Ղրիմի հայերը տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարություն են ստեղծել

Ղրիմի հայերը տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարություն են ստեղծել

PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել Ղրիմի հայերի տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարություն հասարակական կազմակերպության սահմանադիր ժողովը: Տարածաշրջանային ինքնավարության կազմում ընդգրկվել է տեղական 3 ինքնավարություն՝ Սիմֆերոպոլի, Յալթային ու Կերչի: Եվս 5 ազգային-մշակութային ինքնավարություն գրանցման փուլում է գտնվում, որից հետո նրանք ևս տարածաշրջանային ինքնավարության մաս կկազմեն:

Մինչև տարեվերջ նախատեսվում է գրանցման մասին պաշտոնական հավաստագիր ստանալ Ղրիմի արդարադատության նախարարությունից, գրում է Kafanews-ը:

ՌԴ դաշնային «Ազգային-մշակութային ինքնավարության մասին» օրենքով այդպիսի հասարակական կազմակերպություններն իրավունք ունեն պահպանելու ու հարստացնելու պատմական ու մշակութային ժառանգությունը, ԶԼՄ-ներ ստեղծել, հետևել ազգային ավանդույթներին ու սովորույթներին, վերականգնել ու զարգացնել ժողովրդական արհեստները, ինչպես նաև կրթական, գիտական ու մշակութային հաստատություններ ստեղծել:

Ղրիմում հայերը բնակություն են հաստատել դեռևս 10-րդ դարից սկսած։ Հայերի կողմից ստեղծված գաղթավայրերը շուտով արագորեն բազմանում են, ընդարձակվում և նշանակալի դեր են կատարում Սև ծովի երկրների առևտրական ու տնտեսական հարաբերություններում: Պատահական չէր, որ միջին դարերում Ղրիմն անվանել են «Ծովային Հայաստան»:Արդեն 14-րդ դարում Ղրիմում հայ բնակչությունն իր թվաքանակով երկրորդն էր թաթարներից հետո։ Ղրիմահայ գաղութի կազմակերպումը սատարում է ռուսահայ թեմի առաջնորդ Հովսեփ Արղությանը, որն այդ նպատակով 1787թ. ձեռնարկում է ուղևորություն դեպի Ղրիմ։ Ուղևորությունից հետո Արղությանը ռուսական զանազան ատյաններին է ներկայացնում Ղրիմի մի շարք վայրերը, մասնավորապես Թեոդոսիա և Հին Ղրիմ կիսավեր քաղաքները հայերին տրամադրելու և Թուրքիայից դեպի Ղրիմ հայերի տեղափոխությունները խրախուսելու առաջարկություններն ու ծրագրերը։

1799թ. հոկտեմբերի 28-ին հրապարակվում է կայսերական հրավարտակը, որը առանձնաշնորհներ տալուց բացի, հայերին արտոնում է բնակություն հաստատել թերակղզում, ունենալ սեփական քաղաքապետարան։ Հին Ղրիմ քաղաքի բնակեցումը հայերով հիմնականում սկսվում է 1806-1808թթ., իսկ երկու տարի անց արդեն, քաղաքն ուներ 1640 բնակիչ: 1913-1914թթ. այն հասնում էր 14-15 հազարի, թեպետ իրականում այն ավելի էր։ Առանձին հայ մեծահարուստներ դարձել էին Ղրիմի մի շարք քաղաքների՝ Արմյանսկ, Մելիտոպոլ, Ղարասուբազար քաղաքների քաղաքագլուխներ։

Հովհաննես Այվազովսկին իրեն պատկանող Սուբաշի լճից 1887թ. Թեոդոսիա քաղաքին նվիրաբերում է օրական 50 հազար դույլ ջուր, ինչը հնարավորություն է տալիս հաջորդ տարի անցկացնել 30 կմ ջրմուղ, որը լիովին բավավարում էր քաղաքի պահանջները։ Հայազգի ինժեներ Շահվերդյանի նախագծով 1901թ. Սիմֆերոպոլում իրականացվում է արտաքին լուսավորություն։ Ղիմահայ առաջին դպրոցը հիմնվեց Ղարասուբազարում, 1816թ.: Հայկական եկեղեցիներ են կառուցվել Եվպատորիայում, Հին Ղրիմում, Արմյանսկում, Սիմֆերոպոլում, որոնց մի մասը դժբախտաբար չեն պահպանվել։ Ժամանակին Թեոդոսիայի ամենամեծ և գեղեցիկ շինություններից է համարվել Խալիբյան ուսումնարանի եռահարկ շենքը, որը Հայրենական պատերազմի ժամանակ ռմբակոծության հետևանքով լրիվ ավերվել է։ Քաղաքացիական բնույթի շինություններ են կառուցվել Սպենդիարյանների, Թոփալյանների, Սեֆերովների և այլ մեծահարուստ հայերի պատվերներով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---