Մատենադարանը բազային կազմակերպության կարգավիճակ է ստացել. Վարչապետը Թուրքմենստանում է

Մատենադարանը բազային կազմակերպության կարգավիճակ է ստացել. Վարչապետը Թուրքմենստանում է

PanARMENIAN.Net - Երկօրյա աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին:Նախ կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը:

Մասնակիցներին ողջունել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը` անդրադառնալով ԱՊՀ երկրների միջև փոխգործակցության զարգացման հեռանկարներին, տնտեսական փոխգործակցության խորացմանը: Նա նշել է, որ ԱՊՀ տարածքում ներկայում ընթանում են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի քանի ծրագրեր, որոնք էապես կնպաստեն երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը: Նրա խոսքով՝ կարևոր քայլեր են իրականացվում նաև էներգետիկ ոլորտում, որոնք թույլ կտան ապահովել ԱՊՀ տարածքի էներգետիկ անվտանգությունը: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել է, որ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նիստը գործակցության համար լավ հարթակ է, որը նոր թափ է հաղորդում համատեղ ծրագրերի իրականացմանը:

«Ճանապարհային անվտանգություն՝ հանուն կյանքի անվտանգության» ճանապարհային երթևեկության անվտանգության V միջազգային կոնգրեսի ժամանակ ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ ԱՊՀ մասնակից-պետությունների միջխորհրդարանական վեհաժողովը 2015-ին ճանապարհային երթևեկության անվտանգության մոդելային օրենք կներկայացնի:

«Կարևոր է, որպեսզի ԱՊՀ երկրներից որևէ մեկում բնակվող քաղաքացին զգա նույն պայմանների առկայությունը, նույն օրենսդրական հիմքը: Դա վերաբերում է նաև ճանապարհային երթևեկության մասնակիցներին», - ասել է Մատվիենկոն` հավելելով, որ ցանկանում են ներդաշնակեցնել օրենսդրությունները, և արդեն մշակվում է ճանապարհային երթևեկության անվտանգության մոդելային օրենքը:ԱՊՀ մասնակից-պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի փորձագիտական խումբը պետք է օրենքը կմշակի 2015-ի առաջին կիսամյակից ոչ ուշ:

Կառավարությունների ղեկավարները քննարկել են ԱՊՀ շրջանակում գործակցության զարգացմանը վերաբերող շուրջ երկու տասնյակ հարց: Քննարկվել են 2011-ի հոկտեմբերի 18-ի «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրի դրույթների իրականացման ընթացքին, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում ԱՊՀ անդամ-պետությունների միջուկային և ճառագայթային անվտանգության հայեցակարգին, նավթի և նավթամթերքների շուկաներում գնագոյացման և մրցակցության իրավիճակին առնչվող հարցեր:

Հավանության են արժանացել ԱՊՀ անդամ պետությունների 2015-2016թթ. հումանիտար գործակցության բնագավառում գերակա միջոցառումների ծրագիրը, մինչև 2020-ին զբոսաշրջության ոլորտում գործակցության զարգացման ռազմավարության իրականացման 2015-2017 թթ. միջոցառումների պլանը, որի իրականացման արդյունքում նոր մակարդակի կբարձրանա բազմակողմ գործակցությունը` նպաստելով փոխադարձ զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը և ավելացմանը, ինչպես նաև միասնական ԱՊՀ զբոսաշրջային տարածաշրջանի ձևավորմանը:

Մշակույթի և արվեստի (գրավոր ժառանգության պահպանում և վերականգնում, թանգարանային գործ, մշակութային ժառանգություն, կինո, թատրոն) ոլորտներում գործող ԱՊՀ մասնակից պետությունների մի շարք կազմակերպություններին, այդ թվում Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին, շնորհվել է գրավոր ժառանգության պահպանման և վերականգնման բնագավառում բազային կազմակերպության կարգավիճակ: Ակնկալվում է, որ բազային կազմակերպության կարգավիճակի շնորհումը հնարավորություն կընձեռի ընդլայնել և ամրապնդել ԱՊՀ երկրների միջև հումանիտար գործակցությունը և իրականացնել բարձր որակավորում ունեցող մշակույթի և արվեստի ոլորտի մասնագետների ուսուցում ու վերապատրաստում:

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, որն ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցը ստեղծվել է 1921-ին՝ Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և առաջին գիտահետազոտական հաստատությունն է Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Ստորագրվել է ««Անկախ պետությունների գործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, որը պայմանավորված է ԱՊՀ երկրների միջև ձևավորված ազատ առևտրի ռեժիմը պատշաճ և արդյունավետ կիրառելու անհրաժեշտությամբ և նպատակաուղղված է ԱՊՀ երկրների տարածքում ապրանքների ազատ տեղաշարժի ապահովմանը:

Նիստում անդրադարձ է կատարվել նաև մինչև 2015-ն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից պետություններում պատերազմների վետերանների, տեղային հակամարտությունների մասնակիցների և նրանց ընտանիքների անդամների բժշկասոցիալական աջակցության հետագա զարգացման և կյանքի որակի բարելավման հիմնական ուղղությունների կատարումն ապահովող միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին, ԱՊՀ պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման և զարգացման համար 2015 թվականի հատկացումներին և այլ հարցերի:

Որոշվել է ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2015-ի մայիսի 29-ին Աստանայում:

ԱՊՀ

ԱՊՀ-ն` Անկախ Պետությունների Համագործակցությունը նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջպետական միավորում է: ԱՊՀ-ն հիմնել են Բելառուսի ԽՍՀ-ն, ՌԴ ԽՍՀ-ն և Ուկրաինայի ԽՍՀ-ն 1991-ի դեկտեմբերի 8-ին Բրեստի մերձակայքում գտնվող Վիսկուլի բնակավայրում: ԱՊՀ անդամ պետություններն են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան: Հայաստանն ԱՊՀ անդամ է 1992-ի փետրվարի 18-ից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---