Քեսաբում իրավիճակը կայուն է. Տղամարդիկ հսկում են քաղաքը

Քեսաբում իրավիճակը կայուն է. Տղամարդիկ հսկում են քաղաքը

PanARMENIAN.Net - Վերջին օրերին հայաբնակ Քեսաբի շուրջ լարվածություն է նկատվում, և քաղաքի պատասխանատուները որոշել են Թուրքիայի սահմանին մոտ բնակվողներին ապահովության համար տեղափոխել Լաթաքիա: Նրանց մեծ մասը կանայք և երեխաներ են, իսկ տղամարդիկ շարունակում են մնալ Քեսաբում:

Այս պահի դրությամբ քաղաքում իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան: Քեսաբցիները լրատվականներին կոչ են անում զերծ մնալ չճշտված ու խուճապ առաջացնող հրապարակումներից: Նշվում է նաև, որ վերջին օրերին արաբական ԶԼՄ-ները թյուր տեղեկություն են տարածել, թե Լաթաքիայի որոշ շրջաններում սիրիական բանակի ու զնիված խմբավորումների միջև բախումներ են տեղի ունենում, գրում է Karabakh-open.info-ն:

Թեև քեսաբցիներն արդեն վերադարձել են իրենց տներն ու վերականգնել եկեղեցիներն ու դպրոցները, նրանց կրկին վտանգ է սպառնում:

Մի քանի օր առաջ հրթիռակոծվել է Քեսաբի մոտ գտնվող Լեղի ջուրի (Ֆռնլոք) անցակետը, իսկ դեկտեմբերի 23-ի գիշերը հարձակման վտանգը սպառնացել է նաև Քեսաբին: Բնակչության մեծ մասը, հատկապես կանայք ու երեխաները, լքել են Քեսաբն ու ապաստանել Լաթաքիայում: Ըստ զինվորական աղբյուրների, սահմանակից Թուրքիայի կողմում զինված ապստամբների խմբավորումներ են նկատվել:

Միևնույն ժամանակ արաբագետ Արմեն Պետրոսյանը վստահ է՝ Սիրիայում և նրա շուրջ տեղի ունեցող քաղաքական գործընթացները, երկրի տարածքում ընթացող ռազմական գործողությունների տրամաբանությունը, շրջանի աշխարհագրական դիրքը, ռազմավարական կարևորությունը և մի շարք այլ իրողությունները թույլ են տալիս պնդելու, որ քանի դեռ չի հանգուցալուծվել սիրիական հակամարտությունը, անվտանգային իրավիճակը Քեսաբում մշտապես վտանգված է լինելու:

Նրա կարծիքով՝ «Վերջին երկու ամիսների ընթացքում Սիրիայի տարածքում՝ թուրքական սահմանի երկայնքով ակտիվացած ռազմական գործողությունների տրամաբանությունը, որոնց հետևանքով սիրիական բանակի և հակակառավարական տարբեր խմբավորումների միջև դիրքային էական փոփոխություններ են գրանցվել, թույլ է տալիս կանխատեսելու, որ Քեսաբի դեմ նոր գրոհի հնարավորությունն, այնուամենայնիվ, բացառված չէ»:

«Բանն այն է, որ կառավարական ուժերն էականորեն բարելավել են իրենց դիրքերը Հալեպի նահանգում՝ հիմնականում դուրս մղելով շրջանից ընդդիմադիր տարաբնույթ խմբավորումների զինված տարրերին: Դրան հակառակ՝ իրավիճակը համեմատաբար ընդդիմության օգտին է Հալեպ և Լաթաքիա նահանգների միջև գտնվող Իդլիբի նահանգում. Հալեպից նահանջած ընդդիմադիրները, Սիրիայում «Ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «Ալ-Նուսրայի ճակատ» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության զինյալների հետ համատեղ, լուրջ գրոհ են նախաձեռնել կառավարական ուժերի վերահսկողության ներքո գտնվող մի շարք ռազմավարական օբյեկտների դեմ՝ փորձելով Հալեպում կորցրածը վերականգնել Իդլիբում, հնարավոր է՝ նաև Լաթաքիայում»,- պարզաբանել է արաբագետը:

«Այս առումով, բնականաբար, Լաթաքիա նահանգում դարձյալ ռազմական գործողությունների ակտիվացման դեպքում, հնարավոր է՝ կրկին թիրախավորվի Քեսաբը և հարակից գյուղերը՝ հաշվի առնելով շրջանի աշխարհագրական դիրքը՝ սիրիա-թուրքական սահմանի մերձկայքում գտնվելու հանգամանքը: Մինչդեռ այս պարագայում իրավիճակային էական տարբերություն կա, համեմատած մարտյան դեպքերի հետ: Նախ, Քեսաբի դեմ հնարավոր հարձակումը կարող է իրականացվել ոչ միայն հյուսիսից՝ Թուրքիայի տարածքից, ինչպես նախորդ անգամ, այլ նաև՝ արևելքից՝ Իդլիբից, որտեղ, ինչպես նշեցի, ընդդիմադիրները բավականաչափ բարելավել են իրենց դիրքերը: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ շրջանը նաև Թուրքիայի հետ սահմանը ներկայում վերահսկվում է սիրիական բանակային ստորաբաժանումների, նաև հայ կամավորների կողմից, դրան հավելած՝ բնակչության ծայրաստիճան աչալրջույթունն, ինչն էականորեն բարելավում է հնարավոր վտանգին առավել հապճեպ և համակարգված դիմագրավելու հնարավորություններն. այս հանգամանքը փաստացի ապացուցվում է Քեսաբից պարբերաբար ստացվող տեղեկություններով»,- հավելել է Պետրոսյանը, մեջբերում է Panorama.am-ը:

Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվեց ու ապաստանեց Լաթաքիայում: Քեսաբում մոտ 2,5-3 հազար հայ էր բնակվում, կա 11 հայաբնակ գյուղ, համայնքային ու կուսակցական հաստատություններ, դպրոցներ, հիվանդանոցներ: Հայկական եկեղեցու գմբեթի խաչի փոխարեն գրոհայինները սև դրոշ կանգնեցրին:

Հունիսի 16-ին Սիրիայի բանակի ու ԶՈւ գերագույն հրամանատարությունը հայտարարեց, որ մեծ թվով ավազակային կազմավորումների անդամների ոչնչացնելով ու նրանց տեխնիկան ու զենքը շարքից հանելով, բանակային ստորաբաժանումները վերականգնել են անվտանգությունն ու կայունությունը Քեսաբ քաղաքում: Հրամանատարության հայտարարության մեջ կարևորվում է այդ հաջողությունը կապված այդ բնակավայրի առանձնահատուկ աշխարհագրական դիրքի հետ, քանի որ ձախողվեց Թուրքիայի հետ սահմանին դեպի ծով ելքով պլացդարմի ստեղծումն ահաբեկիչների կողմից:

Սիրիայում արդեն 3 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 160 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---