ԵՏՄ ճակատագիրը կախված է Հայաստանի ինտեգրումից, իսկ ՀԱՊԿ-ինը՝ կլուծվի ՀՀ սահմանին

ԵՏՄ ճակատագիրը կախված է Հայաստանի ինտեգրումից, իսկ ՀԱՊԿ-ինը՝ կլուծվի ՀՀ  սահմանին

PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ճակատագիրը կախված է Հայաստանի ինտեգրումից, քանի որ Երևանի օրինակով հնարավոր կլինի հասկանալ, թե որքանով է կենսունակ միութենական տնտեսությունն ու միութենական հանրությունը: Այդ մասին ասվում է «Օդնակո» նախագծի կայքում զետեղված հոդվածում:

Ինչպես ասվում է հրապարակման մեջ, Երևանի ինտեգրման գլխավոր և առանցքային խնդիրը Ռուսաստանի կամ դաշնակիցներից որևէ մեկի հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է, ինչը Հայաստանին դասում է Կալինինգրադի մարզի և Մերձդնեստրի շարքին: «Եթե առաջին դեպքում հաջողվեց տարանցում կազմակերպել Մերձբալթիկայի տարածքով, ապա Մերձդնեստրը դարձել է եվրաինտեգրման ճանապարհին գտնվող հարևանների ու չճանաչված կարգավիճակի պատանդը: Սակայն Հայաստանից Ռուսաստան երկաթուղային տարանցումը Վրաստանի տարածքով կախված է աբխազական երկաթուղու վերագործարկումից: Ուստի զուտ տնտեսական խնդիրը վերածվում է արտաքին քաղաքականության հարցի»:

«Երկաթուղին, որը կաշխուժացնի բոլոր կովկասյան հանրապետությունների տնտեսությունները և կավելացնի ապրանքաշրջանառությունը, վերածվում է մի նախագծի, որն անհնար է իրագործել առանց բոլոր մասնակիցների ներգրավման: Հետևաբար, ամենատրամաբանական լուծումը կլիներ երկաթուղիների փայատիրական ընկերակցության կազմակերպումը, որտեղ իր փայը կունենային և հայկական, և վրացական, և աբխազական և ռուսական կողմը: Այդպիսով, Կովկասում կարող էր հայտնվել առաջին միջհանրապետական տրանսպորտային ընկերությունը:

Նման փայատիրական ընկերակցության ստեղծումը տնտեսական հարթակ կդառնա տարածաշրջանի տնտեսությունների հետագա ինտեգրման համար, քանի որ երկաթգծի շահագործումից հետո երկրորդ քայլը պետք է դառնա պահեստների ստեղծումը, տարանցման ապահովումն ու լոգիստիկան:

Սակայն Կովկասյան երկաթուղիների փայատիրական ընկերակցության ստեղծման նախագիծը Վրաստանում քաղաքական գծի փոփոխման ու իշխանափոխության վտանգի տակ է: Քանի դեռ Թբիլիսիում պահպանվում է Սահակաշվիլիի հետնորդների իշխանության գալու հավանականությունը, Վրաստանի հետ ոչ մի նախագծի դեպքում վստահ լինել չի կարելի»,-ասվում է հրապարակման մեջ:

Միութենական շուկային միանալու Հայաստանի երկրորդ հնարավորությունը տալիս են Իրանի Կասպից ծովի նավահանգիստները: Իրանը Հայաստանի համար ամենաբարեկամ հարևանն է: Արտահանումն Իրանից արդեն իսկ ապահովում է հայկական շուկան: Իսկ հիմա, երբ Մոսկվան ինքն է Թեհրանի հետ տնտեսական ինտեգրման ուղին ստանձնել, կարելի է համատեղ հայ-ռուս-իրանական նախագծեր կյանքի կոչել:

Եթե Երևանը տարանցիկ արտահանման ու ներկրման հնարավորություն ստանա իրանական նավահանգիստներով դեպի ՌԴ ու Ղազախստանի շուկաներ, ցամաքային սահմանների հարցը կլուծվի: Ծովային ապրանքային տարանցումն Իրանի տարածքով Հայաստանի համար առավել արդիական է դառնում Կասպից ծովում առևտրի ազատ գոտու ստեղծման հետ կապված պլանների կապակցությամբ:

Հայաստանում եվրասիական ինտեգրման համար երկրորդ մարտահրավերը ռազմատեխնիկական ոլորտում է, գրում է պարբերականը: «Քիչ է, որ Հայաստանը սահմանակից է երկու անբարյացակամ պետությունների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, դրան գումարվում է նաև այն, որ Հայաստանին սահմանակից Թուրքիայի տարածքները քրդաբնակ են: Քրդստան նախագիծը, որը կպայթեցնի Թուրքիան, իրականություն կարող է դառնալ ամեն վայրկյան: Քրդական հանրության և թուրքական պետության միջև պատերազմը շատ հավանական է, քանի որ «Իսլամական պետության» գործողությունների շնորհիվ ռազմական գործողությունների քարտեզն ընդլայնվում է: Ամենափոքր զինված ապստամբությունը մի հեռավոր քրդական քաղաքում կարղ է բռնկել ամբողջ տարածաշրջանը»,-ասվում է հոդվածում:

«Այսպիսով, Հայաստանն արդեն գտնվում է գլոբալ հակամարտության առաջնագծում, ուղղակի մենք դեռ չենք գիտակցել այն փաստը, որ երրորդ համաշխարհային պատերազմը, հավանաբար, հիբրիդային է լինելու: Սակայն հումանիտար աղետներն ու ցեղասպանությունները հիբրիդային չեն, այլ այնպիսին, ինչպես միշտ են եղել:

Ուստի վերահաս վտանգին դիմագրավելու համար Հայաստանի միակ շանսը տնտեսության մոբիլիզացումն է և քաղաքացիական ու ռազմական վարչակազմերի ինտեգրումը:

Հենց Հայաստանի սահմաններին է լուծվելու ՀԱՊԿ ճակատագիրը՝ այստեղ պարզ կդառնա, թե կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը լիարժեք ռազմական դաշինք դառնալ: Եթե ՀԱՊԿ-ը չկարողանա պատասխանել 21-րդ դարի մարտահրավերներին, ապա Ռուսաստանը ստիպված կլինի երկկողմ ռազմական դաշինքներ կնքել ու նոր ռազմակայաններ տեղակայել:

Ռազմական ինտեգրման հաշվին Երևանը նույնիսկ կարող է ավելի սերտ միություն կազմել Ռուսաստանի հետ, քան Բելառուսը: Քանի որ դիմագրավումը համատեղ սպառնալիքներին ու մարտական եղբայրությունը շատ ավելի ամուր են միավորում, քան համատեղ առևտուրն ու ապրանքաշրջանառությունը:

Ընդհանուր առմամբ, եթե Երևանը նույն եռանդով ու համախմբվածությամբ ձեռնամուխ լինի եվրասիական ինտեգրմանը, որքան նախապատրաստական փուլում, ապա շուտով Հայաստանը կկարողանա ինտեգրվել ՌԴ-ի և Բելառուսի Միութենական պետությանը: Այսինքն, կարող է նույնիսկ Ղազախստանից առաջ անցնել:

Դրա համար կան բոլոր նախադրյալները: Հարցը բացառապես կամքի առկայությունն է ու նպատակները»,-ասվում է հրապարակման մեջ:

Հոկտեմբերի 10-ին Մինսկում ընթացող Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը:

Ինտրիգը պահպանվեց մինչև վերջ. Մաքսային միությանն անդամակցելու մտադրության մասին Հայաստանը հայտարարեց 2013-ի սեպտեմբերին: Նախատեսվում էր, որ արդեն 2014-ի մայիսին Երևանը ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի հետ կստորագրի ԵՏՄ մասին պայմանագիրը: Սակայն Հայաստանի անդամակցումը միությանը ձգձգվում է Հայաստանի ու ԼՂՀ միջև մաքսային հսկողության հարցի պատճառով:

Այդ մասին խոսեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մայիսի 29-ին Աստանայում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում: Նազարբաևն առաջարկեց Հայաստանին միանալ Եվրասիական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում և հայտնեց, որ Ղազախստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահները նամակ են ստացել Իլհամ Ալիևից համապատասխան խնդրանքով: Արդյունքում պայմանագրի ստորագրումը մի քանի անգամ հետաձգվել է:

Ելույթ ունենալով Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի անդամակցումն իր յուրահատկությունն ունի՝ դա ԵՏՄ մյուս անդամների հետ ընդհանուր սահմանի բացակայությունն է: «Սակայն, մենք վստահ ենք, որ դա չի խանգարի Հայաստանի անդամակցությանը կանոնակարգման, տրանսպորտի, հեռահաղորդակցությունների, ֆինանսների համակարգերին, որոնք ձևավորվում են մեր տնտեսական տարածքում:

Մեզ համար ակնհայտ է, որ միասին մենք տնտեսապես ավելի ուժեղ ենք և ավելի հեշտ կարող ենք արձագանքել գլոբալ մարտահրավերներին: Եվրասիական միությունն ամենախոշոր տնտեսական միավորումն է աշխարհագրական առումով: Մենք վստահ ենք, որ Միությունը հսկայական չիրագործված ներուժ ունի աշխարհի տնտեսական քարտեզում դիրքերն ամրպնդելու համար»,-ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---