Սերժ Թանկյանը Ցեղասպանության, երաժշտության ժանրերի, ՌԴ ու ստեղծագործական ծրագրերի մասին

Սերժ Թանկյանը Ցեղասպանության, երաժշտության ժանրերի, ՌԴ ու ստեղծագործական ծրագրերի մասին

PanARMENIAN.Net - 2015-ի ապրիլի 20-ին System Of A Down ռոք խումբը համերգով հանդես կգա Մոսկվայի «Օիլմպիյսկի» մարզահամալիրում: Սա հայտնի ռոք խմբի առաջին համերգը չի լինի Մոսկվայում և Ռուսաստանում: System Of A Down-ի առաջատար Սերժ Թանկյանը ROCK FM ռադիոկայանի հետ հարցազրույցում պատմել է Ռուսաստանի մասին իր հիշողությունները, ներկայացրել ստեղծագործական ծրագրերն ու աշխարհում ցեղասպանությունների խնդրի իր տեսլականը:

Հայոց ցեղասպանության մասին

Հայոց ցեղասպանության թեման շատ կարևոր է, այն պետք է ընկալվի այլ ցեղասպանությունների հետ կապի մեջ, որոնց հավանականությունը, ցավոք, բացառված չէ նաև ապագայում, ասել է Սերժ Թանկյանը: Ըստ նրա, Հայոց ցեղասպանությունն առաջին նման ողբերգությունն էր XX դարում, այդ մասին հաճախ են մոռանում: «Ինձ համար կարևոր է հասկացնել մարդկանց, որ նման ողբերգություններ կատարվում են ամբողջ աշխարհում, և դրանք չի կարելի անտեսել: Մարդկությունը պետք է համախմբված արձագանքի, կանխի նման իրադարձությունները, իսկ հիմա դա տեղի չի ունենում: Օրինակ, ցեղասպանությունը Սուդանում: Այդ երկիրն արդյունավետ առևտրատնտեսական հարաբերություններ ունի Չինաստանի հետ, և, բնականաբար, Չինաստանը դեմ էր այլ երկրների միջամտությանն այդ հակամարտությանը: Կարծում եմ, որ պետք է հստակ միջազգային վարվելակարգ լինի՝ երբ աշխարհում ինչ-որ տեղ ցեղասպանություն է իրագործվում, բոլոր ազգերը պետք է մոռանան գոնե ժամանակավորապես սեփական շահը հանուն համամարդկայինի և միասին լուծեն այդ գլոբալ խնդիրը: Ես գիտեմ, որ այս ամենն ուտոպիստական է հնչում, բայց դա միակ միջոցն է, որը կօգնի մարկությանը գոյատևել որպես տեսակ»,-ասել է Թանկյանը:

Երաժշտության ժանրերի մասին

Անդրադառնալով իր ստեղծագործական կյանքին ու պատասխանելով այն հարցին, թե որ երաժշտական ժանրն է իրեն ավելի մոտ, SOAD-ի մենակատարն ասել է, որ երաժշտությունը տարբեր զգացողություններ է առաջացնում: «Դասականը այլ զգացմունքներ է արթնացնում, ռոքը՝ այլ: Յուրաքանչյուր զգացմունք յուրովի արժեքավոր է, չի կարելի է ինչ-որ մի բան ընտրել: Ինչ վերաբերում է էքսպերիմենտներին, ապա ես շատ բան չեմ փորձել: Օրինակ, երբեք ակուստիկ ալբոմ չեմ ձայնագրել և ակուստիկ շրջագայության չեմ մեկնել…Գուցե մի օր անեմ դա հետաքրքրության համար: Ես շատ բան կուզեի անել: Օրինակ, այլ երաժիշտների հետ համատեղ աշխատել, նույնիսկ չեմ կարող դեռ ասել, թե հատկապես՝ ում: Ես երկար տարիներ երգեր եմ գրել, հիմա կոմպոզիտոր եմ դարձել: Ինձ դուր է գալիս ինչ-որ նոր բան փորձելը՝ կարելի է փոփ երգ գրել, կամ ռեգգի, օրինակ: Որպես կոմպոզիտոր ինձ համար դա մարտահրավեր է: Տարբեր ժանրերում աշխատելը հետաքրքիր է: Յուրաքանչյուր երաժիշտ կարող է ինչ-որ նոր բան ներմուծել ցանկացած ժանրում, իր մի մասնիկը տալ: Ինձ դուր են գալիս էքսպերիմենտները, եթե ոգեշնչող բան կա»:

Ռուսաստանի մասին

Սերժ Թանկյանը նշում է, որ շատ հիշողություններ ունի Ռուսաստանի հետ կապված: «Դա շատ մեծ երկիր է, անցյալ տարի ես եղա Սիբիրում՝ Եկատերինբուրգում, Նովոսիբիրսկում, Կրասնոյարսկում…Իսկ մի քանի տարի առաջ մենք շրջագայում էինք System Of A Down-ի հետ, և եղանք Անապայում: Եվ, անշուշտ, Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգը: Բոլոր այդ քաղաքներն այնքան տարբեր են: Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում ես շատ անգամ եմ եղել, իսկ ահա սիբիրյան ուևորությունս շատ հետաքրքիր էր: Մեծ տարածքներ, շատ սիրալիր մարդիկ: Շատ հետաքրքիր էր: Այնտեղ յուրահատուկ մթնոլորտ է: Սիբիրը շատ է տարբերվում Ռուսաստանի մյուս մասերից: Ուստի ինձ շատ դուր եկավ իմ վերջին շրջագայությունը Ռուսաստանում նվագախմբի հետ՝ մենք ոչ միայն ելույթներ ունեցանք Սանկտ Պետերբուրգում ու Մոսկվայում, ինչը միշտ է ուրախալի, այլ նաև այլ քաղաքներ այցելեցինք»,-ասել է նա:

Ֆանատների մասին

Այն հարցին, թե որտեղ են System Of A Down-ի ամենախենթ երկրպագուները, Թանկյանը պատասխանեց. «Բարդ հարց է: Հարավային Ամերիկայում խելահեղ ժողովուրդ է, Ռուսաստանում նույնպես: Բայց այն տարբեր է՝ տարբեր է ֆիզիկական էներգետիկան, զգացմունքային, հոգևոր…Մենք ցնցող երկրպագուներ ունենք, մենք ելույթներ ենք ունենում 1995-ից և ուր էլ գնանք, մեզ ամենուր լավ են ընդունում, դա իսկական օրհնություն է: Բայց եթե խոսելու լինենք, թե մեր որ երկրպագուներն են ամենախենթը, կարծում եմ, դա կլինի բրազիլցաի երկրպագուների ու ռուսաստանցիների միջինը:

Նոր ձայնասկավառակի մասին

Ինչ վերաբերում է նոր ձայնասկավառակի ձայնագրությանը (System Of A Down-ի վերջին «Hypnotize» ալբոմի ռելիզը եղել է 2005 թ.), ապա երաժիշտն ասաց, որ խումբը մտորում է նոր նյութի վրա. «Բայց մենք դեռ չենք սկսել աշխատանքը, այնպես որ ավելի լավ է ձեռնպահ մնամ այս հարցի շուրջ մեկնաբանություններից»:

Ապրիլի 20-ին կայանալիք մոսկովյան համերգի տոմսերի վաճառքը սկսվել է նոյեմբերի 18-ին: Դա կլինի խմբի միակ ելույթը Ռուսաստանում 2015-ին:

System Of A Down (SOAD) ռոք խումբը հայտարարել է համաշխարհային նոր շրջագայության մասին, որի առաջին համերգը կլինի դեկտեմբերի 13-ին Լոս Անջելեսի The Forum համերգասրահում: Մոսկովյան համերգը տեղի կունենա այդ համերգաշարի շրջանակում:

2015-ի ապրիլի 10-ից 20-ը խումբը համերգներ կունենա Մեծ Բրիտանիայում (10-ին), Գերմանիայում (13-ին), Ֆրանսիայում (14-ին), Բելգիայում (16-ին), Նիդերլանդներում (17-ին) ու Ռուսաստանում (20-ին):

Իսկ ապրիլի 23-ին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, խումբը բացօթյա համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (արթնացրեք հոգիները) խորագրով:

System of a Down խումբը

System of a Down խումբը հիմնվել է Լոս Անջելեսում 1995 թ-ին, ԱՄՆ գաղթած հայերի կողմից: Խումբը ձայնագրել է հինգ ալբոմ, որոնցից յուրաքանչուրը դարձավ պլատինե: 2006 թ-ն System of a Down խումբը երկարաժամկետ արձակուրդ էր վերցրել: Այդ ժամանակ մասնակիցներից յուրաքանչուրը զբաղվում էր իր սեփական նախագծերով: Վոկալիստ Սերժ Թանկյանը, որպես մենակատար թողարկել է Elect the Dead իր առաջին ալբոմը, կիթառահար Դարոն Մալաքյանը եւ թմբկահար Ջոն Դոլմայանը ստեղծեցին Scars On Brodway խումբը, որի հետ մեկ ձայնասկավառակ ձայնագրեցին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---