Սարգսյանն ու Ալիևը հանդիպել են. Բանակցել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ

Սարգսյանն ու Ալիևը հանդիպել են. Բանակցել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահի հրավերով աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 27-ին Ելիսեյան պալատում հանդիպել էՖրանսուա Օլանդին: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են հայ-ֆրանսիական հագեցած օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներին ու մարտահրավերներին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Օլանդին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում Ֆրանսիայի դերակատարման և ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված փարիզյան հանդիպման նախաձեռնության համար:

Հանդիպմանը զրուցակիցներն ընդգծել են, որ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններն ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության վկայությունն են, որոնք տարեցտարի ավելի են ամրապնդվում բարձր մակարդակի փոխայցելություններով, միջխորհրդարանական սերտ կապերով, ապակենտրոնացված գործակցության ընդլայնմամբ ու զարգացմամբ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությամբ:

Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը նշել են, որ քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունից բացի, ակտիվորեն զարգանում և ամրապնդվում են նաև տնտեսական կապերը. ֆրանսիական ներդրումների ծավալը հայաստանյան տնտեսության մեջ այսօր արդեն կազմում է մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլար: Նախագահ Օլանդը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին` միջազգային խաղաղապահ առաքելությանը Հայաստանի շահագրգիռ մասնակցության, ինչպես նաև աֆրիկյան տարածաշրջանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող գործողություններին հայկական կողմի մասնակցության պատրաստակամության համար:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին` Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես հանդես է գալիս բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման օգտին և նշել, որ բարձր է գնահատում համանախագահող երկրների ղեկավարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` միտված բանակցային գործընթացի առաջմղմանը, տարածաշրջանում մշտական խաղաղության և կայունության հաստատմանը:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի են ունեցել ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները: Դրանք ավելի ուշ կամփոփվեն Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների համատեղ հանդիպմանը:

Փարիզյան հանդիպումը ՀՀ և ԱՀ նախագահների համար այս տարի արդեն երրորդն է: Մինչև այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները: Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Այսօր ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ժամանել եմ Փարիզ, որտեղ նախագահ Օլանդը բանակցություններ կանցկացնի նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ. «Ես հույս ունեմ, որ բանակցությունները մեզ ավելի կմոտեցնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Փարիզում տեղի ունեցած հանդիպմանն ավելի վաղ Ֆրանսիական առաջատար Le Figaro պարբերականը՝ գրելով, որ օրակարգի գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսումն է:

«Օլանդի համար հանդիպման օրակարգի գլխավոր խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելն է, որի կարևորությունը էլ ավելի է մեծանում, եթե նկատի ունենանք սահմանային գոտում այս ամռանն արձանագրված լարվածության աճը»,- գրել է Le Figaro-ն՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին:

Պարբերականը գրել է, որ համաձայն նույն աղբյուրի տեղեկատվության, այսօրվա հանդիպման ավարտին կարելի է սպասել համատեղ հայտարարության, որն էլ կնախանշի երկխոսության վերսկսումը, փոխանցում է Panorama.am-ը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---