
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մեծապես կարևորել է կանոնավոր հանդիպումների անցկացումն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև, որոնք միտված են տարաձայնությունների հարթեցմանը ղարաբաղյան կարգավորման տարրերի հարցում:
Նա նշել է նաև, որ միայն հանդիպումները բավարար չեն: «Մենք կարծում ենք նաև, որ տևական խաղաղության հասնելու համար, անհրաժեշտ է, որ բանակցություններում առաջընթաց գրանցվի»,-ասել է Ուորլիքը, հայտնում է «Թրենդը»:
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Նյու Յորքում՝ նա նշել է, որ տեղի են ունեցել կառուցողական բանակցություններ:
«Մենք քննարկել ենք նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման նախապատրաստմանն առնչվող հարցեր, որը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կազմակերպելու է Փարիզում»,-ասել է Ուորլիքը: Ըստ նրա, հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի վերջում և համանախագահները ևս կմասնակցեն: «Դեռ համաձայնություն չկա հանդիպման ձևաչափի շուրջ, սակայն մենք սատարում ենք քննարկումների բոլոր հնարավորություններին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև ղարաբաղյան կարգավորման շուրջ»,-ասել է համանախագահը:
Ավելի վաղ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն հայտարարեց, որ նախաձեռնելով այս հանդիպումը, Ֆրանսիան հուսով է, որ խաղաղություն կհաստատվի Լեռնային Ղարաբաղում: «Իր տարածաշրջանային այցի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է կողմերի միջև երկխոսության խթանման անհրաժեշտությունը, որպեսզի ներկայացվեն ու մշակվեն գործիքները, որոնք կնպաստեն կողմերի միջև վստահության ձևավորմանը՝ հետապնդելով հրադադարի ռեժիմի պահպանման երաշխիքի նպատակ ու բացառելով խաղաղ բնակչության ու զինվորականների շրջանում զոհերը»,- նշել է Ռենոն, հաղորդում է Armenia Today-ը:
Նրա խոսքով, պետք է հարցի երկարաժամկետ լուծում գտնել ու հիմնվել ԵԱՀԿ ՄԽ առաջարկած սկզբունքների վրա, և հենց այս երեք սկզբունքների հիման վրա կոնֆլիկտի կարգավորումն էլ լինելու է Փարիզի հանդիպման հիմնական թեման:
ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելն էլ իր հերթին նշել է, որ առանց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումների Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում առաջխաղացումն անհնար է:
«Շատ կարևոր է, որ հանդիպեն որոշումներ կայացնող անձինք: Թեպետ ղարաբաղյան հարցում երկու կողմից էլ թշնամական հայտարարություններ են հաճախ հնչում, սակայն օգուտ կա. 20 տարի հաջողվել է պահպանել ստեղծված իրավիճակը», - ասել է դեսպանը:
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն արդեն տվել են իրենց համաձայնությունը հոկտեմբերի երկրորդ կեսին Փարիզում բանակցությունների անցկացման համար:
Մինչ այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը:Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիումհանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:
Հուլիսի վերջից սկսած ու մի քանի օր տևած ադրբեջանական ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները: