Հունվարի 1-ից ԱԳԼՃԿ-ներին վաճառվող գազը կթանկանա

Հունվարի 1-ից ԱԳԼՃԿ-ներին վաճառվող գազը կթանկանա

PanARMENIAN.Net - Գազալցակայաններին վաճառվող գազը, ելնելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված բանաձևի, կթանկանա։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը նշել է, որ 10 հազար խմ-ից ավելի գազ օգտագործողների համար բանաձևով հաշվի է առնվում Կենտրոնական բանկի կողմից հրապարակած արժութային շուկայում ձևավորված դոլարի միջին փոխարժեքի մեծությունը։

«Հայտնի է, որ գազի գինը չի փոխվել ո՛չ սահմանի վրա, ո՛չ էլ ներքին շուկայում։ Գնի բարձրացման համար հավանաբար նկատի է առնվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սպառողներին վաճառվող սակագների մասին որոշումը, որն ընդունվել է 2013-ի հունիսի 7-ին և մինչ օրս հանրապետության ներքին սպառման շուկայում գործում են այդ գները։ Ես նորից վկայակոչում եմ հանձաժողովի որոշումը, որտեղ նշված է, որ 10 հազար խմ-ից ավելի գազ օգտագործողների համար սահմանված սակագնի բանաձևը հետևյան է՝ P= 276,98*E, որտեղ P-ն յուրքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է, E-ն յուրաքանչյուր ամսվա նախորդող ամսվա 25-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունը։ Ես կարծում եմ, երևի նկատի են ունեցել երեկ՝ դեկտեմբերի 25-ին ԿԲ-ի հրապարակած թիվը»,- ասել է նա, մեջբերում է Tert.am-ը։

Ի դեպ, գազալցակայանները «Գազպրոմ Արմենիա»–ի համար 10 հազար խմ-ից ավելի գազի սպառողներ են։

Միևնույն ժամանակ «Երկիրը» գրում է, որ եթե նոյեմբերին գազի գինը եղել է 113 դրամ, ապա 2015-ի հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենինա»-ն գազալցակայաններին գազը վաճառելու է 128 դրամով, ինչը նշանակում է, որ «Գազպրոմը» գազալցակայանների համար գազը թանկացրել է 15 դրամով:

Ըստ ԿԲ-ի ՝ նոյեմբերի 25-ին 1 դոլարը վաճառվել է 433,68 դրամով, իսկ դեկտեմբերի 25-ին դոլարի գինը սահմանվել է 459,30 դրամ։

Միևնույն ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 26-ին տարեկան ամփոփիչ ասուլիսում էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարել է, թեՀայաստանն ու Ռուսաստանը չեն կարող գազի գինը հաշվարկել ռուբլով, քանի որ դա ձեռնտու չէ: Նա նշել է, որ եթե որևէ տնտեսագետ հակառակ կարծիք կհայտնի, ապա այլևս չարժի այդ տնտեսագետի որևէ կարծիք լսել:

«Երբ ապրանքի ներմուծման գինը որևէ երկրի հետ այդ երկրի արժույթով ես իրականացնում, առաջին հայացքից թվում է, թե դա պետք է ավելի էժան լինի՝ դոլարը կփոխենք ռուբլու ու ավելի ձեռնտու կլինի, բայց որևէ երկիր այդպիսի գործարք չի կնքի, որովհետև դա որևէ մեկին ձեռնտու չէ»,-ասել է նա:

Կարեն Ճշմարիտյանն ընդգծել է, որ նման գործարքը ձեռնտու չէ նաև Հայաստանին:

«Գազի ներմուծման հետ կապված հարցերը քննարկվում են ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովում, նրանց եզրակացությունները բոլորիս հայտնի կլինի, երբ հրապարակեն»,-ասել է նա:

Վերջին շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ հնարավոր է դրամի արժեզրկման ու գնաճի ֆոնին փոխվի նաև գազի սակագինը: «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանն ավելի վաղ հայտարարել է, թե գազի սակագնի վերանայման հայտով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու անհրաժեշտություն այս պահի դրությամբ չկա:

«Ճիշտ է, ընկերությունը փոխարժեքային վնասներ է կրում, սակայն դա դեռ հիմք չի հանդիսանում հրատապ դիմելու հանձնաժողով»,- ասել է նա: Շուշան Սարդարյանի խոսքով՝ այժմ բնական գազի գործող սակագնի հիմքում ընդունված է 416,5 դրամը, և տարվա միջին փաստացի ցուցանիշը դեռևս չի գերազանցում այն:

«Մենք ևս հետևում ենք արժույթի շուկայում արձանագրված գործընթացներին, քանի որ ընկերությունը ևս իր ռիսկերը հաշվելու խնդիր ունի՝ կապված ներդրվող բնական գազի դիմաց կատարվող դոլարային վճարումների հետ»- ասել է նա:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---