Ջորջ Քլունին կայցելի Հայաստան Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում

Ջորջ Քլունին կայցելի Հայաստան Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում

PanARMENIAN.Net - Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին ապրիլին կայցելի Հայաստան: Լուրն Instagram-ի իր էջում հաստատել է System Of A Down-ի մեներգիչ Սերժ Թանկյանը.

«Լուրեր են պտտվում, թե Ջորջ Քլունին հաջորդ ապրիլին մեզ հետ մեկնելու է Հայաստան: Դա անհերքելի ճշմարտություն է»,- գրել է Թանկյանը:

Հայտնի ամերիկյան դերասան և պրոդյուսեր Ջորջ Քլունին երկու անգամ առաջադրվել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի և մեկ անգամ՝ «Օսկարի»:

Ավելի վաղ System Of A Down (SOAD) ռոք խումբը հայտարարել է համաշխարհային նոր շրջագայության մասին, որի առաջին համերգը կլինի դեկտեմբերի 13-ին Լոս Անջելեսի The Forum համերգասրահում:

Այնուհետև 2015-ի ապրիլի 10-ից 20-ը խումբը համերգներ կունենա Մեծ Բրիտանիայում (10-ին), Գերմանիայում (13-ին), Ֆրանսիայում (14-ին), Բելգիայում (16-ին), Նիդերլանդներում (17-ին) ու Ռուսաստանում (20-ին):

Իսկ ապրիլի 23-ին` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, խումբը բացօթյա համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (արթնացրեք հոգիները) խորագրով:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հաստատել է, որ համերգը տեղի կունենա Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հրավերով. համերգ-ակցիան ուղղված Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը:

«Խումբը, ինչպես գիտեք, երկար տարիներ պայքար է մղում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Նրանց արվեստը բարձր գնահատանքի է արժանացել ամբողջ աշխարհում, հատկապես երիտասարդների շրջանում: Երևանյան համերգը կկայանա միջազգային համերգաշարի շրջանակներում, որը կընդգրկի Լոնդոն, Քյոլն, Լիոն, Բրյուսել, Ամստերդամ, Մոսկվա քաղաքները»,- նշել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների գլխավոր համակարգողը` հավելելով, որ Հանրապետության հրապարակում համերգը լինելու է անվճար, մեջբերում է Tert.am-ը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ SOAD-ի համերգը Մոսկվայում տեղի կունենա «Օլիմպիյսկի» համալիրում: Տոմսերի վաճառքը մեկնարկում է նոյեմբերի 18-ին:

Սերժ Թանկյանը մշտապես ուրախացնում է իր երկրպագուներին նոր մեներգերով ու համատեղ նախագծերով: Աշնանը նա էլեկտրոնային պարային երաժշտության պրոդյուսեր Բեննի Բենասիի հետ համատեղ թողարկեց Shooting Helicopters թրեկը: Թանկյանը նաև հայտնի է իր ելույթներով սիմֆոնիկ նվագախմբի հետ: Մյուս երաժիշտները ևս նրանից հետ չեն մնում: Կիթառահար Դարոն Մալաքյանը և թմբկահար Ջոն Դոլմայանը կազմակերպել են համատեղ Scars on Broadway նախագիծը: Մինչդեռ SOAD կազմում երաժիշտները նոր ալբոմներ չեն թողարկել 2005-ից ի վեր: Այն ժամանակ նրանք թողարկեցին հինգերորդ ստուդիական «Hypnotize» ձայնասկավառակը:

Սերժ Թանկյանի վերջին համերգը Ռուսաստանում եղել է 2013-ին: Երաժիշտը հանդես եկավ Մոսկվայում սեպտեմբերի 27-ին, իսկ սեպտեմբերի 28-ին՝ Սանկտ Պետերբուրգում: Երաժիշտը նվագախմբի հետ կատարեց իր «Orca» ալբոմի ստեղծագործությունները, ինչպես նաև սիմֆոնիկ ձևաչափի համար վերամշակված «Elect the Dead» ալբոմը: 2010-ին Թանկյանը համերգով հանդես եկավ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում «Գլոբալիս» սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը հայտնի է աշխատանքով ռուս ռոք երաժիշտների հետ:

System of a Down (հաճախ կոչվում են "S.O.A.D" կամ "System") մետալ խումբ է, որը ստեղծվել է 1994 թ.-ին Լոս-Անջելեսում (Կալիֆորնիա, ԱՄՆ): Խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ), Դարոն Մալաքյանը (Տարոն Մալախյան) (կիթառ, վոկալ) և Շավո Օդաջյանը (Շավարշ Օդաջյան) (բասս կիթառ): Նրանք ընտրեցին System Of A Down անվանումը, որը հիմնված էր Դարոն Մալակյանի գրած պոեմի վրա, որը նա կոչել էր Victims Of A Down: Շուտով նրանց երաժշտությամբ հետաքրքրվում է համաշխարհային ճանաչում ունեցող պրոդյուսեր Ռիք Ռուբինը։ Տեսնելով, որ տղաներին մեծ ապագա է սպասում, նա որոշում է աջակցել նրանց՝ պայմանագրեր կնքելու Ամերիկյան հայտնի ձայնագրման ստուդիաների հետ։ System Of A Down-ը ձայնագրում է իր երրորդ ալբոմը, որն էլ նրանց բերեց համաշխարհային ճանաչում։ Խումբը սկսեց համերգային շրջագայություններ ամբողջ աշխարհով մեկ՝ հանդիսատեսների բազմահազարանոց խմբի առջև։ Խմբի բոլոր անդամները հայեր են:

Խումբը բազմաթիվ մրցույթներում դարձել է մրցանակակիր, իսկ 2006 թվականին «System Of A Down»-ը ճանաչվեց լավագույն ռոք խումը: SOAD խումբը ձայնագրել է 5 ալբոմ և վաճառել է ամբողջ աշխարհով մեկ 20 միլիոն ձայնագրություն։ System of a Down-ը հայտնի է իր յուրահատուկ քաղաքական և հասարակական ոճային ուղղվածությամբ, նրանց երգերում միշտ շոշափվում են այնպիսի հարցեր ինչպիսիք են՝ իշխանությունների անտարբերությունն ու կաշառվածությունը, մարդկային ագահությունն ու չարությունը։ Հատկանշական է նաև System of a Down-ի մոտեցումըՀայոց ցեղասպանությանը, օրինակ՝ Spiders («Սարդեր») երգը նվիրված է հենց վերոհիշյալ թեմային։ 2005թ. System of A Down-ի անդամները, իրենց Mezmerize միջազգային շրջագայության ժամանակ, հանդես են գալիս ռեժիսոր Քարլա Կարապետյանի՝ Հայոց Մեծ Եղեռնի և դարաշրջանի այլ ցեղասպանությունների մասին պատմող Screamers ("Ճչացողներ") փաստավավերագրական ֆիլմում, որը սկսվում է Թանկյանի պապիկի՝ ջարդերից մազապուրծ եղած 96-ամյա Ստեփան Հայթայանի պատմությունից։Վերամիավորվել են 2011 թվականին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---