Քեսաբի իրադարձություններից հետո, երբ առկա էին փաստեր, որ ահաբեկիչները ներխուժել էին ԵԽ անդամ Թուրքիայի տարածքից: Ինչպե՞ս եղավ, որ նույն կազմակերպության անդամներին սկսեցինք կոչել «ահաբեկիչներ», այն դեպքում, որ Եվրոպան նրանց տևական ժամանակ անվանում էր «ապստամբներ»,- նշել է Կարապետյանը՝ ողջունելով ԵԽԽՎ քայլերը և կոչ անելով Վեհաժողովին միանալու միջազգային հանրության ջանքերին՝ ուղղված այս քաղաքակիրթ աշխարհին սպառնացող այս չարիքի վերացմանը և դրա հովանավորության ճանապարհները արմատախիլ անելուն:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---