Ազնավուր. Խորապես վիրավորված եմ թուրքական թերթի ստոր մանիպուլյացիայից

Ազնավուր. Խորապես վիրավորված եմ թուրքական թերթի ստոր մանիպուլյացիայից

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ հարցազրույց չի տվել թուրքական Posta թերթին, որն իր անունից հրապարակել էր պարբերականը:

«Ես հարցազրույց չեմ տվել թուրքական Posta թերթին: Խորապես վիրավորված եմ այդ ստոր մանիպուլյացիայից», ասվում է երգչի հայտարարության մեջ, որը զետեղված է նրա Ֆեյսբուք-յան էջում:

Նոյեմբերի 4-ին թուրքական Posta թերթը գրել էր, թե Շառլ Ազնավուրը Թուրքիայի Իզմիթ բնակավայրում տեղի ունեցող «Ոսկե սոսի» մրցանակաբաշխության այս տարվա դափնեկիրների թվում է: Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին այս տարի պարգևատրելու են Ստամբուլում: Թեև բուն մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ի երեկոյան, Փարիզում Թուրքիայի հյուպատոս Հաքքը Աքըլն Ազնավուրի մրցանակն արդեն նրան է հանձնել: «Իզմիթում ծնված մայրս եթե տեսներ, որ իր համաքաղաքացիներն ինձ մրցանակ են հանձնում, երջանիկ կլիներ»,- այս առթիվ ասել է Ազնավուրը, ըստ հրապարակման:

Նույն Posta-ում հրապարակված հարցազրույցում, որն իբր Ազնավուրը տվել էր թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանին, շանսոնյեն ներկայացվում է որպես մի շարք թուրքամետ հայտարարությունների հեղինակ: Ըստ հրապարակման, նա ասել էր, թե չնայած ՀՀ դեսպանն է Շվեյցարիայում, չի շարժվում Երևանի հրահանգներով: «Ես անկախ դեսպան եմ» ասել է նա:

Հայաստանի ԱԳՆ-ն հերքեց դա, հայտարարելով, որ Շվեյցարիայում ՀՀ դեսպան Ազնավուրը թուրքական որևէ թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ չի ստացել:

Շառլ Ազնավուրը նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ է: Մանուկ հասակում նա տարվել է թատրոնով, իսկ 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես եկել կաբարեում։ Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։

Մոտ հազար երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։ 1988-ի սպիտակյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը՝ Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի մշտական դեսպանն է ՅՈւՆԵՍԿՕ-ում։ 1964-ին, 1996-ին ու 2006-ին համերգներ է տվել Հայաստանում։ Գյումրիում կանգնեցված է Ազնավուրի արձանը, նրա անունով է կոչվում «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի հրապարակը:

Հոկտեմբերի 3-ին Ազնավուրը համերգով հանդես եկավ Մոսկվայում: 90-ամյա երգիչը հայտարարում է, որ մտադիր է երգել մինչև 100-ամյակը՝ նշելով, որ ապրում է ակտիվ և առողջ կյանքով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---