16  19.12.14 - ՄԱԿ-ի hայաստանյան հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նշել է ՀՀ-ում իր գործունեության 20-ամյակը

#IMAGINE՝ հայկական ելևեջներով. ՅՈւՆԻՍԵՖ-ը 20 տարի Հայաստանում է (վիդեո)

#IMAGINE՝ հայկական ելևեջներով. ՅՈւՆԻՍԵՖ-ը 20 տարի Հայաստանում է

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի հայաստանյան հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) դեկտեմբերի 19-ին նշեց Հայաստանում իր գործունեության 20-ամյակը: Նույն օրը նշվեց նաև «Երեխաների իրավունքների պաշտպանության» կոնվենցիայի 25-ամյակը, որը մարդու իրավունքների պաշտպանության՝ պատմության մեջ ամենաշատ վավերացումներ անցած համաձայնագիրն է:

«Երեխաների իրավունքների կոնվենցիայի 25-ամյակը կարևոր հանգրվան է՝ տեսնելու, թե ինչ ձեռքբերումներ ենք ունեցել երեխայի իրավունքների ոլորտում, ինչպես նաև ուրվագծելու առաջընթացի մեր հետագա ուղին»,- նշեց Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը՝ հավելելով, որ վերջին 20 տարվա ընթացքում ՀՀ կառավարության և հանրային հատվածի իրենց գործընկերների հետ միահամուռ աշխատանքի շնորհիվ երեխայի իրավունքների ոլորտում Հայաստանը բավականին առաջընթաց է գրանցել. «Չնայած դրան, անելիքներ դեռ շատ կան»:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը փոխանցեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը` նշելով, որ քառորդ դար առաջ ընդունված «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիան նոր փուլ նշանավորեց երեխաների հանդեպ համընդհանուր մոտեցումների ձևավորման հարցում, և մեծապես նպաստեց երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանության առաջխաղացմանը:

«Կոնվենցիան կարելի է համարել ամենահաջող փաստաթղթերից մեկը, որին միացել են աշխարհի բազմաթիվ երկրներ: Հայաստանը կոնվենցիային միացել է 1992 թվականին: Այս ընթացքում զգալի աշխատանք է կատարվել: Երեխաների իրավունքների պաշտպանության հարցը մշտապես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Կան մի շարք ոլորտներ, որտեղ ունենք էական առաջընթաց, մասնավորապես, առողջապահության, կրթության, սոցիալական ոլորտներում»,- ասաց Վաչե Գաբրիելյանը՝ կարևորելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ աշխատանքը:

Ըստ նրա, իհարկե, առաջընթացը չի նշանակում, որ դեռ խնդիրներ չկան: Վաչե Գաբիելյանը նշեց, որ բոլոր գերատեսչությունները պետք է ջանքեր գործադրեն երեխաների իրավունքների հետագա տարածման և պաշտպանության համար:

Միջոցառմանը ՅՈւՆԻՍԵՖ-ը նաև ներկայացրեց իր նոր նախաձեռնության՝ #IMAGINE-ի հայաստանյան տարբերակը: Նախաձեռնության նպատակն է ստեղծել ամենասիրված և ոգեշնչող երգերից մեկի՝ Ջոն Լենոնի Imagine երգի ՝ աշխարհում ամենաշատ մասնակից ունեցող երաժշտական ձայնագրությունը:

Նախաձեռնությանն արդեն իսկ միացել են տասնյակ համաշխարհային աստղեր՝ Քեթի Փերին, Ուիլ-այ-Էմը, Հյու Ջեքմանը, Նիքոլ Շերզինգերը, Ադամ Լամբերտը և այլոք: Բոլոր անհատական ձայնագրություններն այնուհետև կօգտագործվեն Imagine երգի բազմալեզու տարբերակի համար, որը կստեղծվի հայտնի դիջեյ Դևիդ Գետայի կողմից և կթողարկվի 2015-ի Ամանորի գիշերվա նախաշեմին: Յուրաքանչյուր վերբեռնված ձայնագրություն նաև նպաստում է դրամական միջոցների հանգանակմանը, որի շնորհիվ 150 երկրում կիրականացվեն երեխաների պաշտպանություն և օգնություն ապահովող ծրագրեր:

Երեկոյի ընթացքում ՅՈւՆԻՍԵՖ-ը ներկայացրեց #IMAGINE-ի հայկական տարբերակի տեսահոլովակը, որի ստեղծմանն աջակցել են պրոդյուսերներ Արմեն Մարտիրոսյանն ու Հրաչ Քեշիշյանը, ինչպես նաև դիջեյ Վակցինայի կողմից ստեղծված ռեմիքս տարբերակը: Մասնակից երգիչների թվում են ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Ալլա Լևոնյանը, կանադահայ օպերային երգչուհի Իսաբել Բայրակադարյանը, Սերժ Թանկյանը, Գոռ Սուջյանը, Արտո Թունջբոյաջյանը, Տիգրան Պետրոսյանը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը:

«Լինելով 3 երեխայի մայր՝ ցանկանում եմ, որ բոլոր երեխաներն առողջ լինեն, ապրեն ընտանիքում, ունենան ներդաշնակ, ապահով կյանք»,-նշեց Ալլա Լևոնյանը՝ հավելելով, որ հիմնադրամը տարբեր ուղղություններով աշխատանքներ է իրականացնում, իսկ իր դերն էլ հիմնադրամի և հասարակության միջև միջնորդ լինելն է: Արմեն Մարտիրոսյանը ևս նշեց, որ լինելով 3 երեխայի հայր և պապիկ չի կարող անտարբեր մնալ երեխաների ապագայի հարցում.

«Նախագծի ընթացքում վերարտադրել, գործիքավորել և նոր ձևով ենք ներկայացրել աշխարհին լեգենդար Ջոն Լենոնի հայտնի Imagine երգը: Պատիվ ունեցա այդ երգին մի քիչ հայկական համ ու հոտ հաղորդել՝ չփոխելով իր սկզբնական փայլը: Կարծում եմ՝ դա ինձ հաջողվեց»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ շատ կարճ ժամանակում կարողացել են համախմբել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող կամ մշտապես բնակվող երգիչներին. նրանց բոլորին միավորել է երեխաներին օգնելու գաղափարը:

«Երգի ուղերձն այն է, որ երեխաների պատկերացրած աշխարհը մենք՝ մեծերս, չաղավաղենք, այլ այն իրականություն դրաձնենք: Չէ՞ որ մենք բոլորս մանուկ ենք եղել: Ի դեպ, նշեմ, շատ հպարտ եմ, որ ՄԱԿ-ի գրասենյակն այդպիսի վիճակագրություն է ներկայացնում: Պետք է ասեմ, որ այդպիսի երջանիկ մանկություն, որ այստեղ է, ոչ մի տեղ չեմ տեսել: Համարում եմ, որ հայ երեխան Հայաստանում իրեն շատ երջանիկ է զգում՝ անկախ դժվարություններից, սոցիալական վիճակից»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

2014-ի նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը «Երեխաների իրավունքների պաշտպանության» կոնվենցիայի 25-ամյակի առթիվ մեկնարկեց #IMAGINE համաշխարհային արշավը, որին արդեն իսկ մասնակցել են հարյուրավոր երեխաներ, ծնողներ, արվեստի գործիչներ, ինչպես նաև լրագրողներ աշխարհի տարբեր ծայրերից: Նպատակը մեկն է՝ բարձրացնել հանրության իրազեկումը երեխաների իրավունքների մասին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---