Շաբաթվա կտրվածքով ադրբեջանցիները հրադադարը խախտել են մոտ 400 անգամ

Շաբաթվա կտրվածքով ադրբեջանցիները հրադադարը խախտել են մոտ 400 անգամ

PanARMENIAN.Net - ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

Հոկտեմբերի 11-18-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 550 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:

Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ի երեկոյան տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցությունները: Ֆրանսիայի նախագահի հետ առանձնազրույցներից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները բանակցություններ են վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, ապա առանձնազրույց ունեցել: Բանակցությունների արդյունքներն ուշ երեկոյան ամփոփվել են նախագահներ Ֆրանսուա Օլանդի, Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի համատեղ հանդիպմանը:

Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը:

Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի բանակցությունները:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախագահների եռակողմ հանդիպումը որակել է օգտակար և կառուցողական: «Հանդիպման ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը և վստահության ամրապնդմանը: Կարծում եմ, որ այսօր ևս մի փոքր քայլ արվեց՝ ավելի մոտեցնելու կողմերի դիրքորոշումը: Իհարկե, սա բարդ գործընթաց է և մեկ-երկու հանդիպումներով դժվար է եզրակացնել, որ ինչ-որ բեկումնային առաջընթաց կարձանագրվի: 2008-ից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով 17 հանդիպում է կայացել և կասեի, որ այս հանդիպումներն, իհարկե, օգտակար են և հնարավորություն են տալիս նախագահներին ավելի ծանոթանալու միմյանց մոտեցումներին և ավելի պարզ դարձնելու հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ առաջ գնալու հնարավորությունների շրջանակը: Կարծում եմ՝ այս իմաստով հանդիպումը դրական էր: Նախագահների մակարդակով հաստատվեց, որ բանակցային գործընթացին այլընտրանք չկա, պետք է գնալ խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհով»,- ասել է ԱԳ նախարարը:

Փարիզյան հանդիպումը ՀՀ և ԱՀ նախագահների համար այս տարի արդեն երրորդն է: Մինչև այդ`սեպտեմբերի 4-ին Նյուպորտում տեղի է ունեցել երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները:

Նախագահները օգոստոսի 10-ին Սոչիում հանդիպել էին նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որտեղ հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---